Լրահոս
Օրվա լրահոսը

8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով

Հուլիս 22,2021 16:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը:
8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 50.7կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 44.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 1.7կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 4.15կմ: Ակնկալվող արդյունքն է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի համար նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 – կմ126+100 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700 – կմ167+600 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ374+000 – կմ384+300 հատվածի հիմնանորոգման, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+500 փլուզված հատվածի վերականգնման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ122+000 – կմ124+000 հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Հ-11, Մոտեցում Խոր Վիրապին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+700 հատվածի հիմնանորոգման, Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ) – Անուշավան – Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածի հիմնանորոգման և Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով` շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով նախագծին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ ճանապարհաշինարարությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այստեղ ևս մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք: Խոսքը մեր ճանապարհների որակի մասին է։ Այսօր մենք կարող ենք ասել, որ ճանապարների շինարարության որակի առումով ունենք տեսանելի առաջընթաց, բայց եկեք պարոն Պապիկյան արձանագրենք, որ մենք դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսում էինք 2018թ։ Խոսքը մեր ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է:

Ուզում եմ նաև բարձրաձայնել այն թեմաները, որոնց մասին մենք մի քանի անգամ աշխատանքային քննարկումների ժամանակ խոսել ենք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա հինգ տարիներին կառուցել 2600կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում գործող շինարարական ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագրերն ամբողջությամբ իրականացնել՝ մանրամասնելով, որ բոլ ր շինարարական կազմակերպությունները չունեն այնքան պոտենցիալ։ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է միջազգային գործընկերների ուշադրությունը այս խնդրի վրա և հրավիրել քննարկումների՝ առաջիկա հինգ տարվա այս հսկայածավալ ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ համագործակցելու։ Վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այդ շինարարական ընկերությունների հետ Հայաստան կգան շինարարական նոր ստանդարտներ, շինարարական աշխատանքի կազմակերպման նոր որակ:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը կարծիքով, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձում խոսք է գնում միջազգային գործընկերների մասին, բայց տեղական ընկերությունները տեսնելով այն մեծ պոտենցիալը, որն ընձեռվում է իրենց, պետք է ջանք գործադրեն որակի բարձրացման ուղղությամբ:

Կբարձրացվի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետությունը

Կառավարությունը որոշում է ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Այն պայմանավորված է առանձին տնտեսավարողների մոտ կորոնավիրուսի շարունակվող ազդեցության հետևանքով առաջացած ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների մեղմման, փոփոխված տնտեսական իրավիճակում վերջիններիս զարգացմանը նպաստելու և փոփոխված իրավիճակում «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է միջոցառման շրջանակներում տրամադրվող օժանդակության պայմանների վերանայում, մասնավորապես՝ 1. տնտեսավարողների շրջանակի ընդլայնում՝ ՀՀ Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող կազմակերպությունների մասով, 2. միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի օգտագործման նպատակների վերանայում՝ ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծման և գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունների սահմանում, 3. միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի նկատմամբ ներկայացվող պահանջների վերանայում՝ սահմանաչափի և տոկոսադրույքի բարձրացում, արտոնյալ ժամանակահատվածի երկարացում, միաժամանակ՝ պետության կողմից սուբսիդավորման ժամկետի կրճատում, 4. տնտեսավարողներին ներկայացվող պահանջների սահմանում՝ կորպորատիվ կառավարման համակարգի խթանման մեխանիզմերի ներդրման միջոցով։ Ակնկալվող արդյունքն է միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացում՝ շահառուների թիրախային ընտրության և վարկային միջոցների նպատակային օգտագործման մեխանիզմների մշակման միջոցով։

Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե այս ծրագրի շահառու դարձած ընկերություններն ի՞նչ են ստանում, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել է, որ եթե նախկինում սուբսիդավորվում էր ամբողջ վարկի ընթացքում տոկոսների կեսը կամ 4-12 տոկոսը տարբեր կոմպոնենտների մասով, այժմ սուբսիդավորվում է առաջին տարվա ամբողջ տոկոսը, բայց հետո դառնում է կոմերցիոն վարկ և պետք է սպասարկվի առանց կառավարության միջամտության:

Ի լրումն այս ամենի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հավելել է, որ այստեղ կա ևս մեկ բաղադրիչ՝ կապիտալի համալրման գործիք, ինչը համարել է չափազանց կարևոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031