Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որի անդամ է նաեւ ՀՀ-ն, դեռեւս 2012թ.-ին վերահաստատել է ավելի վաղ իր իսկ սահմանած չափանիշները, թե որ անձինք են համարվում քաղաքական բանտարկյալներ: Ըստ ԵԽԽՎ չափանիշների՝ ազատությունից զրկված անձինք կարող է համարվել քաղբանտարկյալ հետեւյալ դեպքերում․
-Եթե ազատազրկումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքներից ու ազատություններից որեւէ մեկի խախտմամբ (այդ թվում կարծիքի արտահայտման, տեղեկատվության, հավաքների ազատություն):
-Եթե ազատազրկումը տեղի է ունեցել քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցակազմի հետ կապ լինելու։
-Եթե քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմաններն անհամաչափ են այն հանցանքին, որի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է։
Կարդացեք նաև
-Եթե ազատազրկումն անարդար դատավարության հետեւանք է, ինչը կապված է իշխանության քաղաքական դրդապատճառների հետ, եւ եթե անձը խտրական ձեւով է ազատազրկվել՝ համեմատած այլ անձանց հետ։
Aravot.am-ն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց՝ Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններից, ըստ այս չափանիշների, կարո՞ղ ենք եզրակացնել, որ նրանք քաղբանտարկյալներ են։ «Հիմա դժվար է նման գնահատական տալ, որովհետեւ պետք է խորն ուսումնասիրություն կատարել։ Իրենց քրեական գործերին ծանոթ չեմ, ուստի հիմա դժվար է ասել։ Բացի այդ, կարեւոր է արձանագրել, որ այդ չափորոշիչներ կոչվածները սուբյեկտիվ են։ Նույն ԵԽԽՎ-ն, որը համարվում է միջպետական կառույց, իր չափանիշները պարտադիր չեն երկրների համար։ Կիրառումը կարող է լինել ընտրողաբար եւ վիճահարույց։ Այնպես որ, այսօր «քաղաքական բանտարկյալ» հասկացության գնահատականը տալիս է հասարակությունը»,-նախ նշեց Ավետիք Իշխանյանը։
Սյունիքի համայնքապետերի հանդեպ կատարվող գործընթացի վերաբերյալ նա հետեւյալ դիտարկումները հայտնեց․ «Կասկած չունեմ, որ դրանք քաղաքական հետապնդումներ են։ Բացատրեմ, թե ինչու։ Նախ, չեմ ուզում անդրադառնալ այսպես կոչված պայմանական չարաշահումներին, որոնցում համայնքապետերը մեղադրվում են, որովհետեւ չեմ հավատում ՀՀ իրավապահ կոչված մարմինների անաչառությանը։ Եթե իսկապես անկախ դատաիրավական համակարգ ունենայինք, եւ եթե ուսումնասիրվեր ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների, մարզպետարանների գործունեությունը, ապա այդ ժամանակ գուցե հնարավոր լիներ ինչ-որ եզրակացության գալ։ Բայց երբ ընդդիմադիր հայացքներով համայնքապետերի հանդեպ, իմ համոզմամբ, պատվերով քրեական գործեր են հարուցվում, սա կասկածի առիթ չի տալիս, որ սրանք քաղաքական հետապնդումներ են։ Մանավանդ, երբ հաշվի առնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շատ վատ ընդունեցին Սյունիքում, երբ վերջինս այցելել էր այդտեղ։ Հրահանգ եղավ իրավապահներին, որ պետք է պատժել, ու դա բացահայտ եղավ։ Եթե նախորդ իշխանությունը, որի օրոք նույնպես չկար անկախ դատաիրավական համակարգ, բացահայտ չէր հրահանգում, ապա այսօր դա բացահայտ եղավ։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, որ սրանք քաղաքական հետապնդումներ են»։
Մեր զրուցակիցը հավելեց․ «Մի բան էլ շեշտեմ Քարահունջի համայնքապետի հետ կապված։ Կալանավորեցին ու բաց թողեցին։ Կարեւոր խնդիր կա։ Հիմնական թիրախը, փաստորեն, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Քարահունջի համայնքապետին կալանավորեցին նրա համար, որպեսզի ցուցմունք տա Գորիսի քաղաքապետի վրա։ Փաստորեն, կալանքն օգտագործելով որպես պատիժ ու ճնշման միջոց՝ նրանից կորզել են այդ ցուցմունքը։ Այդ գործը քննում է ՀՔԾ-ն։ Հիշեք 2018թ․-ին ՀՔԾ պետի ու Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնազերծումը, որի ժամանակ ասվում էր՝ Յուրի Խաչատուրովին պետք է կալանավորել, որովհետեւ կալանավորված վիճակում կխոսի։ Այսինքն, կալանքն օգտագործել են որպես ճնշման միջոց եւ մեկ հոգու ցուցմունքով կալանավորել մյուսին։ Եվ այն հասարակական գործիչները, որոնք համարում են, թե սրանք քաղաքական հետապնդումներ չեն, ունեն մեկ անուն՝ իշխանության կողմից ստեղծված Հ/Կ-ներ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ