«Դեռեւս միավորված չեն, բայց նման գաղափար կա, եւ դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականութան մեջ։ Դա ինքնանպատակ չէ, կա հստակ տեսակետ, քննարկվել է մանրակրկիտ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնի եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորմանը։
Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա ինքնանպատակ չէ, քանի որ կան այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, եւ հիմա ավելի լավ պայմաններ են առաջարկում դրանց։
Նա ասաց, որ ենթադրվում է՝ կամերային թատրոնի շենքը կտրամադրվի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Բացառեց, որ այդ շենքը կսեփականաշնորհվի։
«Որեւիցե մեկի հաշվին որեւէ բան չի արվում, բոլորը պետական կազմակերպություններ են եւ պետությունն, ի դեմս լիազոր մարմնի, իրականացնում է քաղաքականություն, մտածելով բոլորի խնդիրների մասին։ Ի՞նչ է նշանակում ուրիշի հաշվին․․․, կներեք, որեւիցե մեկը սեփականության վկայական չունի»,-ասաց պարոն Դումանյանը, պատասխանելով հարցին՝ թե մեկի հաշվին մյուս կազմակերպությանը լավությո՞ւն են անում։
Կարդացեք նաև
Դումանյանի ներկայացմամբ՝ միավորումներ կան, որ դա փրկություն է։ Թե ի՞նչն է փրկում, ասաց՝ չի փոշիանում․ «Այս երկու կամ երեք կազմակերպությունների մասին չեմ ասում, այլ ընդհանրապես, իրավիճակներ են լինում, որ միավորումը փրկություն է։ Մեր տեսակետն այն է, որ այս պահին այս քայլը խիստ հիմնավոր է եւ բխում է ոլորտի շահերից, ենթադրվում է այս մոտեցման մեջ կլուծվի սիմֆոնիկ նվագախմբի հարցը։ Եվ այդ թատրոնն իրենց դերասաններով հանդերձ, հայտնվում են շատ ավելի լավ պայմաններում, ե՛ւ իրենց ստեղծագործական ազատությունը, ե՛ւ իրենց բեմադրություններն, ամեն ինչ իրագործելու են»։
Վահրամ Դումանյանը վստահեցրեց՝ կոլեկտիվի հետ բազմաթիվ քննարկումներ են եղել․ «Նրանց ընդհանուր մոտեցումն ընդգծված դրական է։ Մենք տեղյակ ենք, որ կան դժգոհություններ որոշակի մեր դերասանների կողմից։ Դա էլ բնական է, մարդիկ ավանդույթի, սովորույթի ուժով մի տեսակ իրենց պատկերացնում են այստեղ եւ ուրիշ ոչ մի տեղ։ Սա լիովին ընկալելի զգացումներ են, բայց պետությունը չի կարող զգայական այդ տիպի ամբիցիաների բավարարման գծով գնալ, որովհետեւ պետությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի»։
Նա վստահեցրեց, որ հաստիքների կրճատման հարց չկա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ