Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը կառուցվում է սահմաններից». Ռուբեն Բաբայան

Հուլիս 22,2021 14:08

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ պետական դրամաշնորհի շրջանակում շարունակում են իրականացվել սահմանամերձ համայնքներին եւ Արցախին առնչվող նախագծեր: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրին:

«Դժվար ժամանակներում չափազանց կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ոլորտ եւ կառույց ճիշտ գնահատի եւ որոշարկի իր պատասխանատվության ձեւը եւ չափը»,-ասաց փոխնախարարը եւ անդրադարձավ մշակութային հաստատություններին: Ընդգծեց, որ հատկապես հետպատերազմյան շրջանում չափազանց կարեւոր է սահմանամերձ շրջաններում մշակութային բովանդակության ձեւավորումը:

«Մենք սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ համայնքներ, նույնիսկ ամենահեռավոր համայնքներ: Այստեղ տիկնիկային թատրոնի փորձը շատ մեծ է: Անկախ հանրային կյանքի դրսեւորումներից` մարզային այցելությունները եղել են առաջնահերթություն: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչների» այցը Արցախ եւ Սյունիք: Երբ խոսում ենք մշակույթի թերապեւտիկ նշանակության մասին, երբեմն շատ խորը չենք ընկալում դրա իրական նշանակությունը»,-ասաց պարոն Խզմալյանը:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը (լուսանկարում) ասաց, որ ուրախ է ծրագրի իրականացման համար, հատկապես, որ թատրոնը ունի լավ փորձ ու միշտ գտնում է հնարավորություն այցելելու ամենահեռավոր վայրերը. «Այդ թվում նաեւ բազմիցս այցելել ենք Արցախ, խաղացել ներկայացումներ բոլոր մարզերում»:

Տիկնիկային թատրոնը հուլիսի 28-ից Հայաստանի սահմանամերձ քաղաքներում և Արցախում՝ Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, երեխաների համար կիրականացնի «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը: Փոքրիկները կդիտեն Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Կհանդիպեն հայ ժամանակակից հեքիաթագիր Նաիրա Եդիգարյանի հետ, այնուհետև տիկնիկավար Աղասի Մելքոնյանը կծանոթացնի տիկնիկագործության արվեստին, երեխաները կպատրաստեն իրենց առաջին տիկնիկը:

Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և Arm.Strong Production ընկերությունը օգոստոսի 1-3-ը կներկայացնեն Մարզային JAZZաֆիկացիա նախագիծը։ Օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։

Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես կգան Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում: Այս մարզերում կհնչեն Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները:

«Միշտ ասել եմ, հիմա եւս կկրկնեմ` երկիրը կառուցվում է սահմաններից: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի` անկախ նրանից, թե որտեղ է ապրում, պետք է ստանա արեւի իր բաժինը: Սա մեր պարտականությունն է: Գիտեք, որ թատրոնը հաճախակի մեկնում է նաեւ արտերկիր, մասնակցում է տարբեր հեղինակավոր փառատոների: Հավատացեք, որ սա ոչ պակաս պատվաբեր է մեզ համար, քանի որ ապացուցում է, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան թատրոնը բոլոր հայերի թատրոնն է»,-ասաց Ռուբեն Բաբայանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031