Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի համայնքապետերի դեպքում չէի շտապի «քաղբանտարկյալ» տերմինն օգտագործել»․ Վարդան Հարությունյան

Հուլիս 22,2021 13:46

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որի անդամ է նաեւ ՀՀ-ն, դեռեւս 2012թ.-ին վերահաստատել է ավելի վաղ իր իսկ սահմանած չափանիշները, թե որ անձինք են համարվում քաղաքական բանտարկյալներ: Ըստ ԵԽԽՎ չափանիշների՝ ազատությունից զրկված անձինք կարող է համարվել քաղբանտարկյալ հետեւյալ դեպքերում․

-Եթե ազատազրկումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքներից ու ազատություններից որեւէ մեկի խախտմամբ (այդ թվում՝ կարծիքի արտահայտման, տեղեկատվության, հավաքների ազատություն):

-Եթե ազատազրկումը տեղի է ունեցել քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցակազմի հետ կապ լինելու։

-Եթե քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմաններն անհամաչափ են այն հանցանքին, որի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է։

-Եթե ազատազրկումն անարդար դատավարության հետեւանք է, ինչը կապված է իշխանության քաղաքական դրդապատճառների հետ, եւ եթե անձը խտրական ձեւով է ազատազրկվել՝ համեմատած այլ անձանց հետ։

 

Aravot.am-ն իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց՝ Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններից, ըստ այս չափանիշների, կարո՞ղ ենք եզրակացնել, որ նրանք քաղբանտարկյալներ են։ «Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների դեպքում չէի շտապի «քաղբանտարկյալ» տերմինն օգտագործել։ Սա ավելի շատ հիշեցնում է ոչ թե քաղաքական հետապնդում, այլ վրեժխնդրություն»,-նախ նշեց Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով․ «Սա առաջին հերթին եւ ավելի շուտ պատասխանն է այն ընդունելության, որին արժանացավ Նիկոլ Փաշինյանը՝ ամիսներ առաջ Սյունիք այցելելով։ Այնպես որ, հարկավոր է սպասել եւ չշտապել «քաղբանտարկյալ» տերմինն օգտագործել։ Հուսանք, որ այս վրեժխնդրությունն ավարտ կունենա, եւ որ գործ կունենանք ոչ թե պատվիրված արդարադատության, այլ արդարադատության հետ։ Վրեժխնդրությունը պատվիրված է լինում»։

Նկատեցինք, որ ԵԽԽՎ-ից բացի «Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւս սահմանել է «քաղբանտարկյալ» տերմինը, ընդ որում՝ առանձին սահմանել է նաեւ «խղճի բանտարկյալ» հասկացությունը․ այդպիսիք համարվում են նրանք, ովքեր ազատազրկվել են իրենց ունեցած գաղափարների, համոզմունքների, ազգային, կրոնական, ռասայական պատկանելիության համար։ Ի պատասխան Վարդան Հարությունյանն ասաց․ «Եթե տերմինաբանության մեջ մտնենք, ապա այո, իհարկե, ձեւակերպումներով անպայման կգտնվեն կետեր, որոնք կարող են համապատասխանել չափորոշիչներին։ Բայց կրկին առաջարկում եմ չշտապել, չմտնել տերմինաբանության մեջ, որպեսզի տեսնենք, թե ինչ ավարտ կլինի։ Հույս ունեմ, որ քաղբանտարկյալ եզրույթի հետ ՀՀ-ի դեպքում այլեւս չպետք է գործ ունենանք։ Եթե իշխանությունները խոհեմ կգտնվեն, կանգ կառնեն, եւ, բնականաբար, թեման կհամարենք փակված։ Եթե կշարունակեն, իհարկե, առիթ կլինի այդ մասին խոսել։ Հիմա չէի ուզի շտապել, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե իշխանություններին, այլ Հայաստանի հանրապետությանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031