Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Գյուղերում հովիվների պակաս կա, Տաջիկստանից կամ այլ երկրներից են հովիվ բերում»

Հուլիս 22,2021 13:15

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն երեկ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ 2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը։

«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,-գրել է Վահան Քերոբյանը։

Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Քերոբյանը բերման ենթարկելու։

«Դա կատակով եմ ասել»,-պարզաբանեց պարոն Քերոբյանը։ Նա հավելեց՝ փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում կան բազմաթիվ աշխատատեղեր եւ այն մարդիկ, որոնք իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ այստեղ կկարողանան աշխատատեղեր գտնել՝ հատկապես իր նշած ոլորտներում․ «Ես գիտեմ, որ գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում գտնել, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում։ Սեւանում կա մի շատ լավ տոհմային ոչխարաբուծարան եւ իրենց հովիվ է հարկավոր, ամիսը երկու հարյուր հազար դրամով, եւ Տաջիկստանից կամ այլ երկրից են փորձում գտնել, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա Ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ նման օրինակներ կան, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում»,-ասաց Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ շատերը գերադասում են չաշխատել ու նպաստ ստանալ, այն դեպքում, երբ մեր երկրում թափուր աշխատատեղեր կան։

Արտերկրում հաջողության հասած գործարարները բերման կենթարկվե՞ն, կգա՞ն ձեր նշած ոլորտներում աշխատելու, ի պատասխան այս հարցի Վահան Քերոբյանն օրինակ բերեց էկոնոմիկայի երկու փոխնախարարներին․«Երկուսն էլ վերադարձել են արտերկրից, մեկը՝ Ռուսաստանից, մյուսը՝ Հոլանդիայից։ Իմ խորհրդականների մեջ կան Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից վերադարձած կամ հեռավար աշխատող մարդիկ, որոնք շատ-շատ են օգնում մեզ՝ փոխել նախարարության աշխատանքը եւ համահունչ ու մոտ դարձնել միջազգային չափանիշներին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կոչ անենք, որ այդպիսի խելամիտ մարդիկ, որոնք աշխարհում մրցունակ են, կայացել են մրցակցային միջավայրում, վերադառնան եւ օգնեն կառուցել մեր երկիրը»։

Նա ասաց, որ շինարարության ոլորտն էլ կարիք ունի մոդեռնիզացիայի, թվայնացման եւ արտադրողականությունը բարձրանա, այս իմաստով պետք է ներգրավել, այսպես ասած՝ միջազգային խելք․ «Եվ այդ խելքը կարող է լինի թե ազգությամբ հայ կամ այլ ազգի, մենք չպետք է խորշենք ներգրավել ազգությամբ ոչ հայ մասնագետներին եւ նախարարությունը կառավարության նոր ծրագրով էապես հեշտացնելու է բարձրակարգ մասնագետների մուտքը Հայաստան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031