Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնովիրուսով հիվանդացությամբ 48 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է․ կառավարությունը չի բացառում խստացումները

Հուլիս 22,2021 12:24

Առողջապահության նախարարության կանխատեսումներով՝ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի տեմպը շարունակվելու է մոտակա օրերին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Նա ասաց, որ ներկա պահին 3790 քաղաքացի բուժում է ստանում, որից 606-ը՝ հիվանդանոցային, նրանցից 282-ը ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 48 քաղաքացի։

«Մեր տարածաշրջանում համաճարակային վիճակը լարված է, եվրոպական որոշ երկրներում նույնպես շարունակվում է աճ գրանցվել, սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը մեծ տոկոս է, հոսպիտալացումն ու մահերը քիչ են»,-ասաց տիկին Նանուշյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ պատվաստումները պետք է ինտենսիվորեն շարունակել, փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան բարձր մակարդակի վրա պահել․«Անցյալ տարվա մայիսից որդեգրել ենք քաղաքականություն, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, ունենք նման որոշում եւ հույս ունեմ, որ գործնականում կկարողանանք իրագործել, որ մենք լոքդաունների չենք գնալու ընդհանրապես։ Բայց սա պետք է անենք համատեղ ուժերով»։

Լենա Նանուշյանն ասաց, որ օրական հինգ հազարից ավելի պատվաստումներ են կատարվում, այս թվում, ըստ փոխնախարարի, օտարերկրացիների մասնաբաժինը քիչ է։ Փաշինյանն ասաց, որ պետք է օրական վիճակագրություն վարել, թե պատվաստումների մեջ քանիսն են օտարերկրացիներ․ «Մենք պայմանավորվել ենք, որ հայաստանցիների պատվաստման օրական առնվազն հինգ հազար տեմպը պետք է պահենք»։ Նա ասաց, որ պետք է շարունակեն պետական գերատեսչություններում պատվաստումների գործընթացն առաջ տանելը, ջանք գործադրեն, որ փակ տարածքներում դիմակի կրման կանոնը պահպանեն, որպեսզի ստիպված չլինեն վարչական ներգործության գնալ․ «Եթե վիճակագրությունը ստիպի, մենք ստիպված կգնանք այդ ուղղությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031