Այս տարվա 1-ին 6 ամսում 28 միլիարդ 500 միլիոն դրամով ավելի շատ եկամտային հարկ է հավաքագրվել, քան 2018 թվականին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՊԵԿ-ի՝ աշխատատեղերի եւ աշխատավարձերի ավելացման ցուցանիշները ներկայացնելուց հետո։
Նիկոլ Փաշինյանը հիշեցեց՝ այսպիսի ցուցանիշ է արձանագրվել այն դեպքում, երբ կառավարությունը եկամտային հարկի դրուքաչափն էականորեն իջեցրել է, դարձրել է համահարթ։
«Ցավոք, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են։ Մենք ներդրեցինք միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք հեշտությամբ դառնան ավելի խոշոր եւ հաջողակ։ Նման կարգավիճակ ստանում են այն բիզնեսները, որոնք ունեն տարեկան մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն։ Այդ սեգմենտի համար տարբերակված եկամտային հարկի ցուցանիշ էինք սահմանել, էլի նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին, որ խոշորանա, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ՝ տարեկան 100 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություններն այսօր օրենսդրական փոփոխության արդյունքում օգտվելով կամ ավելի շուտ՝ չարաշահելու համար կիսվում են չորս մասի եւ դառնում չորս հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է։ Մենք այս թեմային պիտի անդրադառնանք, որպեսզի թույլ չտանք հարկային չարաշահումներ եւ մենք ունենք արդեն մշակած օրենքի նախագիծ եւ պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ։ Մեր նպատակն այն չէ, որ խոշորները տրոհվեն, դառնան մանր որպեսզի պակաս հարկ վճարեն։ Մեր նպատակը հակառակն է։ Մենք պետք է գործուն միջոցներ ձեռնարկենք հարկային չարաշահումները թույլ չտալու համար, բայց իհարկե, քննարկումները պետք է լինեն ներառական, որպեսզի մենք կարգավորումներ անելիս լինենք շատ թիրախային եւ նպատակներին հասնելու ուղիները ճիշտ պլանավորենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ