2018 թվականից հետո, երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչմանը անհամեմատ ավելի քիչ մարդիկ սկսեցին արժանանալ:
«Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ նախագահի նստավայրից հայտնեցին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանացել է ընդամենը 1 հոգի՝ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը (2018թ.):
Նույն ժամանակահատվածում, այսինքն՝ գրեթե 3,5 տարում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման էլ արժանացել է ընդամենը 7 հոգի. Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը (2019թ.), ջութակահար Սուրեն Հախնազարյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանը (2020թ.), Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Մակիչ Մարգարյանը (2020թ.), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը (2020թ.):
Ուսումնասիրելով մամուլում արված հրապարակումները և նաև նախագահի կայքում հրապարակված հրամանագրերը՝ նկատեցինք, որ օրինակ միայն 2017 թվականին ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումներին է արժանացել 20-ից ավելի անձ:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: