Կեղծ խաղաղասիրական քարոզի ֆոնին Ադրբեջանը շարունակում է ավելացնել ինչպես իր սպառազինությունները, այնպես էլ ակտիվորեն ներգրավվել ամենատարբեր զորավարժություններում։ Այս ամենին զուգահեռ մեծացնում է իր ռազմական ներկայությունն Արցախի օկուպացված շրջաններում։ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ օկուպացված Մարտունու շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի երկու նոր զորամասեր, որոնք կոչված են այդ տարածքում մարտական հերթապահություն եւ զորքերի ծառայություն կազմակերպելու, ինչպես նաեւ անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու համար։ Նշվում է, որ այլ տարածքներում եւս նոր զորամասերի շինարարությունն ընթացքի մեջ է։
Հայտնի է, որ Ադրբեջանը մասնակցելու է հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում անցկացվելիք «Agile Spirit 2021» միջազգային զորավարժություններին, որոնք Եվրոպայում ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի եւ վրացական զինված ուժերի վարժանքներ են։ Մասնակցելու են ավելի քան 2.5 հազար զինծառայողներ 15 երկրից (Վրաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Թուրքիա, Ուկրաինա, Իտալիա, Ադրբեջան եւ այլն): Նշվում է, որ «Agile Spirit»-ը կոչված է բարձրացնելու Միացյալ Նահանգների, Վրաստանի, դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների պատրաստվածությունն ու ուժերի փոխգործակցությունը։ Ընդհանուր առմամբ, զորավարժությունները տեղի կունենան Վրաստանի հինգ վայրում:
Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացման հասցեատերը Հայաստանն է։ Թվում է՝ երբեմն թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից մոռացության է մատնվում, որ այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով դիրքավորվել են ՀՀ սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սեւ լճի, նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասերում։ Թեեւ մի շարք երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Հնդկաստան, Հունաստան, քննադատության են արժանացրել Ադրբեջանի քայլերը, սկզբնական շրջանում բանակցություններ էին վարվում Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար, սակայն այդ բանակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին, եւ մենք կարծես թե համակերպվել ենք մեր տարածքների հերթական օկուպացիային։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: