Բանաստեղծ, գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանը նշում է՝ ասել, որ ողջ հասարակությունն անտարբեր է երկրում տեղի ունեցողի նկատմամբ, սխալ է:
Նա երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար կրթության դերը շատ է կարևորում: «Այո՛, կրթական համակարգը պետք է բարեփոխվի, բայց առանց մոռանալու ազգայինի գործոնը: Իսկ նման ծրագրեր կարելի է մշակել, եթե տվյալ գերատեսչությունը հաշվի առնի այդ ասպարեզում եղած մարդկանց մեծ փորձը, ծանրակշիռ հեղինակությունը, ոչ թե մտածեն, որ այդ մարդիկ «հին» են և ոչինչ չեն հասկանում իրենց «նոր» գաղափարներից»,-նշում է մեր զրուցակիցը:
Տոնոյանը «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշեց, որ մանկապատանեկան մամուլը «ստեղծելու են» գնումներով: «Մրցույթ տեղի ունեցավ, ինչ-որ մարդիկ այն շահեցին, և դպրոցներ ուղարկվեցին անգրագետ, տառասխալներով, բովանդակային առումով սխալներ պարունակող պարբերականներ: Քննադատեցի սա, բայց մինչ օրս որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Հարցը «տաք» եմ պահում, անընդհատ դիմում եմ, բայց սայլը տեղից չի շարժվում: Խնդրում ենք, որ մանկապատանեկան մամուլի ֆինանսավորման հարցը կատարվի ոչ թե գնումներով, այլ գոնե մրցութային հանձնաժողովով, այն հաշվի կառնի այդ ասպարեզում աշխատող մարդկանց փորձառությունը: Այս տարի էլ այդ քննարկումը հետաձգեցին: Գրողների միության նախագահի հետ պայքարեցինք, որ գոնե այս տարի մանկապատանեկան մամուլի խնդիրը համակարգային ձևով տեղափոխվի հանձնաժողովային քննարկման, բայց այդպես էլ ոչ մի բան տեղի չունեցավ»,-հավելում է խմբագիրը:
Որպես ԵՊՀ-ի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ պայքարել եմ, որ լեզվի ուսուցումը կամընտրական չդառնա բուհերի առաջին կուրսերում: Բայց մարդիկ անընդհատ սեղմում են՝ չկարևորելով լեզուն, հայ ժողովրդի պատմությունը:
Կարդացեք նաև
Կամ՝ պատմության չափորոշիչների հանձնաժողով են կազմել, «պատահականորեն» այն ղեկավարում է մի անձնավորություն, որը թուրքերի հետ համատեղ գիրք է հրատարակել, որտեղ Արևմտյան Հայաստանը Անատոլիա է: Այստեղ որոշ դեպքերում միտում եմ տեսնում, որոշ դեպքերում՝ չիմացություն, որոշ դեպքերում՝ նաև տգիտություն, նաև որոշ անձանց առումով տեսնում եմ, որ ծրագրային կերպով ազգային կրթության հիմքերը խարխլվում են»,-եզրափակում է Թադևոս Տոնոյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։