Լրահոս
Օրվա լրահոսը

Մենիշխանության կադրերը

Հուլիս 22,2021 10:00

Կա հայտնի պատմական օրինաչափություն. չնայած հեղափոխությունները, զուտ կարգախոսների մակարդակով, «համընդհանուր երջանկության» փաթեթի մեջ նպատակ են դնում նաեւ անձնիշխանության տապալումը, դրանց արդյունքում, ի վերջո, հաստատվում է մեկ անձի իշխանություն: Ամենահայտնի օրինակներն են Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ իրենց Կրոմվելով, Նապոլեոնով եւ Ստալինով:

Իհարկե, դա պատահում է նաեւ ավելի փոքր երկրներում եւ, համապատասխանաբար, ավելի փոքր տրամաչափի քաղաքական գործիչների հետ: Հեղափոխություն կատարած զանգվածը կարիք ունի բնականոն, հանդարտ կյանքի, որի ընթացքում ակնկալում է, որ կիրականացվեն իրենց իղձերը: Մեծամասնության իղձերի շարքում միանձնյա ղեկավարության վերացումը եւ ժողովրդավարությունն ընդհանրապես չկա: Եթե խոսենք հեղափոխական զանգվածի ոչ նյութական պահանջների մասին, ապա կարելի է ասել՝ մարդիկ ուզում են, որ հարգվի իրենց մարդկային արժանապատվությունը, որ իրենց չկեղեքեն, իրենց սեփականությանն ապօրինի չտիրանան եւ ընդհանրապես հանգիստ թողնեն: Իսկ ինչպիսին կլինի քաղաքական ռեժիմը, եւ արդյոք երկրի առաջին դեմքը կոլեկտի՞վ, թե՞ միանձնյա ղեկավարության ջատագով է, դա քաղաքացիների մեծամասնության համար չորրորդական հարց է:

Կարծում եմ, բոլոր դիտողունակ մարդիկ կհամաձայնեն, որ հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. երկրի նախորդ ղեկավարներից ոչ մեկն այնպիսի հնարավորություն չուներ միանձնյա որոշումներ ընդունելու, որքան դա կարող է անել Փաշինյանը: Իհարկե, առաջ նույնպես ամենաշատը գնահատվում էր անձնական նվիրվածությունն առաջին դեմքին, բայց համաձայնեք, որ, օրինակ, արտգործնախարար Վարդան Օսկանյանը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնուրույն մտածող մարդիկ էին, էլ չխոսենք Տեր-Պետրոսյանի զինակիցների մասին:

Հիմա ինչ-որ բան մտածել կամ առաջարկել բացարձակապես պետք չէ. Փաշինյանը, միեւնույն է, իրենը կանի. միակ բանը, որն անհրաժեշտ է, հեղափոխական բանաձեւերը կրկնելն է՝ ընդ որում, որքան «քառակուսի», դոգմատիկ եւ ագրեսիվ եղանակով է դա արվում, այնքան լավ: Բոլոր պաշտոններում, այդ թվում՝ Ազգային Ժողովում, մարդիկ նշանակվում են այդ սկզբունքով: Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար, ըստ ամենայնի, չի նշանակվի, որովհետեւ այնքան էլ չի համապատասխանում այդ պահանջներին: Իսկ եթե նշանակվի Արշակ Կարապետյանը, դա էլ է միանգամայն բացատրելի. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես ԶՈւ հետախուզության պետ իրեն, մեղմ ասած, անհաջող դրսեւորած գեներալը, խնդիրներ ունի «նախկինների» հետ, տվել է այս իշխանությանը ձեռնտու ցուցմունքներ եւ դարձել ներկայիս «արքունիքի» համար շատ ցանկալի անձնավորություն: Եվ հակառակը՝ Հայկ Մարությանը, որը չի ձախողվել որպես Երեւանի քաղաքապետ (կարելի է նրա աշխատանքը գնահատել «3+»), սկսել է ձեռք չտալ: Միապետական տրամաբանությամբ, ավելի լավ է՝ ձախողվեր եւ շարունակեր խոսել «սեւերի» եւ «սպիտակների» մասին:

Իսկ ինչպե՞ս է սպասվում միապետության քայքայումը: Բնականաբար, նույն արքունիքից: Ցանկացած Ստալինի կողքին մշտապես լինում են Բերիայի, Խրուշչովի, Միկոյանի նման մարդիկ, որոնց ինչ-որ մի պահի սկսում է մենիշխանությունը դուր չգալ: Թե ինչպես կլինի Հայաստանում՝ դժվար է ասել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031