Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ է ստացվում. կին աշխատակցին տույժ են տվել՝ աշխատանքային օրվա ընթացքում զուգարանից օգտվելու համար

Հուլիս 22,2021 14:30

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Աբովյանի նստավայրում, հայցվոր Հասմիկ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ ընկերության պատասխանատուին ներկայացրել է բացատրություն, սակայն միեւնույն է՝ նրան աշխատանքից ազատել են:

Այդ գրավոր բացատրության մեջ կին աշխատակիցը գրել է. «Ի պատասխան ձեր պահանջագրի, հիշեցնում եմ, որ բացատրություն տալու ձեր բանավոր պահանջին ես, թեկուզ եւ անհարմար զգալով, բայց բացատրել եմ բանավոր: Այն է՝ ինչպես եւ մեր հիմնարկում աշխատող բոլոր հասարակ մահկանացուները, ես աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ օգտվում եմ հարդարման սենյակից, որը գտնվում է առաջին հարկում: Այս իսկ պատճառով ձեր կողմից հիմնարկ կանչված ջրբաշխի այցելության պահին ընդունարանում ֆիզիկապես չեմ գտնվել»: «Հարդարման սենյակ» ասելով աշխատակիցը նկատի ուներ հիմնարկի զուգարանը եւ ինչ է ստացվում, մարդուն ազատել են աշխատանքի ժամին (դեռ կպարզվի՝ աշխատակցի ընդմիջման ժամին էր, թե…) զուգարանում գտնվելու՝ զուգարանից օգտվելու համար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Աբովյանի նստավայր) երեկ շարունակվեց Հասմիկ Խաչատրյանի հայցի քննությունը: Այն դատարանում ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը (լուսանկարում):
Հայցվորը՝ Հասմիկ Խաչատրյանը, 2018թ. հուլիսի 2-ին պատասխանող կողմ ճանաչված «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել է թիվ N 113 աշխատանքային պայմանագիրը, որի հիման վրա ընդունվել է աշխատանքի՝ որպես օպերատոր-գործավար:

Ըստ հայցվոր կողմի, 2021թ. դեկտեմբերի 14-ին պատասխանող ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլ. Աբրոյանը հայցվոր Հասմիկ Խաչատրյանին հրավիրել է իր գրասենյակ եւ առաջարկել գրել ազատման դիմում՝ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, ասելով՝ «այդպես է որոշված»: Հայցվորը դիմում չի գրել, Վլ. Աբրոյանը սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին. «Եթե ինքնակամ դիմում չգրեմ, ապա ինքը կստեղծի հիմքեր Հասմիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու համար»: Հետեւում է տնօրենի ժ/պ Վ. Աբրոյանի պահանջագիրը. «Ես՝ «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենի ժ/պ Վլ. Աբրոյանս, ընկերության աշխատակից Սամվել Սուքիասյանից տեղեկացա, որ նա 21.01.2021թ.-ին, աշխատանքային ժամին, առանց նախապես թույլատվություն ստանալու, մտել է տնօրենի սենյակ՝ պատճառաբանելով, որ ընդունարանում տվյալ պահին մարդ չի եղել: Այդ պահին եւ դրանից 5-10 րոպե հետո եւս ներքին հեռախոսակապով զանգահարել եմ ընդունարան, սակայն գործավար-օպերատորը կրկին տեղում չի եղել: Իմ նախնական բանավոր պահանջին տալ բացատրություն՝ գործավար-օպերատոր Հասմիկ Խաչատրյանը մերժել է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ընկերության աշխատակիցներ՝ ջրբաշխ Սամվել Սուքիասյանից եւ գործավար-օպերատոր Հասմիկ Խաչատրյանից գրավոր պահանջում եմ բացատրություն վերոգրյալի վերաբերյալ»:

Հայցվորը հունվարի 29-ին ներկայացրել է գրավոր բացատրություն, մասնավորապես նշելով հետեւյալը. «… ես աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ օգտվում եմ հարդարման սենյակից, որը գտնվում է առաջին հարկում: Այս իսկ պատճառով ձեր կողմից հիմնարկ կանչված ջրբաշխ Սամվել Սուքիասյանի այցելության պահին ընդունարանում ֆիզիկապես չեմ գտնվել»:

Գեւորգ Մարտիրոսյանն «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ակնհայտ է, որ հայցվոր Հասմիկ Խաչատրյանը որեւիցե կարգապահական խախտում թույլ չի տվել, իսկ տնօրենի ժ/պ Վլադիկ Աբրոյանը որեւէ հիմք չուներ նշվածի կապակցությամբ հայցվորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության, սակայն փետվարի 2-ին ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով եւ 223-րդ հոդվածի 1-ին մասով՝ կայացրել է թիվ 35/Կ հրամանը, համաձայն որի՝ հայցվորին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար հայտարարել է նկատողություն»:

Հիշեցնեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»: Մինչդեռ, այս հրամանից պարզ չէ, թե որ պարտականությունը հայցվորը չի կատարել զուգարան գնալիս…

Հայցվորի ներկայացուցիչը դիմելով դատարան՝ խնդրել է անվավեր ճանաչել պատասխանող «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլ. Աբրոյանի կողմից հայցվոր Հասմիկ Խաչատրյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին թիվ 35/Կ հրամանը:

Ի դեպ, հայցի ծավալի ավելացում է նախատեսել փաստաբանը՝ խտրականության հիմքով ազատումները, որին կանդրադառնամ հետագայում:
Տեղեկացնեմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին ուժի մեջ մտած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացվել է 3.1 հոդվածով, որով սահմանվել է աշխատանքային օրենսդրությամբ խտրականության արգելքը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքներից օգտվելը պետք է երաշխավորվի առանց խտրականության որեւէ հատկանիշի, ինչպիսիք են ռասան, գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական հայացքները կամ այլ համոզմունքներ, ազգային կամ սոցիալական ծագումը, առողջությունը, ազգային փոքրամասնությանը միացումը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:

Իսկ տնօրենի աշխատասենյակ մտած ջրբաշխը անհայտ հանգամանքներում է հայտնվել աշխատավայրում, քանի որ նա, ըստ աշխատակիցների, ազատվել էր աշխատանքից: Փաստաբանի միջնորդությունը նրան վկա կանչելու մասով դատարանը բավարարել է, եւ նա սեպտեմբերին նշանակված նիստին պետք է գա դատարան, բացատրի, ինչ ճնշումների, կամ փոխադարձ համաձայնության արդյունքում է եղել ջրբաշխի «վերադարձը»:

«Առավոտ» օրաթերթ
21.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031