Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան ջան, եղունգ ունես, գլուխդ քորիր

Հուլիս 22,2021 14:00

Հայաստանում այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ կարծես Ալիեւն է որոշում ու թելադրում, թե ինչ եւ ոնց անեն, մասնավորապես, վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն քանի անգամ բարձրաձանել է, որ շուտով իրենց պետք է հանձնվեն Սեւանն ու Երեւանը, քանի որ դրանք իրենց պատմական հողերն են, որոնք իրենցից խլվել է մոտ 119 տարի առաջ, չմոռանալով այդ տարածքն անվանել արեւմտյան Ադրբեջան:

44-օրյա պատերազմի սկզբում Թուրքիան եւ Ադրբեջանը չափազանց զգուշավոր էին վարում պատերազմը, ոչ մեծ քանակի զինտեխնիկա եւ ԱԹՍ-ներ էին օգտագործում հայկական զինուժի դեմ, քանզի նրանց հայտնի չէր, թե աշխարհն ինչ ռեակցիա կտար իրենց քայլերին: Նրանք վստահ չէին, որ նմանատիպ տեխնիկայի կիրառման եւ արդյունքում հայկական կողմի նման քանակի զոհերի պարագայում, գուցեեւ որոշ երկրների, ասենք, օրինակ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու կոչից եւ նրանց կողմից այն չընդունելուց հետո, դիմեին գործնական քայլերի եւ որոշակի ուժերով միջամտեին նրանց կողմից հրահրած պատերազմը կասեցնելու համար:

Պատերազմի հենց առաջին մի քանի օրվա պատկերից եւ այն հանգամանքից ելնելով, որ աշխարհի եւ ոչ մի երկիր՝ բացի սին հայտարարություններից, միտք չունի գործնականորեն միջամտելու այդ պատերազմին, նրանք չափազանց ոգեւորվեցին եւ սկսեցին շատ ավելի մեծ թափով շարունակել հարձակումը՝ ինչպես արդեն հաճախ է ասվել, գործի դնելով Թուրքիայի կողմից մատակարարվող վերջին սերնդի զինտեխնիկան եւ ԱԹՍ-ները, որոնց, իհարկե, չափազանց դժվար էր դիմակայել: Եթե սրան էլ ավելացնենք, որ հավանաբար Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կար աշխարհի բազմաթիվ գործակալությունների միջամտություններ ու համապատասխան պայմանավորվածություններ՝ Շուշիի եւ Արցախի բազմաթիվ այլ տարածքների հանձնման համար, ապա պարզ է դառնում, թե ինչու եւ ինչպես պարտվեցինք այդ պատերազմում:

Բնավ պատահական չէ ադրբեջանցիների կողմից մայիսի 12-ից մի քանի ուղղություններով առանց խոչընդոտների մուտքը Հայաստանի տարածքներ, որոնք արդեն երկու ամսից ավելի է, ինչ նրանց տիրապետության տակ են: Թվում էր, թե գոնե նոյեմբերի խայտառակ կապիտուլյացիայից հետո, զուտ հավասարակշռության առումով, աշխարհը Թուրքիային ու Ադրբեջանին ոչ մի կերպ թույլ չի տա լկտի պահելաձեւ որդեգրել, ավելին՝ մուտք գործել սուվերեն Հայաստանի տարածք եւ տիրանալ դրանց: Սակայն, հերթական անգամ սխալվեցինք եւ դարձյալ չհասկացանք, որ մեր բոլոր հարցերը մենք պետք է լուծենք եւ ծիծաղելի է, հույս դնել աշխարհի վրա, որը պետք է իր միլիարդավոր դոլարների շահը մի կողմ դնի եւ անշահախնդիր պաշտպանի քրիտոնյա Հայաստանին:

Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը 100 տոկոսով համոզված են, որ իրենք եթե անգամ փորձեն գրավել ողջ Հայաստանը, ապա աշխարհն իրեն հենց այդ կերպ է պահելու, այնպես որ, այդ հրեշները վախենալու եւ զգոնանալու ոչ մի խնդիր չունեն: Եթե սրան էլ ավելացնենք, որ Հայաստանը ոչ միայն ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլեւ լռելյայն նպաստում է այդ ամենին, ապա պարզ է դառնում Ալիեւի այն հայտարարությունը, որ Հայաստան երկիր, որպես այդպիսին, չի եղել եւ իրենք անպայմանորեն ետ են բերելու արեւմտյան Ադրբեջանը (ներկայիս Հայաստանը) եւ խաղաղություն են հաստատելու ողջ տարածաշրջանում: Անկեղծ ասած, այնքան էլ չեմ զարմանում Ալիեւի հայտարարությունների վրա, քանզի Հայաստանի ներկա վիճակն է թույլ տալիս նրան նման հայտարարություններ անելու համար:

Այս ամենին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ նրանք հեշտորեն հաղթեցին վերջին պատերազմում եւ քանի դեռ նրանց համար ստեղծվել է հարմար, բարենպաստ եւ պատեհ առիթ, ինչպես նաեւ բարեհաջող իրականացրել են փորձնական էքսպերիմենտը՝ Հայաստանի մի քանի տարածքներ ներխուժելու, գրավելու եւ տիրանալու առումով, ապա ինչու չօգտագործել հարմար պահը՝ փորձելու մաս-մաս գրավել նաեւ Հայաստանը (երկաթը տաք-տաք են ծեծում): Հայկական սփյուռքը, որը միշտ հայրենիքի կողքին է եղել, մշտապես մեկ բռունցք է դարձել՝ մարդկային եւ ֆինանսական ահռելի միջոցներով՝ նույնիսկ կյանքերի գնով սատարել է Հայաստանին, վերջին պատերազմի դասերից հետո, կարծես ձեռ է քաշել Հայաստանից, քանզի այնտեղից որեւէ գործնական համագործակցության առաջարկ չի արվում Հայաստանին՝ համատեղ ուժերով երկիրը թշնամուց մաքրելու եւ Հայաստանին ապագա կործանումից փրկելու համար:

Համոզված եմ, ինչպես աշխարհը, այնպես էլ սփյուռքը քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ որքան ռեալ են Հայաստանին սպառնացող կործանարար մարտահրավերները… Հայաստանն այսօր հայտնվել է մի այնպիսի անհասկանալի վիճակում, որ կարծես լրիվ կորցրել է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Հայաստանի պետականությունը լրիվ վտանգված է եւ եւս մի քիչ հապաղելը նրա կորուստը կլինի: Հայաստան ջան, եղունգ ունես, գլուխդ քորիր …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031