Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարիաննա Գևորգյան` օտարազգիներին հայ երաժշտության լեզվով «խոսեցնողը»

Հուլիս 22,2021 13:30

Միջազգային մրցույթներից մինչեւ Տեղերի վանքում տեղի ունեցած բացառիկ համերգ

Ճանաչված քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ Հնդկաստանի հեռուստաընկերություններից մեկի մենեջերը կապ էր հաստատել իր հետ ու խնդրել իրենց առավոտյան ծրագրի համար կենդանի կատարում եւ համառոտ տեղեկություն Հայաստանի, հայ մշակույթի ու քանոն նվագարանի մասին:

«Ես էլ մեծ սիրով համաձայնեցի հյուր լինել ու նվագեցի Ներսես Շնորհալու «Նոր Ծաղիկը» (12-րդ դար): Նկատել էին Հնդկաստանի Kalapini Sangeet Vidyalay, Pandharpur միջազգային մրցույթի կազմակերպիչները, ինչից հետո մասնակցության հրավեր էի ստացել, սակայն չէի ուզում մասնակցել, քանի որ չեմ սիրում, երբ երաժշտությունը մրցում է: Ավելի նախընտրում եմ փառատոներ: Այնուամենայնիվ, զանգահարեցին եւ խնդրեցին, որ անպայման մասնակցեմ: Մրցույթին մասնակցում էր 200-ից ավելի մասնակից տարբեր երկրներից: Ես ներկայացրել եմ կենդանի երեք կատարում Սայաթ-Նովայից: Հուրախություն ինձ` հաղթանակ գրանցեցի, արժանացա 1 մրցանակի ու հատուկ` «Երաժշտության դեսպան» մրցանակի: Ի դեպ, միակ մասնակիցն եմ, ում հատուկ մրցանակ տվեցին»,-ասաց երաժիշտը:

Նրա ձեւակերպմամբ, դա ոգեւորող իրադարձություն էր եւ խթան` մասնագիտական նոր վերելքների: «Global Cultural Initiative-ի World Folk Vision 2020 համաշխարհային մրցույթ- փառատոնի «Գլխավոր մրցանակը»` Աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում եւս անմոռանալի է: Այս մրցույթը իր մասշտաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին, մասնակցել են 115 երկրի 3950 մասնակից: Քանոնի պատմության մեջ առաջին անգամ է ազգային նվագարան քանոնը գրանցել նման հաղթանակ: Այստեղ էլ ներկայացրել եմ Սայաթ-Նովայի «Էշխեմեդ»-ը: Սա բացառիկ իրադարձություն էր, որովհետեւ գերտերությունների հայտնի արտիստների ու կոլեկտիվների հետ էի մրցում: Հաղթեցինք, քանի որ հայ ենք, միասնական ենք ու աշխարհով մեկ ու տաղանդավոր, քվեարկեցին նաեւ օտարազգիներ, եղավ ռեկորդային քվեարկություն եւ անաչառ ժյուրիի որոշմամբ գրանցվեց այն: Հաղթանակը որոշվեց ժյուրիի ու քվեարկության 50/50 արդյունքով»,-նշեց Մարիաննան:

Մեր խնդրանքով նա անդրադարձավ նաեւ օրերս Տեղերի վանքում կայացած բացառիկ համերգին, որի ընթացքում յուրահատուկ գործ է նվագել` որպես աղոթք:

«Տեղերի վանքում 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակի համերգ-խոնարհում էր: Ներկա էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան 2 խմբեր` հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար` Սեդրակ Երկանյան) եւ Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Քրիստինա Ոսկանյան): Ինձ հնարավորություն ընձեռվեց քանոնս հնչեցնել որպես աղոթք ու ուխտ` նոր հաղթանակների: Նվագեցի Սահակ Ձորափորեցու «Որ նշանավ ամենահաղթը» (7–րդ դար): Այս ստեղծագործությունը մշակել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորներից մեկը` Երվանդ Երկանյանը: Քանոնը հնչում է երգեհոնի նվագակցությամբ, տվյալ պարագայում այն բացառիկ է ու շքեղաշուք»,-ասաց երաժիշտը:

Մարիաննա Գևորգյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է հանդիպել տարբեր ազգերի երաժիշտների հետ համատեղ ելույթներին, որոնց ընթացքում յուրաքանչյուրն իր ազգային նվագարանով է ներկայանում: Խնդրեցինք այդ նախաձեռնության մասին էլ պատմել:

«Նախաձեռնեցի մի նախագիծ` «Սարի աղջիկը»: Գաղափարն այն է, որ օտարազգի երգիչներ, երաժիշտներ նվագեն եւ երգեն այս երգը հայերեն ու ճանաչեն, որ սա իսկապես հայկական է, փաստացի նոտաները գրառված են Կոմիտասի ձեռագրով 1913 թվականին: Իմ երգիչ, երաժիշտ շատ ընկերներ ուրախությամբ համաձայնեցին իրականացնել այն: Յուրաքանչյուր արտիստ շատ մեծ ոգեւորություն ու ջանասիրություն էր ցուցաբերում: Իրենց հետաքրքիր էր երգի թեման, թարգմանում էի անգլերեն, պատմում ծագումնաբանությունը եւ հայերեն բառերով երգել սովորեցնում: Բոլորը տեղյակ էին Հայաստանի պատերազմական իրավիճակից եւ յուրաքանչյուրն իր մարդասիրական քայլն էր ուզում անել: Նախագծին միացան Անգլիայից, Մեքսիկայից, Թունիսից, Վաշինգտոնից, Իրաքից, Հնդկաստանից, Մարոկկոյից, Ճապոնիայից, Կանադայից, Ավստրալիայից, Բանգլադեշից, ԱՄՆ-ից: Այս նախագծից առաջ համավարակի օրերին իրականացրել էի եւս մի նախագիծ, որն ավելի մեծ էր ու ներառում էր հայկական ստեղծագործություններ: Այդ նախագծին էլ միացան մոտավորապես 30 երկրի արտիստներ, իրենց ազգային ու ինքնատիպ նվագարաններով, եւ աշխարհը խոսեց հայ երաժշտության լեզվով»,- նշեց քանոնահարուհին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031