Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չես ճանաչում քո մշակույթը, ի՞նչ հայրենասիրության մասին կարող է խոսք լինել»

Հուլիս 22,2021 13:00

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, վիմագրագետ Արսեն Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, միջնադարյան գրավոր-մշակութային ժառանգությունն ինչո՞վ է առանձնանում։ Կարծում եմ՝ հակիրճ բնութագրումներ կունենաք։

– Գրավոր-մշակութային ժառանգությունը նախ եւ առաջ ներկայանալի է երկու հիմնական ուղղություններով՝ ձեռագրական, այսինքն՝ մատենագրական ժառանգությունը՝ անթեղված մագաղաթի եւ թղթի վրա եւ, իհարկե, վիմագրական ժառանգությունը՝ մեր քարագիր վիմագրական սկզբնաղբյուրները: Երկուսն էլ մեզ են հասել դեռեւս վաղ միջնադարից, Մեսրոպյան գրերի գյուտից անմիջապես հետո եւ իրենց բովանդակային հենքով ու հարստությամբ մեր միջնադարյան պատմության համար այն հիմնական բաղադրիչներն են, որոնցով կարողանում ենք լուսաբանել մեր միջնադարը: Վաղմիջնադարյան արձանագրությունները ներկայանալի են ոչ միայն իրենց բովանդակային կարեւորությամբ, այլ նաեւ տառաձեւերի հնագրական առանձնահատկություններով, ոճով եւ սրանք շատ հետաքրքիր են հատկապես եկեղեցական ճարտարապետության համատեքստում, քանի որ վաղմիջնադարյան երկաթագիր արձանագրությունները ոչ միայն տվյալ պատմաշրջանի կարեւոր աղբյուրներն են, այլ նաեւ տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետության անբաժանելի հարդարատարրը, այսինքն՝ արձանագրությունը դիտարկվում է նաեւ եկեղեցական ճարտարապետության, քանդակային արվեստի մի անբաժանելի մասնիկ: Նույնը կարելի է ասել նաեւ ձեռագրերի համար:

Տեսած կլինեք, բնականաբար, Մատենադարանում եւ այլ ձեռագրական պահոցներում, գրադարաններում, մեր Սուրբ Գրքերի (Աստվածաշունչ, Ավետարան), Մաշտոցների, Սաղմոսարանների էջերը, անվանաթերթերը, որոնք հարդարված են գեղեցիկ զարդագրերով, հանգուցագիր եւ թռչնագիր հարդարատարրերով, որոնք ոչ միայն ընթեցողին գեղագիտական հաճույք են պատճառում, այլեւ ուշագրավ են իբրեւ մանրանկարչական ինքնատիպ օրինակներ: Պատահական չէ, որ այսօր Մաշտոցյան Մատենադարանում ունենք առանձին բաժին, որը զբաղվում է գրչության կենտրոնների եւ այդ կենտրոններում ընդօրինակված ձեռագրերի ուսումնասիրությամբ՝ եւ գրչարվեստով, եւ մանրանկարչական հարդարատարրերով, եւ կազմի ձեւավորման ուսումնասիրությամբ: Սա է մեր միջնադարյան գրական-մշակութային ժառանգության ընդհանուր նկարագիրը, սա է այն կարեւոր մեխանիզմը, որը ներկայացնում է մեզ աշխարհին:

– Ո՞վ ենք եղել մենք` միջնադարում։

– Եթե մենք հայացք ենք նետում մեր անցյալին, տեսնում ենք, որ ունենք հսկայական պատմամշակութային ժառանգություն, արվեստի մի ամբողջ շտեմարան, որը ուսումնասիրվել, ուսումնասիրվում եւ ուսումնասիրվելու է դեռ տարիներ ու դարեր շարունակ, քանի որ այն, ինչ ավանդվել է մեր պապերի կողմից, իսկապես հսկայական է ու բազմաբովանդակ: Մեր պարտքն է դրանք ուսումնասիրելն ու ներկայացնելը գալիք սերունդներին, պետք է ստեղծենք նորը՝ արժեւորելով հինը:

Այսօր, չգիտես ինչու, մենք հեռացել ենք մեր ակունքներից եւ փորձում ենք առանց հինը ճանաչելու նորը ստեղծել ու զարգացնել: Հաճախ հրավերներ եմ ունենում դասախոսելու զբոսավարներին եւ թեպետ նրանց պատրաստվածությանն ու ճիշտ գիտելիք փոխանցելու պատրաստակամությանը, այդուհանդերձ, ինչպես իրենք են ասում, մերօրյա զբոսաշրջիկների մեծ մասը բավարարվում է ավելի թեթեւ, ոչ լուրջ, գիտական տեղեկություններով համեմված, այլ ավելի ժողովրդական, բանահյուսական նյութերով շարադրված տեքստերով: Հաճախ աղբյուրագիտական հենքը երկրորդական պլան է մղվում եւ փոխարենը շեշտը դրվում է ավանդական, ժողովրդական նյութի վրա: Անշուշտ, մեր ժողովրդական բառ ու բանը եւս շատ կարեւոր է, դրանից չպետք է հեռանանք, բայց նաեւ չպետք է անտեսել պատմական վավերագրերի հաղորդած տեղեկությունները, որոնք զբոսաշրջիկը կամ այցելուն տեսնելու է հուշարձանների որմերին եւ նրանց շուրջը:
Լուսահոգի Սամվել Կարապետյանն ասում էր, որ հայրենիքը սիրելու ամենակարեւոր պայմանն այն ճանաչելն է: Եթե չես ճանաչում քո մշակույթը՝ լայն իմաստով, ապա ի՞նչ հայրենասիրության մասին կարող է խոսք լինել:

– Իսկ հանդիպո՞ւմ եք վիճելի փաստերի ու դժվար ուսումնասիրությունների…

– Ցանկացած աշխատանք, ուսումնասիրություն ունի իր եւ հետաքրքիր կողմերը, եւ բարդությունները: Ներկա պահին զբաղվում եմ Տաթեւի վանքի ուսումնասիրությամբ եւ ամռան ամիսներին՝ 1-2 ամիս լինում եմ Տաթեւի վանական համալիրում եւ հարակից բնակավայրերում, միջնադարյան գերեզմանոցներում, ընդօրինակում եմ արձանագրությունները, լուսանկարում եմ, հոդվածներ ու հաղորդումներ հրապարակում: Հրատարակելիս արձանագրություններն անպայման գրչագրվում են, այսինքն՝ դրանք արտատպվում են թղթի վրա, որպեսզի բացի լուսանկարից, ընթերցողը հնարավորություն ունենա այդ արձանագրության ընդհանուր պատկերը տեսնել գծանկարի վրա: Այնուհետ վիմագրի վերծանությանը հետեւում է համապատասխան ծանոթագրությունը: Այս ամենն արվում է նյութը ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար:

– Ի՞նչ կասեք ուսանողության հետաքրքրված լինելու մասին:

– Հնարավորություն ունեմ շփվելու ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության ամբիոնի ուսանողների հետ, բավական հետաքրքիր եւ առաջադեմ ուսանողներ կան: Ուսանողներ ենք ունեցել, որ դաշտում կանգնել են տապանաքարի դիմաց եւ մի շնչով արձանագրությունը կարդացել: Կարեւոր է ոչ միայն ուսանողի հետաքրքրությունը տվյալ արձանագրության կամ տվյալ բնագավառի նկատմամբ, այլ մոտեցումը՝ բառանջատման, դրանք ճիշտ ընկալելու հմտությունը: Իհարկե, խիստ կարեւոր է նաեւ գրաբարի եւ միջին հայերենի իմացությունը: Վերջին շրջանում դրական միտում կա. մարդիկ ձգտում են գրքերից, ակադեմիական հրատարակություններից քաղել իրենց հետաքրքրող նյութը: Լավ սերունդ է մեծանում, հետեւաբար պետք է ջանք չխնայել նրանց ճիշտ ու համակարգված գիտելիք փոխանցելու առաքելության մեջ:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031