Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միանգամից մի քանի ներկայացման փորձ՝ «ի հեճուկս» անոմալ շոգերի

Հուլիս 22,2021 12:30

Հարցազրույց Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի հետ

– Պարոն Շահբազյան, Երեւանում օպերետի պետական թատրոն հիմնելու մասին հրամանագիրը եղավ 1941թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբներին, ինչի առիթով Ավետիք Իսահակյանն ասել էր, որ օպերետի թատրոնը կարծես ստեղծվեց ժամանակի պահանջով՝ նաեւ ծիծաղի զենքով պետք է պայքարենք անարգ թշնամու դեմ։ Թատրոնի վարագույրն առաջին անգամ բացվել է 1942թ.՝ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ 79 տարի անց, այս անգամ արցախյան երրորդ պատերազմից հետո, 2021թ. գարնանը թատրոնում բացվեց «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը՝ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով Ռաձինսկիի «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացմամբ…

– Թատերասրահը այդ բեմադրությամբ պլանավորել էինք բացել դեռեւս 2020թ. ապրիլին, հասկանալի պատճառով այն ձգվեց մինչեւ այս տարվա մայիս։

– Ընթացիկ տարվա հունվարից թատրոնը ներկայացրեց մի քանի պրեմիերա…

– Այո, հունվարին մեզ մոտ պրեմիերա էր՝ «Համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» խորագրով, որի բեմադրական աշխատանքներն իրականացվել էին 2020թ. ընթացքում։ Հաջորդեցին, ինչպես նշեցիք, մի քանի պրեմիերաներ եւս՝ Մարո Մադոյան- Ալաջաջյանի «Չինացին էլ կարող է հայ լինել» կատակերգությունը, «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում դերասանուհի Զարուհի Խաչատրյանը Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով հանդես եկավ ըստ Իսահակյանի «Զրույց սիրո մասին» մոնոներկայացմամբ, Վարդգես Բարսեղյանի ռեժիսուրայով Ժան Կոկտոյի «Նա»՝ դարձյալ մոնոներկայացմամբ, հանդես եկավ դերասանուհի Նարինե Ալեքսանյանը։ Այս անգամ ձեւաչափը այլ էր՝ հանդիսատեսը հետեւում էր ներկայացմանը՝ գտնվելով բեմում։ Ընդ որում, երկու ներկայացումները մասնակցեցին «Արմմոնո» փառատոնին (տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյան)։ «Նա»-ն ցուցադրվեց նաեւ Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

– Հավաստի՞ է մեզ հասած տեղեկությունը, թե այս պահին թատրոնում, այն էլ անոմալ շոգի պայմաններում, ընթանում են միանգամից 5 պրեմիերայի փորձեր։

– Ես հիմա կթվարկեմ՝ դուք հաշվեք (ժպտում է-Ս.Դ.)։ Ռեժիսոր Ռուզան Խաչատրյանն աշխատում է «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» բեմադրության վրա, ընթանում են Սամսոն Մովսիսյանի ռեժիսուրայով «Կոշկավոր կատուն» մյուզիքլի փորձերը՝ Վահե Հայրապետյանի երաժշտությամբ…

– Եթե չենք սխալվում, սա՝ որպես մանկական մյուզիքլ, առաջինն է ձեր թատրոնում։

– Իրավացի եք։ Ռեժիսոր Գեւորգ Դավթյանը ձեռնամուխ է եղել համաշխարհային 20 մյուզիքլներից հատվածների բեմադրության աշխատանքներին։ Առանց մանրամասնելու նշեմ, որ այն լինելու է ամբողջական ներկայացում, որին կմասնակցի թատրոնի ստեղծագործական գրեթե ողջ կազմը՝ ավելի քան 80 դերասան։ Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի, Դերենիկ Դեմիրճյանի հանրահայտ «Քաջ Նազար» ներկայացման փորձերն է անցկացնում Հակոբ Ղազանչյանը, այն զուգահեռելով Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Քաջ Նազարի թոռները» ստեղծագործության հետ։ Ղազանչյանը նաեւ աշխատում է ճանաչված դերասան Բորիս Պեպանյանի հետ՝ իտալացի հեղինակ Ալդո Նիկոլայի «Հեռագիր» մոնոներկայացման վրա։ Թվարկածներիս մի մասը կներկայացնենք մինչեւ հունվար, մյուս մասի պրեմիերաներն էլ կկայանան արդեն 2022թ. սկզբից մինչեւ գարնան վերջ։

– Օգոստոսից, բնականաբար, մեկնում եք ամառային հանգստի…

– Գալիք թատերաշրջանը կբացենք սեպտեմբերի 10-ին՝ Արտեմի Այվազյանի եւ Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացմամբ, որը 2015թ. բեմադրել է մեր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանը։ Աշնանը սպասվում է թատրոնի մասնակցությունը ավանդաբար անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնին, իսկ սեպտեմբերին կընդունենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնին, որ ամսի 16-18-ը կխաղա ըստ Նարինե Աբգարյանի համանուն վեպի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ։ Հատուկ ուզում եմ նշել այս տարվա ընթացքում մեր մարզային այցելությունների մասին։ Անպայման կլինենք Սյունիքի մարզում, հետո՝ Լոռի, Շիրակ ու Կոտայք։

– Կարծում ենք՝ արտերկրյա հյուրախաղերի հետ կապված հարցը տեղին չի լինի…

– Դա էլ կախված է «նորին գերազանցություն» քովիդից, թեեւ 2022-ին հրավեր ունենք ԱՄՆ-ից։

– Հարցը, որ պետք է ուղղենք՝ դեռեւս խոսակցությունների մակարդակով է` ԿԳՄՍ նախարարությունը սկսելու է թատրոնների օպտիմալացման ծրագիր: Հիմա էլ համացանցը ողողված է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը Պարոնյանին միացնելու մասին լուրերով… (Երեւանում գործում է 21 պետական թատրոն, իսկ մարզերում՝ 10)…

– Ձեր հարցում պատասխան կա՝ լուրերը դեռ խոսակցությունների մակարդակով են, այսինքն՝ դեռեւս հստակություն չկա։ Ի՞նչ է նշանակում՝ միավորվում են, միաձուլվում են կամ… Քանի որ դեռեւս խոսակցություններ են, ես չեմ ուզում մեկնաբանություն անել։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031