Գնդապետ Ալեքսան Մինասյանը՝ քարոզարշավի պլակատների փողը սահման ուղարկելու, պատերազմի եւ մեր բանակի թափթփվածության մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեց, որ արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել, քանի որ մենք այս թիմի իշխանության դեպքում չենք կարող ստանալ այն կարեւոր հարցերի պատասխանը, թե ինչու պատերազմում պարտություն կրեցինք, ինչու կորցրեցինք Շուշին ու Հադրութը, բազմաթիվ զոհեր ունեցանք. «Այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում Հայաստանում հնարավոր չէ ապրել համերաշխ, ներքաղաքական կյանքի պայմաններում»: Մենք տեսնում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի հատվածում լարվածություն է, կրակոցներ ու ճգնաժամային այս պայմաններում նորից հարցեր են առաջացել՝ պայմանավորված գործողություննե՞ր են սրանք, թե՞ ոչ, գործարքի մա՞ս է, թե՞ ոչ:
«Առավոտի» հետ զրույցում գնդապետ, «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանը, որը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիրն է, հարցին, թե ինքը ունի՞ պատասխաններ հատկապես Շուշիիի ու Հադրութի հետ կապված, կլինի՞ օբյեկտիվ քննություն, թե՞ այդ հարցերը կուտակվելու են ու վերածվեն նոր ճգնաժամի՝ պատասխանեց. «Դա անկանխատեսելի է: Ես իշխանություն չեմ եւ իշխանության մաս էլ չեմ ու չգիտեմ՝ իրենք կգնա՞ն այդ քայլին, որպեսզի օբյեկտիվորեն բարձրացնեն այդ հարցերը»:
Հարցին՝ որպես զինվորական ձեր մոտ այդ հարցերը առաջանո՞ւմ են՝ օրինակ, Շուշին անառիկ ամրոց էր, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեց հակառակորդի ձեռքում՝ Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, առաջանում են: Իմ տղան, ես, մենք ամբողջ ընտանիքով ենք պատերազմի դաշտում եղել: Իմ տղան եղել է վերջին մեքենայում, որը Շուշիից դուրս է եկել: Բայրաքթարը դրա առաջին մեքենան տրաքացրեց, բախտս բերեց՝ տղայիս բան չեղավ, բայց ինքն ասում էր, որ չկար զգուշություն: Հայկական համարանիշերով մեքենաներ մտնում էին Շուշի եւ ոչ մի ստուգում, կոնտրոլ չկար դրա վրա: Կարծում եմ, հենց այդ է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Տեղի ունեցավ մեր թափթփվածությունը: Իրականում մենք չաշխատեցինք, չարեցինք այն, ինչ պետք է անեինք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այսինքն, անփութության հետեւա՞նք, էր, թե՞ դավաճանություն այնուամենայնիվ կար՝ Մինասյանը պատասխանեց. «Ես ամեն դեպքում անփութությանն եմ դա վերագրում 99%-ով: Ես այդպես տեսա, իմ աչքերը, իմ սիրտը, հոգին, մարդկանց հետ խոսելը դա ցույց տվեց»:
Հարցին՝ Շուշիի գրավումը, կամ հանձնումը, որովհետեւ տեսակետ կա, որ այն հանձնվել է, ոչ թե գրավվել, փորձում են գցել տարբեր պաշտոնյաների գրպանը՝ Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան եւ այլն, դուք դա որեւէ անձի, պաշտոնյայի հետ կապո՞ւմ եք, թե՞ չէ՝ գնդապետը պատասխանեց. «Չէ, ես անձերի հետ չեմ կապում: Կապում եմ միայն նրա հետ, որ մենք չունեցանք այն որակյալ բանակը, որտեղ պետք է լիներ կարգապահություն: Իսկ կարգապահությունը ենթադրվում էր, որ պետք է լինի ստուգողական՝ կոնտրոլնի պոստ կոչվածները, որոնք պետք է օգնեին մեզ ստուգելու՝ ովքեր են մտել Շուշի, ովքեր դուրս են եկել, ինչը մենք չենք ունեցել: Ասում եմ՝ իմ ամբողջ ընտանիքը պատերազմի դաշտում է եղել: Տղաս ասում էր՝ հայր, մենք թափթփված ենք, դրանից այն կողմ էլ աշխարհ չկա թափթփվածության: Իսկ դավաճանություն է դա, թե ոչ՝ ես նման լուրջ տեղեկությունների չեմ տիրապետում»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Վերելք» կուսակցությունը 0,1 % ձայն ստացավ: Թե որն էր պատճառը՝ Մինասյանը բացատրեց քարոզարշավի բառապաշարով. ժողովուրդը չնայեց, թե ով ով է, ինչ է արել մեր պետության համար. «Իրենք ընդամենը լսում էին, թե ով լավ խոսք ասաց, ով կարողացավ իրենց ականջը շոյել»:
Հարցրեցինք՝ չկարողացա՞ք մի մուրճ, մանգաղ, կամ մի ուրիշ գործիք էլ դուք վերցնեիք, ասեիք՝ «սրա-նրա գլուխը կջարդեմ» ու շատ ձայն հավաքեիք՝ Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Չէ, ես անգամ չուզեցի սուտ խոսել: Իմ ամբողջ քարոզարշավի ժամանակ ում հետ հանդիպել եմ, փորձել եմ սուտ չխոսել: Ես քարոզարշավի գումարներն անգամ պլակատների չվերածեցի, այլ՝ ջոկատների հետ ուղարկեցի սահման: Մտածեցի՝ ավելի լավ է իմ ջոկատը սահմանում լինի, քան թե քարոզարշավի ժամանակ պլակատներ ունենամ: Պլակատը չէր որոշելու իմ հայրենիքի հարցը, իմ հայրենիքի հարցը որոշում են այն տղաները, որոնք ուզում էին իրենց ուժը, եռանդը, իրենց սերը տալ իրենց հայրենիքին»:
Դիտարկմանը, որ խորհրդարան մտան այն ուժերը, որոնք պլակատների վրա էին փող ծախսել՝ Մինասյանը պատասխանեց. «Ժողովրդին խաբելու կարիք չկա: Եթե կհասկանան՝ կհասկանան, չեն հասկանա, ուրեմն ամեն ժողովուրդ արժանի է նրան, ինչ ունի ինքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2021