Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Ես չեմ հիշում որեւէ ընտրություններ Հայաստանում, երբ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել»

Հուլիս 21,2021 23:40

ՀՀ 2-րդ նախագահ, արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է արտահերթ ընտրություններին եւ Սահմանադրական դատարանի որոշմանը։

«ես չեմ հիշում որեւէ ընտրություններ Հայաստանի հանրապետությունում, որտեղ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել, ես չեմ հիշում որեւէ ընտրություններ, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով հանդես գա ընդդիմախոսների նկատմամբ։ Չի եղել այդպիսի բան քարոզարշավի ժամանակ, չեմ հիշում նման բան ո՛չ Տեր-Պետրոսյանի կողմից, ես երբեք այդպիսի հայտարարություններ չեմ արել եւ չեմ հիշում 3-րդ նախագահի կողմից նման կարգի դրսեւորումներ։ Եւ երբ սա դատախազության կողմից համարվում է նորմալ, երբ նա խստորեն չի անդրադառնում այդ երեւույթներին, նշանակում է մեկ բան՝ սա դառնալու է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մաս։ Այդպես է լինելու եւ դրա պատասխանատվությունը Սահմանադրական դատարանի, ԿԸՀ-ի, եւ դատախազության վրա է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն այնպիսի հեշտությամբ էր տալիս կալանավորման համար համաձայնությունները, ուղղակի ապշեցուցիչ է, չկա այդպիսի մարմին, գոյություն չունի․« Եւ այս ամենը համադրելով, խոսել, որ այս իշխանությունը լեգիտիմ է, ավելորդ է։ Այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել այս ընտրությունների արդյունքում։ Այսպիսի որոշում չպետք է լիներ ՍԴ-ում։ Մամուլում եղել են հրապարակումներ, որ երեք դատավորներ դեմ էին այս որոշմանը, մյուսներին մարդկայնորեն կարելի է հասկանալ՝ այսպիսի մթնոլորտում բավարար խիզախություն չունենալը։ Բայց պրոֆեսիոնալիզմի առումով եւ երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումի տեսանկյունից, իհարկե, անթույլատրելի էր։ Նույնիսկ որոշման մեջ խստությամբ չարձանագրել որոշ երեւույթներ, անթույլատրելի է , սա նշանակում է համաձայնվել դրա հետ եւ նպաստել, որ այդ դրսեւորումները դառնան քաղաքական մշակույթի մաս»։

Հիշեցնենք, որ 2003 թվականին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, արդյունքները վիճարկվեցին դատարանում։ Այս ընտրություններում երկրորդ փուլում պայքարում էին Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանը։ Սահմանադրական դատարանը, թեեւ, ընտրության արդյունքներն անվավեր չճանաչեց, ընդունեց, որ այդ ընտրություններում հաղթել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ՍԴ-ն առաջարկել էր մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել․«Առաջարկել ՀՀ նորընտիր Ազգային ժողովին եւ ՀՀ Նախագահին՝ մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա, հոդվածի առաջին մասի պահանջներին եւ որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպում»։ Այս հանրաքվեն այդպես էլ չիրականացվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031