Հայաստանում կորոնավիրուսի առաջին իսկ դեպքերը գրանցվելուց հետո, Սպիտակի բժշկական կենտրոնը նույնպես վերապրոֆիլավորվեց: Կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանն ասում է, որ մտավախությամբ ու մեծ պատասխանատվությամբ են ընդունել լուրը, որ իրենց հիվանդանոցը նույնպես պետք է վերապրոֆիլավորվի եւ ծառայի որպես COVID կենտրոն. «Հիվանդությունը բոլորիս համար էր օտար, բոլորիս համար էր նոր եւ աշխատելն ու միաժամանակ դա ղեկավարելը մտավախություն առաջացրեց բոլորիս կողմից: Իհարկե, խնդիրներ եղան նաեւ բուժանձնակազմի կողմից, որովհետեւ ինքն այնպիսի հիվանդություն էր, որ մենք այդ քանակի ինֆեկցիոնիստներ, վիրուսոլոգներ, էպիդեմիոլոգներ չունեինք: Քովիդով պետք է աշխատեին՝ գինեկոլոգները, դիմածնոտային բժիշկները, ակնաբուժները եւ այլն»:
Սակայն վերապատրաստվելուց հետո մասնագետներն անցնում են աշխատանքի: Իսկ թիմային աշխատանքը տալիս է իր արդյունքը:
2020 թվականի հունիսի 8-ից Սպիտակի բժշկական կենտրոնն ամբողջությամբ վերապրոֆիլավորվում է: Գործող 60 մահճակալը դառնում է 100, եւս 15 մահճակալ էլ ծառայում է վերակենդանացման բաժանմունքում:
Կարդացեք նաև
Վարդուհի Սիսակյանի խոսքով՝այս պահին նկատվում է հիվանդների թվի աճ: Այժմ շուրջ 60 COVID-ով հիվանդ շարունակում է բուժում ստանալ Սպիտակի բժշկական կենտրոնում. «Իրենցից 15-ը ռեանիմացիոն են: Ավելի ծանր ու բարդ է ընթանում, ավելի երիտասարդացած է այս հիվանդությունը: Հիմնականում դիտում ենք, որ այլ սահմանը հատած մարդկանց մոտ է ավելի շատ ակտիվ այս հիվանդությունը: Անկեղծ հետքովիդյան շրջան ես չեմ տեսել, ցավոք»,- ասում է հիվանդանոցի տնօրենն ու հորդորում պատվաստվել, խուսափելու համար հետագա խնդիրներից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ