Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չհասկացանք

Հուլիս 21,2021 22:11

Տարբեր, այդ թվում արտասահմանյան, ԲՈՒՀ-երում դասերը սերտած, միջազգային սեմինարներում մասնակցած և տրված կուրսերն անգիր արած «գերազանցիկ մասնագետներն» այսօր ղեկավարում են Հայաստանի կարևոր գերատեսչությունները, կամ «անկախ» փորձագետի անվան տակ «լրջագույն» վերլուծություններ անում և խորհուրդներ տալիս իրենց պաշտելի իշխանությանը։

Որո՞նք են այդ քայլերն ու խորհուրդները․Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին։ Հայաստանի ԱԳՆ նորանշանակ նախարարի տեղակալը Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը ներկայացրել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նույն արել է դեսպանատների ռազմական կցորդներին։ Ծափահարություններ․․․

Իսկապե՞ս, դուք հավատացել և հավատում եք, որ տարբեր երկրներ, միջազգային կառույցներ, իրականում գործում են այդ նույն կառույցների կանոնակարգերով և միջազգային նորմերի սկզբունքներին համապատասխան։ Չե՞ք տեսնել և տեսնում թե աշխարհում ինչ է կատարվել և կատարվում։ Իսկապե՞ս դուք կարծում եք, թե Հայաստանում հավատարմագրված դեսպանները տեղյակ չեն իրավիճակից և այժմ տեղեկանալով «լուրջ» քայլերի կդիմեն։

Այդպես էլ չհասկացանք, որ ցանկացած պետություն առաջին հերթին իր ուժերով պետք է ամրապնդի իր երկրի անվտանգությունը։ Չհասկացանք, որ ամեն պետություն առաջնորդվում է ոչ թե հումանիզմով և «արդարությամբ», այլ միայն ու միայն իր երկրի պետական շահերով։ Չհասկացանք, որ միջազգային կառույցներն ընդամենը հարթակ են սեփական երկրի շահերի քարոզչության համար։ Չհասկացանք, որ միջազգային, այսպես կոչված նորմերը բազմակի ստանդարտներով են գործում՝ ի շահ ուժեղի։ Չհասկացանք, որ հղումները նույն տարբեր միջազգային նորմերի վրա, երբ դու և քո երկիրը պարտված, ողորմելի վիճակում եք, ընդամենը մյուս երկրների քմծիծաղին և արհամարհանքին է արժանանում։

Չհասկացանք,որ միջազգային հանրություն, որպես կուռ կառույց գոյություն չունի, որ այդ կառույցում երկրներն ունեն լուրջ հակասություններ և շահեր։ Չհասկացանք, որ եթե դու անընդունակ ես պաշտպանել քո երկիրը, քո փոխարեն այլ երկրների զինվորները չեն զոհվելու հանուն հայ բազմաչարչար ժողովրդի։ Չհասկացանք, որ եթե դու կռվում և պաշտպանում ես քո երկրի սահմաններն ու քո ժողովրդին, ապա ունենում ես դաշնակիցներ։ Չհասկացանք, որ անկախ կնքված և ստորագրված փաստաթղթերից, եթե դու ողորմելի ես, ապա չունես դաշնակից։

Չհասկացանք, որ պարտված, իր երկիրը պաշտպանելու անընդունակ ժողովրդին խղճում և արհամարհում են, հարգելով քո ուժեղ թշնամուն։ Չհասկացանք, որ լավագույն դեպքում ողորմելիին ընդամենը հումանիտար օգնություն կտրամադրեն, ոչ ավելին։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031