Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ հուլիսի 19-ին պաշտոնազրկվել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի նորընտիր տնօրեն Արմինե Գևորգյանը։
Շիրակի մարզպետի որոշման մեջ նշված է՝ չեղյալ համարել Շիրակի մարզի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի արդյունքները (Տես փաստաթղթում):
Մարզպետի այս որոշումն անչափ զայրացրել է դպրոցի կոլեկտիվին, նրանք այսօր բողոքով եղել են Շիրակի մարզպետարանում՝ պարզաբանումներ պահանջելու։ Ահազանգել էին նաև Aravot.am-ի խմբագրություն՝ մեր միջոցով երկրի նորընտիր իշխանությունից պահանջելով լինել արդարացի, արհեստական պատմություններ չստեղծել ու Շիրակի մարզում բդեշխներ չկարգել, արտոնություններ չտալ տեղի որոշ ՔՊ-ականների, որոնք ամենուր պաշտոնների են խցկում իրենց ծանոթներին ու բարեկամներին։
Կարդացեք նաև
Կոլեկտիվի անդամներից մեկը հստակեցրեց, որ խոսքը Շիրակի նախկին մարզպետ, այժմյան պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին է։ Ըստ նրանց, վերջինս ամեն ոլորտում հարց լուծող է դարձել։ Ըստ շրջանառվող լուրերի, նա այս դպրոցում ուզում է տնօրեն կարգել Գյումրու թիվ 38 դպրոցում աշխատող իր մորաքրոջը։
Կոլեկտիվի մեկ այլ անդամ՝ դպրոցի փոխտնօրեն Գևորգ Դումանյանն էլ , թեև անուն չնշեց, սակայն ասաց․ «Ես հույսեր էի փայփայում, թե 30 տարվա գաղջը հեռացել է մեր հանրապետությունից, քաղաքից։ Ցավոք սրտի, այդպես չէ, քաղաքը վերածել է բդեշխության, ու կան մարդիկ, որոնք նախկինում եղել են մարզպետ, հետո պատգամավոր ու հանկարծ որոշել են կրթության հարցերը իրենք լուծեն, նախարարից զատ, մարզպետից զատ, կրթության բաժնի պետից զատ, որոշում են՝ ով պիտի լինի դպրոցում, ով չպիտի լինի։
Ասեմ, որ սա, բացի նրանից, որ քաղաքական ենթատեքստ ունի, նեղ անձնական շահադիտական քայլեր են՝ ամեն գնով հասնել նրան, որ իրենց ցանկալի թեկնածուն դպրոցում դառնա տնօրեն։ Շրջանառվում է անուն, կա թեկնածու, իհարկե, փակագծերը շուտով կբացվեն։ Դպրոցը հետին թվով իմանում է, որ բողոքարկում կա, մրցույթի արդյունքներն են բողոքարկում, դե պատկերացրեք»։
Անձնակազմի բնութագրմամբ, Արմինե Գևորգյանը դպրոցի երկար տարիների ուսուցչուհի է՝ բարեխիղճ, նվիրված, ստեղծարար, որը զբաղեցրել է նաև փոխտնօրենի պաշտոնը՝ իր քրտինքով, առանց թիկունքի առաջ գնալով։ Կոլեկտիվի անդամները նաև նշում են, որ նա իր անձնական միջոցներն է ներդրել դպրոցի շենքի բարեկարգման գործում՝ անգամ իր ձեռքերով վերանորոգել, բանվորություն արել մասնաշենքերից մեկում։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ Արմինե Գևորգյանը տնօրեն է նշանակվել մայիսի 17-ին, սակայն հուլիսի 19-ին, այսինքն՝ երկու օր առաջ, Շիրակի մարզպետարանի կայքէջում տեղադրվել է տեղեկություն, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մայիսի 14-ին որոշում է կայացրել՝ չեղյալ համարել ապրիլի 13-ի մրցույթը։
«Այսինքն, եթե ԿԳՄՍ նախարարը մայիսի 14-ին որոշում է կայացրել, հարգարժան պարոն մարզպետը մայիսի 17-ին իմ հետ ի՞նչ հիմունքով էր կնքում աշխատանքային հինգ տարվա պայմանագիր և առանց ծանուցելու՝ հեշտությամբ լուծարում իմ հետ կնքված պայմանագիրը։ Տնօրենները վերջին շրջանակում 2,5 ամիս պիտի նշանակվեն ու հետո ազատվե՞ն»,-հարցնում է Արմինե Գևորգյանը։
Նշենք՝ նա դաշնակցական է, սակայն պնդում է, որ կոլեկտիվի անդամներից շատերը չգիտեն էլ, որ ինքը կուսակցական է։
Մեր հարցին՝ պաշտոնազրկումը որևէ կապ ունի՞ իր քաղաքական հայացքների հետ, տնօրենն անկեղծանում է՝ ասելով՝ չգիտեմ։
«Ես կուսակցական պատկանելություն ունեմ, աշխատում եմ այս դպրոցում արդեն 24-րդ ուսումնական տարում․ 1997 թվականից այս դպրոցում եմ եղել, ապրել եմ այս դպրոցի ամեն մի պատի, ծառի ու թփի հետ ու ամեն աշակերտի հոգեբանության ու նյարդային թելիկի հետ։
Այստեղ ես արդեն իմ դասավանդած աշակերտների երեխաներին եմ դասավանդում։ Սա մեկ, երկրորդը՝ իմ կոլեկտիվում կան աշխատողներ, որոնք չգիտեն, թե ես կուսակցական պատկանելություն ունեմ։ Այսինքն՝ ես դպրոցը չեմ քաղաքականացնում, իսկ եթե փորձում են կապել իմ քաղաքական հայացքների հետ, ասեմ ավելին՝ վերջին ընտրություններում ես ընդհանրապես չեմ աշխատել, չեմ ցուցաբերել ակտիվություն և հակված եմ եղել իմ դպրոցը շենացնելու», -ասում է ազատված տնօրենը։
Ինչևէ, թե ի՞նչ ընթացակարգային խախտում է տեղի ունեցել դպրոցի տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթում, որը մտաբերել են ուղիղ երկու ու կես ամիս անց, այս մասին պարզաբանումներ ներկայացրեց ինչպես Արմինե Գևորգյանն, այնպես էլ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մարիամ Ավդալյանը։
Արմինե Գևորգյանը պատմեց հետևյալը․ «2021 թվականի ապրիլի 13-ին կայացել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հաղթող ճանաչվել եմ ես․ ես հավաքել եմ 5 ձայն, մյուս մասնակիցը՝ 3 ձայն։
15 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը իմ հետ պիտի աշխատանքային պայմանագիր կնքեր։ Երկար ձգձգվելուց հետո որոշեցինք դիմել մարզպետին կամ իր օգնական, խորհրդականին՝ հասկանալու ձգձգման պատճառը։ Ես և կառավարման խորհրդի նախագահը գնացինք մարզպետարան։ Մեզ մարզպետարանում ասացին, որ մարզպետն ընդունելություն չունի՝ կապված կորոնավիրուսի հետ, ձեր հարցով դիմեք փոխմարզպետին։
Հետևելով օրվա լրահոսին՝ ես տեսա, որ մարզպետն այդ օրը ընդունել է էկոնոմիկայի նախարարին։ Եղանք մարզպետի օգնական-խորհրդական Մուրադյան Լիլիթի մոտ, կառավարման խորհրդի նախագահն հարցրեց՝ ո՞րն է խնդիրը, որ աշխատանքային պայմանագիր չի կնքվում, անկեղծացան, թե չգիտենք»։
Արմինե Գևորգյանը պատմեց, որ հաջորդ օրը որպես հաղթող թեկնածու՝ էլեկտրոնային տարբերակով դիմել է մարզպետին՝ հարցնելով, թե ինչո՞ւ իր հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվում ու մինչև իր նշանակման օրը՝ մայիսի 17-ը, որևէ պատասխան չի ստացել։
Դրանից հետո կառավարման խորհրդի նախագահը ևս էլեկտրոնային տարբերակով դիմել է մարզպետին ու դարձյալ անպատասխան է մնացել։
«Կոլեկտիվին, բնականաբար, հետաքրքիր էր՝ ինչ խնդիր կա, որ մարզպետը, ժամկետները խախտելով, չի կնքում աշխատանքային պայմանագիր։ Մենք փորձեցինք մեր շրջանակներով հետաքրքրվել, թե ի՞նչն է պատճառը, իմացանք, որ եղել է ինչ-որ ընթացակարգային խախտում։
Բայց մեզ ոչ մի գրավոր փաստաթուղթ չեն ներկայացրել՝ ոչ մի ձևով՝ ո՛չ էլեկտրոնային, ո՛չ թղթային տարբերակով։ Նույնիսկ կառավարման խորհրդի նախագահին չեն զգուշացրել, որ կա ինչ-որ ընթացակարգային խախտում։ Եվ հետո մեր շրջանակներով բանավոր իմացանք, որ կազմվել է ինչ-որ փաստաթուղթ․ մարզպետը ինչ-որ փաթեթ է պատրաստել, ուղարկվել է նախարարություն, որ այնտեղ քննեն, տեսնեն, թե ո՞րն է ընթացակարգային խախտումը։
ԿԳՄՍ նախարարությունում, որտեղ պիտի հանձնաժողով ձևավորվեր, մեր դպրոցից, ըստ կարգի, պիտի լիներ ներկայացուցիչ։ Դպրոցին չի ներկայացվել, որ փաթեթ է կազմվել, դպրոցից ներկայացուցիչ չի ընդգրկվել և հետո երկար ժամանակ անցնելուց հետո զանգեցին, թե իմ հրամանը եղել է, ու ես նշանակվել եմ մայիսի 17-ին»։
Նախկին տնօրենը պատմեց, որ դպրոցն արդեն ընկել էր բնականոն աշխատանքի մեջ, բազմաթիվ աշխատանքներ են կատարել՝ թե՛ շենքի վերանորոգման, և թե՛ կրթական ծրագրեր իրականացնելու հետ կապված, սկսվել է արձակուրդի շրջանը։
«Ամբողջ ուսուցչական կազմն այս պահին գտնվում է արձակուրդում, փուլերով են արձակուրդ գնում։ Փոխտնօրենները գնացին արձակուրդ և նրանց վերադառնալուց հետո ես՝ որպես տնօրեն, ցանկություն ունեի հանգստանալու, որովհետև ինձ՝ որպես տնօրեն, սպասում էր առաջին սեպտեմբերը, շատ պատասխանատու օր։
Գրություն եմ ուղարկել մարզպետարան, որ ցանկություն ունեմ արձակուրդ գնալու, ինձ այնտեղից պատասխանում են՝ ձեր հետ խնդիր կա, դուք չեք կարող արձակուրդ գնալ։
Ես ասացի՝ ի՞նչ խնդիր կա, ասին՝ մենք ձեզ տեղյակ կպահենք և նույն օրը՝ հուլիսի 19-ին, օրվա երկրորդ կեսին ինձ զանգ են տալիս, թե որոշում է ընդունված, որ դուք ազատված եք աշխատանքից։ Ես ասում եմ ՝ի՞նչ որոշում, դուք ինձ ծանուցե՞լ եք հավուր պատշաճ ժամանակահատվածում։ Ասում են՝ բա եկեք, տեղում կիմանաք։ Հեռախոսն անջատեցին, երկու րոպե անց ինձ ասացին՝ դուք եղեք դպրոցում, ձեր որոշումը կբերենք դպրոց։
Լիազոր մարմնի չորս ներկայացուցչի հետ եկան դպրոց, տվեցին որոշումը, հարցնում եմ՝ ի՞նչ հղում եք դրել, ո՞ր կետով, բա կկարդաք, կտեսնեք, կպարզաբանեք և այլն։ Ու այս ամենը մենք փորձեցինք լիազոր մարմնի ներկայացուցչի հետ պարզաբանել, որ սա հնուց եկած ինչ-որ մի բան է, որը ունեցավ իր հանգուցալուծումը։ Մենք ասացինք՝ տեղյակ ենք, որ եղել է ընթացակարգային խախտում։ Մենք ևս մեկ անգամ կառավարման խորհրդի նախագահի և տնտեսական գծով տնօրենի տեղակալի հետ եղել ենք կրթության վարչությունում, մեզ ասել են՝ ամեն ինչ կհարթվի, ամեն ինչ կանցնի, ամեն ինչ լավ է և որ այդ ընթացակարգային խախտումը, որը ընդամենը մեկ օրվա հետ է պայմանավորված, էական ազդեցություն չի թողնի, դուք հանգիստ եղեք, ձեր հրամանը կգա։
Այդ ամենը մենք լիազոր մարմնի ներկայացուցչին բացատրում ենք, իրենք էլ, թե դա որտեղի՞ց եք իմացել, ասում ենք՝ եթե մեզ ինչ-որ հարց կա հետաքրքիր ու հուզում է, անպայման հետևից կգնանք․ կոլեկտիվը սպասում էր, երկար ժամանակ տնօրենը չի ընտրվում, մարզպետն իր անգործունակությունն էր ցույց տալիս, ցույց է տալիս կարգի խախտումներ, ոչ պատշաճ ծանուցում է ինձ, ժամկետներ է խախտում, բնականաբար մենք մեր հարցի հետևից գնացինք։ Ստեղծվեց խուճապային մի բան,որ այ քեզ բան՝ դուք գիտեք, մենք չգիտե՞նք, ասացի՝ մտեք ձեր փաստաթղթերը նայեք, գուցե տեսնենք ինչ-որ մի բան, եթե ես գիտեմ դա, դուք էլ կիմանաք։
Ու այդ շրջանում տաք քննարկումներ, մեկ էլ անմիջապես հուլիսի 19-ին էլեկտրոնային կայքում կախվեց մայիսի 14-ի որոշումը, որ մայիսի 14-ին ԿԳՄՍ նախարարը որոշում է կայացրել ապրիլի 13-ին չեղյալ համարել մրցույթը։ Այսինքն, ԿԳՄՍ նախարարը մայիսի 14-ին որոշում է կայացրել, հարգարժան պարոն մարզպետը մայիսի 17-ին իմ հետ պայմանագիր է կնքել»։
Այսօր կոլեկտիվը, տեղեկանալով տնօրենի ազատման մասին, գնացել է մարզպետարան, որտեղ և նրանց պատասխանել են՝ այո՛, իրենք սխալ են եղել, որ մայիսի 14-ի որոշումը կախվել է հուլիսի 19-ին ու տեղեկացրել են, թե հավակնորդներից մեկը բողոքարկել է։ Սա ևս հարուցել է կոլեկտիվի զարմանքը, նրանք հարցնում են՝ ինչո՞ւ են այդ մասին 2,5 ամիս հետո իմանում և եթե չգային մարզպետարան, գուցե և չիմանայի՞ն։
«Էսօր են իմանում, որ հավակնորդներից մեկը բողոքել է։ Այսինքն՝ տնօրենին նշանակում են՝ նախարարի որոշումը շրջանցելով, աշխատանքային պայմանագիրը կնքում են հինգ տարով, թողնում են, որ տնօրենի լիցենզիայի ժամկետը լրանա։ Իրենք անգիր գիտեն, որ իմ լիցենզիայի ժամկետը մայիսի 25-ն էր, որպեսզի գար, հասներ այդ ամենը, որպեսզի ինձ նշանակեին, երկու ամիս աշխատեի ու հիմա իմ լիցենզիայի ժամկետը լրանալով՝ թողեցին այս ամենը, որ անցնի, ու հիմա իրենք փորձում են հրավիրել կառավարման խորհրդի նիստ, որ նոր մրցույթ լինի։ Իհարկե, այս ամենը մենք դատարանում կվիճարկենք», -ասում է Արմինե Գևորգյանը։
Կառավարման խորհրդի նախագահ Մարիամ Ավդալյանն էլ, որը ընտրվել է դեկտեմբերի ամսին, քանի որ անդամներից մեկը կորոնավիրուսից մահացել էր, մեզ պարզաբանեց հետևյալը․
«Իմ հրամանը չի տրվել ամբողջ հունվար ամսվա ընթացքում, փետրվարի սկիզբ նոր ինձ հրաման են տվել։ Ես չգիտեմ՝ սա խախտո՞ւմ է, թե՞ խախտում չէ, եթե խախտումներից են խոսում, մի քիչ էլ մյուս խախտումները եկեք մեջբերենք, հա՞։ Եթե մեկ օրը խախտում է, առավել ևս 30-40 օրը խախտում է։
Ինչևէ, ընտրվել եմ խորհրդի նախագահ, նախկին տնօրենը գնացել էր վաստակած հանգստի, նոր տնօրեն պիտի ունենայինք և ընտրության կարգը պիտի հրապարակվեր։ Մարզպետարանի աշխատակից Մանուկյան Մանուկը նիստերին ներկա է գտնվել, բերել է վերջնական հաշվարկված, թղթի վրա գրված, իրենց ձեռագրով, կրթության վարչության աշխատակից Ստամբոլցյան Արմենի հետ է հաշվարկել, ամեն դպրոցում հաշվարկված ուղարկում են մրցույթի օրը։
Բերել են նիստի ժամանակ, որին ներկա էին յոթ հոգի, եթե գործը դրան հասնի, բոլորը կփաստեն, ասել է՝ կառաջնորդվեք իմ տված օրերով, ոչ մի խախտում այստեղ չեք անի, որ օրը դրված է, այդպես կանենք։ Նույնիսկ մի գյուղի օրինակ բերեց, թե մրցույթը մի օր ավել, պակաս էին արել, գլխացավանքի մեջ հայտնվեցինք։ Տեղում նույն պահին ես արագ հեռախոսով բացեցի օրացույցը, այնտեղ աչքս ընկավ, որ տրված էր ամսի 4-ը Զատիկի օր։ Ես տեսա կիրակի է, տեղում ասի՝ Զատիկի օր է նշված, կիրակի է, միգուցե դուք էլ եք սխալ, բոլորս էլ մարդ ենք վերջը, իրավունք ունենք սխալվելու։
Ինքն ասաց՝ ո՛չ, ինչպես որ կա, այդպես կանենք, երկրորդ անգամ մեր մյուս խորհրդի անդամը մուտքի մոտ նորից իջեցրել է գրած թուղթը, նորից հարցրել է ՝Զատիկի օրը կիրակի է, հաշվելո՞ւ ենք, ինքը պատասխանել ՝ այո, այդ հաշվարկով եք անելու մրցույթը։
Ըստ հաշվարկի, մենք ամեն ինչ, որ օրով, ինչ որ տրված է արել ենք, ամսի 1-ին , 3-ին է , 6-ին է, 10-ին է, հայտարարությունը, նախարարին զեկուցելը, մի խոսքով քայլ առ քայլ արել ենք։ Եթե այստեղ ընթացակարգի խախտում է, հիմա նոր են ինձ ասում, ամիս 12-ին ես նախարարին գրություն եմ ուղարկել , որ 13-ին մրցույթ է, ձեր ներկայացուցիչն ուղարկեք։
Թող այդտեղ կանգնեցնին, ասեին՝ սխալ եք, ընթացակարգը խախտում եք, դրանից մեկ շաբաթ առաջ եմ տեղեկացրել նույն նախարարին, որ իր գրած օրերով ենք մենք առաջնորդվում։ Ոչ թե հասանք 13-ին, իրենց ուղարկած մարդը եկավ նախարարությունից, մրցույթը կայացավ նորմալ պայմաններում։
Այս պահի դրությամբ ես ոչ մի դիմում-բողոք չեմ ստացել, ես չեմ գիտեցել, որ ինչ-որ մեկը բողոքել է կամ ինչ-որ խախտումով է կատարվել։ Էսօր նոր մարզպետարանում ասում են՝ բողոք կա, մի՞թե դա իրավացի է։ Եթե մայիսի 14-ի որոշումը կախվում է հուլիսի 19-ին, ապա չենք զարմանա, որ հետին թվով բողոքներ սարքվեն ու կախվեն, ես որպես նախագահ՝ տեղյակ չեմ եղել, որ բողոքարկում կա, իշխանությունն իրենց է, իրենց է պատկանում», -ասում է կառավարման խորհրդի նախագահ Մարիամ Ավդալյանն
Նա նշում է, որ մայիսի 7-ին էլ գրություն է ուղարկել մարզպետին, թե ինչու են ձգձգում տնօրենի նշանակումը, սակայն պատասխան չի ստացել։ Ըստ նրա, եթե բողոք կար, թող այդ ժամանակ պատասխանեին, թե բողոք կա, կամ գործը քննվում է Երևանում։ Թեև, ըստ մեր զրուցակցի, եթե գործը պիտի քննվեր, ապա ինչու են կարգ խախտում ու դպրոցից ներկայացուցիչ չեն հրավիրում։ Ըստ կառավարման խորհրդի նախագահի, այդպես էլ չկարողացան իրենց պարզաբանել,թե ինչ ընթացակարգային խախտման մասին է խոսքը։
Դպրոցի անձնակազմը հույս ունի, որ հարցը օբյեկտիվ լուծում կստանա իրավական հարթությունում։
Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք ինչպես Շիրակի մարզպետից, այնպես էլ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանից։ Ի դեպ, այս պատգամավորի անունը կապվում է բազմաթիվ նման պատմությունների հետ․ չկա որևէ ոլորտ, որտեղ ամենավատ շեշտադրմամբ չշրջանառվի նրա անունը։ Վերջինս, ըստ մեզ հասնող տեղեկությունների, դարձել է Գյումրիի տարբեր հիմնարկների համար ղեկավարներ փնտրող ու նշանակող։
Ցանկալի է, որ Կարեն Սարուխանյանը նաև պարզաբանումներ ներկայացնի, թե ինչպես է Գյումրու Էնիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկան «բարեկամախեղդ» արել, տարբեր կառույցներում այս երեք տարվա ընթացքում իր ընկերներին, հարազատներին աշխատանքի տեղավորել, անգամ չի մոռացել զոքանչին Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետի աշխատանքի տեղավորելուց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ