Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» պարի դպրոցը Դիլիջանում մեկնարկեց իր տարեվերջյան համերգների շարքը։
Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» պարի դպրոցի գեղարվեստական ղեկավար, Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համերգները ամբողջ տարվա իրենց կատարած աշխատանքի ամփոփումն են․
«Մասնակցում են 5-17 տարեկան աշակերտները։ Դիլիջանի ամֆիթատրոնում տեղի ունեցած համերգին այս անգամ պարել են մոտ 180 աշակերտ, որոնց շարքում էին նաև Իջևանի մասնաճյուղի մեր սաները։ Երեխաները ներկայացրեցին տարբեր երկրների ժողովրդական, ազգային պարերը, ինչպես նաև եղան ժամանակակից պարի համարներ»։
Կարդացեք նաև
Դպրոցի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ ծնողների խնդրանքով դպրոցն այս տարվա հունվարից մասնաճյուղ է բացել նաև Իջևան քաղաքում, որտեղ հուլիսի 23-ին հանդես կգա տարեվերջյան ամփոփիչ համերգով․
«Մենք 2020 թվականին դեռ նախատեսում էինք Տավուշի բոլոր մեծ քաղաքներում համերգային միջոցառումներ անցկացնել, սակայն կորոնավիրուսային համաճարակը և պատերազմը թույլ չտվեցին իրականացնել շրջայցերը և նախատեսված համերգները իրականացվում են այս տարի։
Այս ամիս պատրաստվում ենք հանդես գալ Իջևան քաղաքում, սեպտեմբերին՝ Բերդ քաղաքում, իսկ հոկտեմբերին՝ Նոյեմբերյան քաղաքում»։
Գրիգորյանի փոխանցմամբ համերգները լինելու են անվճար և նպատակ ունեն Տավուշի մարզում բարձրացնել արվեստի հանդեպ ուշադրությունը և սերը։
Սաթենիկ Հովսեփյան