Այսօր դատարանը քննում է Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության իրավաչափության եւ կալանքի միջնորդության հարցերը։ Նրա պաշտպան Գոռ Միքայելյանի խոսքով, Ռոբերտ Սուքիասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց իր կողմից կատարված գործողությունները, կոնկրետ կրակոց արձակելը, այո ընդունում է.
«Ես որպես իրավաբան գտնում եմ, որ այդ գործողությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում: Դրա համար մեղադրանքը հիմնավոր չենք համարում, հետեւաբար գտնում ենք, որ կալանավորման միջնորդությունն էլ հիմնավոր չէ: Այո, կրակել է, ուղղակի այլ հանգամանքներում, պաշտպանության հանգամանքներում»:
Ըստ պաշտպանի, Ռոբերտ Սուքիասյանին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել. «Այդ գործողություններն իրենցից խուլիգանություն չեն ներկայացնում: Հետեւաբար, գտնում ենք, որ մեղադրանքն ապօրինի է: Ես միայն կարող եմ ասել, որ պարոն Սուքիասյանը եւ ներկայացրել է իր գործողությունները, եւ ներկայացրել է զենքը, որը օրինական զենք է: Այսինքն` նա հնարավորինս փորձել է խոչընդոտել նախաքննությանը, նաեւ աջակցել է»:
Գործը քննելու է դատավոր Վաչե Մարգարյանը։ Պաշտպանն ասաց, որ այսօրվա դատավարությունից մեծ սպասելիքներ ունի. «Որովհետեւ այստեղ կա ձեւավորված պրակտիկա, մինչեւ Վճռաբեկ դատարան հասած դիրքորոշում, որ այն պայմաններում, որ պայմաններում հիմա քննվում է կալանավորման միջնորդությունը, անձն ուղղակի չի կարող կալանավորվել: Էլ չեմ խոսում հիմնավոր կասկածի եւ կալանավորման հիմքերի մասին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երեւանի կենտրոնում մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, ինչի արդյունքում մասնակիցներից մեկը կրակել է մյուսի վրա։ Միջադեպի մասնակիցներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ