Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն ասում է՝ եթե ինքը չանի մեր ասածները, այս երկաթյա բռունցքը նորից կիջնի իր գլխին». Էդգար Ղազարյան

Հուլիս 21,2021 18:13

«Իրադարձությունները միայն Հայաստանում չեն ծավալվում, որ մենք բավարարվենք միայն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ դառնալու լուսաբեր ավետիսով: Իրադարձությունները տեղի են ունենում մեր վրա ազդող մեր տարածաշրջանում: ԵՄ խորհրդի նախագահը Հայաստան չէր այցելել, ինչպես ներկայացրեց մամուլը, տարածաշրջա՛ն էր այցելել: Ադրբեջանի նախագահը այցելեց Մոսկվա: Ընդ որում, ես հետեւել եմ պաշտոնական լրահոսին ու ուշադիր եմ դիվանագիտական ձեւակերպումներին, նա գնաց նախագահ Պուտինի հրավերով, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի պարագայում նախաձեռնությունը եղել է հայկական կողմից»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա ասաց, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են կայանում ու պլանավորվում են նոր զորավարժություններ, իսկ մեր երկրի վարչապետի պաշտոնակատարը այդ ընթացքում կարմիր ժապավենով մուրճով շրջում է մարզերում. «Երբ ժամանակին մենք խոսում էինք Տիգրանաշենի հետ կապված վտանգների, այսպես կոչված անկլավների, սահմանագծման, սահմանազատման, դրանք ադրբեջանապատկան դարձնելու հանցավոր ծրագրերի մասին, ոչ ոք չի ուզում այսօր իրեն նեղություն տա ու ուշադիր նայի քարտեզին՝ տեսնելու համար, թե որտեղ է գտնվում Տիգրանաշենը, որտեղ է գտնվում Երասխավանը: Դրանք միմյանցից գտնվում են ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա ու միմյանց հետ կապված են միջպետական ճանապարհով: Երասխավանից Տիգրանաշեն մեքենայով 5 րոպեի ճանապարհ է: Երասխավանը միայն սահմանամերձ բնակավայր չի: Այն, որ նռնականետերով կրակում են, ռազմական գործողություններ են ու վիրավորվում է քաղաքացիական անձը, այն էլ՝ համայնքի ղեկավարը, դա սովորական երեւույթ չի: Երասխավանը Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի գլխավոր հանգույցներից է ու թե այդ ճանապարհի հատվածը դառնում է վտանգավոր, ոչ կիրառելի երթեւեկության համար, նշանակում է Երեւանից մենք կորցնում ենք կապը ամբողջությամբ Վայոց ձորի եւ Սյունիքի նկատմամբ: Այդ ճանապարհով այլեւս դժվար է դառնալու ոչ միայն քաղաքացիական մարդկանց երթեւեկը, այլեւ՝ զինատեսակների երթեւեկը; Բա մենք ի՞նչ էինք ասում՝ Տիգրանաշենի վտանգն ինչում է, որ խափանվելու է կապը Վայոց ձորի եւ Սյունիքի՝ Հայաստանի մյուս շրջանների հետ: Դրա հետ միասին թշնամին խոսում է Զանգեզուրի միջանցքը համատեղ օգտագործելու մասին: Եվ սա տեղի է ունենում զուգահեռ: Ուղղակի պետք է լինել Հայաստանի 680 հազար քաղաքացիներից մեկը՝ այդ ամենը չտեսնելու, չհասկանալու համար: Թշնամին, ցավոք չի ուշացնում՝ այդ ամենն իրենց ցույց տալու համար: Թշնամին գալիս հասնում է յուրաքանչյուրի տունը»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ էության, գոյություն չունի, եռակողմ ձեւաչափում այլեւս որեւէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվում: Դրա փոխարեն ադրբեջանա-թուրքական նոր համաձայնագրեր են կնքվում, որոնց ՌԴ-ն, ՀՀ-ն չեն մասնակցում, բայց վերաբերում է ՀՀ-ին, ՀՀ տարածքներին. «Երբ նրանք զգում են, որ հայկական կողմը դանդաղեցնում է իրենց պահանջների բավարարումը, արագ տեղի են ունենում Երասխի իրադարձությունները: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել սահմանազատման, սահմանագծման փաստաթուղթը՝ նշելով իր պատկերացմամբ, որ դա 100%-ով բխում է ՀՀ շահերից: Նման պայմանագիր մինչեւ հիմա չի ստորագրվել: Իսկ Ալիեւը ինչ է հայտարարել, պարտավոր ենք հիշել, ասում է՝ Հայաստանը պիտի հասկանա, թե հիմա ինքը ինչ վիճակում է, ինչ պիտի անի եւ եթե ինքը չանի մեր ասածները, այս երկաթյա բռունցքը նորից կիջնի իր գլխին: Ինչ պահանջում է, չարեց, դա կանենք ուժի ազդեցության տակ: Իրավիճակի փոփոխություն կլինի միայն այն դեպքում, երբ ՀՀ ղեկավարը, ՀՀ անունից բանակցողը փոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031