Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած Փաշինյանի արտահայտությունների անընդունելի կոպտությանը և ցնցող ազդեցությանը, դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին»․ ՍԴ իրավական դիրքորոշումը

Հուլիս 21,2021 17:35

ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է հուլիսի 17-ի որոշումն ամբողջությամբ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ, որով հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ։ ՍԴ որոշման մեջ արձանագրված է, այդ թվում դիմումատուների մատնանշած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության խոսքի տարածմամբ ընտրողների ազատ կամարտահայտության վրա ազդեցության վերաբերյալ բարձր դատարանի իրավական դիրքորոշումը, որը ներկայացնում ենք հատվածաբար։

 

-Դիմողները նշում են նախընտրական քարոզչության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության կոչերի, սպառնալիքների և որպես հետևանք ատելության մթնոլորտ ձևավորելու մասին, ինչն ըստ իրենց՝ բացասական և անդառնալի ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Որպես ՀՀ սահմանադրական կարգի հիմունք՝ ՀՀ-ում երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը (Սահմանադրության 8-րդ հոդված), իսկ Սահմանադրության 42-րդ հոդվածում ամրագրվել է կարծիքի արտահայտման ազատությունը։ Ինչպես ազատ ընտրությունների իրավունքը, այնպես նաև արտահայտվելու ազատությունը երաշխավորվում են միջազգային փաստաթղթերով․․․Այդ պատճառով ընտրություններին նախորդող շրջանում հատկապես կարևոր է, որ բոլոր տեսակի կարծիքներն ու տեղեկությունները թույլատրվեն ազատ շրջանառվել:

-Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները նախընտրական քարոզչության ընթացքում օգտվում են իրենց կարծիքն արտահայտելու լայն հնարավորություններից, ինչը ժողովրդավարական հասարակությունում հնարավորություն է տալիս ազատորեն ձևավորելու ժողովրդի կամքը, ուստի՝ այն ընտրությունների ազատության սկզբունքի ապահովման անհրաժեշտ պայման է։ Այդուհանդերձ, նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով (եթե անգամ այդ սպառնալիքն իրական չէ), որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը։

-Քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները պետք է նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորեն առավելագույն զսպվածություն, քաղաքական կոռեկտություն՝ բացառելով ատելության, բռնության ցանկացած կոչ ու սպառնալիք և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարքագիծ: Նախընտրական քարոզչության ընթացքում հնչեցված բռնության կոչերի, սպառնալիքների և նմանաբնույթ այլ հայտարարությունների հարցը քննարկման առարկա է դարձել վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6861/05/21 վարչական գործով 17.06.2021թ. կայացված վճռով, որով վարչական դատարանը մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ պատասխանողին դատարան դիմելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Նշված վճռով վարչական դատարանն արձանագրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ն. Փաշինյանի կողմից ելույթներում հնչեցված որոշ արտահայտություններ օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել իբրև բռնության կիրառման սպառնալիքներ, ուստի՝ վարչական դատարանը դա արձանագրել է իբրև նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում:

-Մյուս կողմից, ելնելով այդ արտահայտությունների՝ տարբեր ժամանակներում հնչեցված լինելու հանգամանքից՝ վարչական դատարանը առկա է համարել նաև այդպիսի խախտման շարունակականությունը: Այդուհանդերձ, վարչական դատարանը, գնահատելով նախընտրական քարոզչության ընթացքում նշված խախտումների հետևանքները վերացնելու հնարավորության, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունենալու հարցերը, իր վճռում արձանագրել է, որ բացակայում է և՛ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման՝ հետևանքները վերացնելու անհնարինության չափանիշը, և՛ որ առկա չէ ողջամիտ կասկած այն մասին, որ շարունակական բնույթ կրող նշված խախտումները կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

-Վարչական դատարանն այս առումով նկատել է, որ՝ «էական ազդեցություն» եզրույթը պետք է դիտարկել ընտրությունների արդյունքների հետ ուղղակի պատճառահետևանքային կապի տեսանկյունից: Դա նշանակում է, որ ազդեցությունը կարող է որակվել էական միայն այն դեպքում, երբ նախընտրական քարոզչության սահմանված կարգի շարունակական խախտման արդյունքում առկա է ռեալ վտանգ կամ այդպիսի հիմնավոր կասկած, որ տեղի է ունեցել ներգործություն ընտրողների այնպիսի զանգվածի ազատ արտահայտման հնարավորության վրա, որը ձայների հարաբերակցության պայմաններում կարող է փոխել ընտրությունների արդյունքը: Ըստ այդմ, խախտման շարունակական բնույթը տվյալ դեպքում խիստ փոխկապակցված է էական ազդեցության հետ, քանի որ միայն դրանց միջև պատճառահետևանքային կապի հաստատման կամ այդպիսի հիմնավոր կասկածի դեպքում հնարավոր է արձանագրել, որ տեղի է ունեցել այնպիսի շարունակական խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա կամ, առկա է այդպիսի հիմնավոր կասկած: Այսինքն՝ սույն դեպքի փաստակազմի և տրված իրավական մեկնաբանության համադրմամբ Դատարանն արձանագրում է, որ առկա չէ ողջամիտ կասկած այն մասին, որ շարունակական բնույթ կրող վերը նշված խախտումները կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

-Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում վարչական դատարանի վկայակոչված վճռով քննարկված հրապարակումներում առկա ձևակերպումների՝ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցության բացակայությունն ու նաև խախտման հետևանքները վերացնելու հնարավորությունը՝ միաժամանակ վերահաստատելով Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված այն դիրքորոշումը, որի համաձայն՝ «… ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերով ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների նկատմամբ վերադաս դատարան է, այլ իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված կոնկրետ իրավասություն»։

-Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողների կողմից ներկայացված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից ենթադրյալ բռնության կոչերի և սպառնալիքների՝ ընտրությունների արդյունքի վրա ազդեցության մասին փաստարկները վերացական են, զուրկ են որոշակիությունից և հիմնված են քաղաքական ելույթներից մեջբերված հատվածներում կառուցված առանձին արտահայտությունների վրա՝ առանց դրանց ընդհանուր համատեքստին անդրադարձի։ Ամեն դեպքում, Սահմանադրական դատարանը հարկ է համարում այդ արտահայտություններին անդրադառնալ դրանց հասցեականության տեսանկյունից՝ արձանագրելով, որ չնայած դրանց անընդունելի կոպտությանը և ցնցող ազդեցությանը, վկայակոչված արտահայտությունների համատեքստի վերլուծությունից բխում է, որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել. հետևաբար՝ չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա։

-Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ընտրողների բարձր իրավագիտակցության, քաղաքական հասունության և քաղաքական իրադարձությունների մասնակցության հարուստ կենսափորձին հանդիման քաղաքական գործիչների քաղաքական խոսքում օգտագործված անթույլատրելիորեն ցածր մշակութային և հանրային՝ բարոյական տեսանկյունից դատապարտելի արտահայտությունների գործելաոճը չի կարող վերագրվել միայն մեկ քաղաքական ուժի և դրա ներկայացուցչի: Այն առկա է եղել մրցակցող մի շարք քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների հրապարակային խոսքում՝ ցավալիորեն դառնալով Հայաստանում քաղաքական խոսքի մշտական բաղադրիչ։

-Սահմանադրական դատարանը նման խոսքի՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքի վրա ազդեցության գնահատման և հաշվարկի գիտականորեն հիմնավորված մեթոդների բացակայության պայմաններում խիստ տեսական է գնահատում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի՝ իր դիրքորոշմանը կից կարծիքին հղմամբ պնդումներին առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի քննարկված խոսքը կարող էր ընտրողների որոշ մասին հանգեցնել հարմարվողականության հակման, իսկ մյուս ազդակիրներին հակեր ընտրություններին չմասնակցելու։

-Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դիմողների վկայակոչած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից կիրառված արտահայտությունների՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ունեցած ազդեցության հարցին, գտնում է, որ դրա վերաբերյալ դիմողների պնդումները հիմնավոր չեն: Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ վերլուծված՝ վարչապետի սահմանադրական կարգավիճակը և լիազորությունների ծավալը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:

-Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն (ամրապնդելուն)։ Այդ գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլ բնագավառներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը և այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը, սակայն, չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով և վարքագծով։ Ընդ որում, նշված գործընթացի արդյունավետության ապահովման հարցում մեծ դերակատարում ունեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031