Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը նորից է վեր հանել 44-օրյա պատերազմի հանգամանքները շուտափույթ ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որովհետեւ նույն անգործությունն ու անփութությունն են նկատում:
Aravot.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պատմեց, որ այս օրերին, ինչպես 44-օրյա պատերազմին, իրեն են զանգում կռվող տղերքը ու ասում, թե չենք գնում սահման՝ օգնելու: Ինքն էլ պատասխանում է եթե պետությունը քայլեր չի ձեռնարկում, չի դիմում, չի ասում, մենք ի՞նչ անենք. «44-օրյա պատերազմին 2-3 վաշտ էինք ձեւավորել, դա մենք արել ենք անձնական նախաձեռնությամբ ու պատահական է դա ստացվել: Մենք անգամ չէինք ցանկանում խառնվել կռվին, քանի որ մտածում էինք՝ դե բանակը կա, զորակոչ պետք է լինի, զինկոմիսարիատներ գոյություն ունեն վերջապես: Հիմա ինչքան ուզում ես թալանչիական պետություն համարես սկզբից ի վեր, բայց ամեն դեպքում կա չէ՞ պետություն, բանակ, ազգային անվտանգություն…այդպես էինք մտածում: Բայց երբ մենք տեսանք, որ իրավիճակը հասունանում է, ոչ մի բան չի անում պետությունը, մենք հոկտեմբերի 1-ին արդեն առաջին վաշտը պատրաստել էինք եւ ուղարկել էինք Ջաբրայիլ զորամաս: Մենք այդտեղ ենք կռվել, ահագին զոհեր ենք տվել, վիրավորներ, անհետ կորածներ: Վիրավորներից մինչեւ հիմա վաշտի հրամանատարը՝ Կարեն Կարապետյանը հիվանդանոցում է, 2 օր առաջ վերջին վիրահատությունն արեցին, բեկորներ էին, խայտառակ վիճակ էր, փառք Աստծո, հիմա լավ է…Այնպես որ, մենք արել ենք այդ ամենը՝ որպես քաղաքացի, ինչը շատ ուրիշ քաղաքացիներ չեն կարողացել անել: Էլ ի՞նչ անեինք մենք: Բացարձակապես մեզ չեն դիմել: Ես հլը վախենում էի, որ հանկարծ զոհեր տայինք, կարող է այլ կերպ լիներ դեպքերի զարգացումը ու մեզ մեղավոր ճանաչեին, որ զոհեր ենք տվել»:
Մանվել Եղիազարյանն ասաց, որ մենք սարսափելի իրականություն ենք ապրել ու շարունակում ենք այդ իրականության մեջ լինել. «Սարսափելի է այս իրականությունը հատկապես այն մարդկանց համար, որոնք ազնիվ են: Հիմա ոչ միայն ամոթ է ազնիվ ապրելը, այլ նաեւ վախենալու է: Սարսափելի ժամանակներ են»:
Հարցին, թե ինչո՞ւ են հիմա հակառակորդը հատկապես Երասխի հատվածում կրակում Մանվել Եղիազարյանն այսպես բացատրեց. «Որովհետեւ հիմա առաջինը պետք է տան Քյարքին՝ Տիգրանաշենը: Քյարքին շատ կարեւոր է Ադրբեջանի համար ու շատ ստորացուցիչ է մեզ համար, եթե մենք Քյարքին տալիս ենք: Քյարքին տալիս ենք, կարգին ճանապարհ չունենք, փակվում է սահմանը եւ հակառակորդը ավելի լկտի կարող է լինել, հասկանո՞ւմ եք: Հետո գիտեք ինչ կա, նա էլ կտան, նա էլ կտան ու բա որ հանկարծ վաղը Ադրբեջանը Երեւանն էլ ուզի, ի՞նչ ենք անելու, բանակ չունենք, ժողովուրդ ջան, ի՞նչ ենք անելու…Ես կարծում եմ, եթե կա հայերի մեջ հայրենասիրություն, մի գրամ սեր դեպի հայրենիքը, (Ցռան) Վերգոները պետք է լքեն ասպարեզը, թե չէ մենք աննամուսի պես ապրելու ենք այս ռեգիոնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մի քիչ էլ մանրամասնեք, թե ու՞մ հրահանգով նոյեմբերրի 10-ին հայտնվեցիք ազգային ժողովի շենքում, բան էի՞ն խոստացել, թե պարզապես շատ միամիտն եք: