Երեւանյան լճի եւ Հրազդան գետի ափամերձ հատվածներում այս պահին հավաքված է մեծ քանակությամբ աղբ, կենցաղային թափոն, որն իր հետ բերում է գետը: Աղբն առաջանում է բնակիչների եւ տնտեսվարողների նետումների արդյունքում: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում մտահոգություն հայտնեց Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Գեւորգ Կարապետյանը:
Ըստ նրա, Հրազդան գետն ու Երեւանյան լիճը շատ կարեւոր են մայրաքաղաքի համար, քանի որ լուծում են ոչ միայն ոռոգման ջրի խնդիրը, այլև՝ մեծ նշանակություն ունեն շրջապատի միկրոկլիմայի ձեւավորման գործում:
Պարոն Կարապետյանն ասաց, որ վերջերս կազմակերպված շաբաթօրյակի ժամանակ, որն ընդգրկել է Հաղթանակ կամրջից Դավթաշեն կամուրջն ընկած հատվածը, հավաքվել է 50 բեռնատար աղբ, որը տեղում տեսակավորվել է ու տեղափոխվել է վերամշակող կազմակերպություններ: Ասաց նաեւ, որ Երեւանի ավագանին հաստատել է աղբի մաքրման ծրագիր, որով կբարեկարգվեն եւ կմաքրվեն Հրազդան գետի եւ Երեւանյան լճի ափամերձ հատվածները: Աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականին:
«15 հեկտար տարածքում առկա են վնասակար բույսեր, որոնցից յուրաքանչյուրը տարեկան գոլորշիացնում են 300 լիտր ջուր: Այդ բույսերը աճում են գետի եւ լճի ափամերձ հատվածներում՝ թափոնների եւ աղբի վրա: Նաեւ Հրազդան գետի ափամերձ հատվածներում կտեղադրվեն ճաղավանդակներ, որպեսզի չթողնեն աղբը լցվի գետը»,-ասաց ՀՈԱԿ-ի փոխտնօրենը:
Կարդացեք նաև
«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանի խոսքով, աղբի խնդիրը համակարգային է, ուստի համակարգային լուծում է պահանջում: Ըստ նրա, գործ ունենք մարդկային մտածելակերպի եւ հոգեբանության հետ. «Հայաստանում թափված 510 հազար տոննա աղբի մեջ մինչեւ 35 տոկոսը կազմել է կենցաղային սնունդը: Մի տեղ արտադրում են սնունդն անհամեմատ շատ, իսկ մի այլ տեղ մարդիկ ամեն վայրկյան մահանում են սովից:
Հավաքված աղբի 17 տոկոսը կազմել են պոլիմերային ապրանքները: 5 ու կես տոկոսը կազմել է ապակին, 10 տոկոսը՝ թուղթն ու ստվարաթուղթը»:
Նա նաեւ ներկայացրեց համաշխարհային տվյալներ. «Աշխարհի մակարդակով, գրեթե յուրաքանչյուր րոպե, 10 միլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում, համաշխարհային օվկիանոս հասած թափոնները պատճառ են հանդիսանում տարեկան հարյուր հազարավոր տեսակի կենդանիների եւ բուսական աշխարհի ոչնչացման: Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում հատվում է մեկ ֆուտբոլի դաշտի չափ անտառ, սա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր օր մոտ 130 ցեղատեսակի կենդանի եւ բույս դառնում են վտանգված»:
Գեւորգ Կարապետյանի խոսքով, պետք է օրենսդրական խստացումներ արվեն եւ բնակիչների իրազեկվածությունը բարձրացնեն, որպեսզի այդ թափոնները նետեն նախատեսված տեղերում, այլ ոչ թե բնության մեջ. «Չենք կարող ամեն մետրի վրա ոստիկան կանգնեցնել, ամեն մետրի վրա տեսախցիկներ դնել, հանրությունը պետք է գիտակցի, որ աղբը բնության մեջ թափելով, վնասում է ինքն իրեն»:
Վահե Սալահյանի համոզմամբ, որքան կարեւոր է պատժիչ գործողությունների սահմանումն, այնքան էլ կարեւոր է էկոկրթությունը, որը պետք է լինի դպրոցներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ