Ամերիկահայ մեծ բարերար եւ գործարար Նուբար Աֆեյանը «Ապագա հայկականը» շարժման հանրային քննարկմանը դիմելով ներկաներին՝ ասաց, «Ես միշտ հպարտ հայ եմ եղել, բայց այս երեկո շատ ավելի հպարտ եմ զգում, որովհետեւ այն ուժը, որ ներկայացնում եք դուք, ապագային նվիրված մեծ բանակ է: Ապագան երբեմն պահանջում է համբերություն, հավատք, հույս, մեծ աշխատանք եւ երեւակայություն: Երեւակայությամբ իմ ստեղծած ընկերություններից մեկը՝ «Մոդերնան», որին ճանաչեց ամբողջ աշխարհը, այլոց համար օրինակ դարձավ, թե ինչպես կարող ես երեւակայել բոլորովին դեռ չստեղծված նոր գիտություն եւ օգտագործել՝ ազատելու վիրուսից տասնյակ ու հարյուր հազարներով մարդու կյանքեր: Մեզ 110 տարի առաջ կոտորել են, բայց մենք կարողացանք մասնակցել ուրիշների կյանքը փրկելով: Եվ դա ոչ միայն իմ, այլեւ ողջ հայության մեծ հպարտություն է: Ես շատ ուրախ եմ այն գործիքը դառնալու, որ աշխարհի հասկանա, որ մենք կանք, պիտի լինենք եւ շատ ավելին պիտի տանք աշխարհին, քան տվել ենք մինչեւ հիմա: Իմ համար ապագա հայկականը ոչ թե գոյատեւելն է, համակերպվելը մեր ներկայի հետ, այլ ցանկալը եւ աշխատելը այդ ապագայի համար: Եթե Հայաստանում ապրողները ասեն, թե առօրյա խնդիրներ ունենք՝ ինչպես մտածենք ապագայի մասին, կպատասխանեմ՝ ներկա իրավիճակը ի՞նչ ճանապարհով կարող ենք լուծել, եթե չունենանք ապագա, որին ուզում ենք հասնել»:
Քննարկման մյուս երկու մասնակիցները՝ Արթուր Ալավերդյանը եւ Արամ Բեկչյանը, հայտարարեցին, որ շարժմանը միացել են մեծ աշխատանք կատարելու՝ պառակտված ազգը միացնելու նպատակով: Նրանք նշեցին, որ այդ խնդիրն այսօր միայն Հայաստանում չէ: Այն նաեւ սփյուռքում է, որտեղ շատերը կորցրել են իրենց նույնականացումը: Նրանք հույս ունեն՝ այս շարժումը կօգնի, որ շուրջ 10 միլիոնանոց հայ ազգը մի բռունցք կդառնա եւ այդ բռունցքով կբարձրացնի Հայաստանը եւ հայկականը, որովհետեւ առանց Հայաստան չկա Սփյուռք եւ առանց Սփյուռք չկա Հայաստան:
Կարդացեք նաև
Բանախոսներին շատ ոգեւորում է, որ «Ապագա հայկականը» շարժման ամեն հաջորդ հանդիպմանը համանախաձեռնողների բանակը մեծանում է եւ ամեն նոր հանդիպման ժամանակ միմյանց լսելով՝ միմյանցից շատ բան են սովորում եւ համոզվածությունն աճում է նպատակների իրականացման նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ