Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մի բանի ժամանակ են շահում… մարդկանց պահում են վախի մեջ, որ անկլավները հանձնելու ժամանակ ժողովուրդը դժգոհություն չառաջացնի». Մանվել Եղիազարյան

Հուլիս 21,2021 15:56

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է ու այս ֆոնին մեր պաշտպանական համակարգի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են լինում:

Թե ինչքանով են տեղին այդ փոփոխությունները՝ Aravot.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Մեր ապրած վերջին 7-8 ամիսը պատերազմից հետո ցույց տվեց, որ փոփոխություններ պետք է լինեն ու ոչ թե այսքան ժամանակ հետո, այլ՝ անմիջապես պետք է փոփոխություններ արվեին: Ոնց ուզում եք անվանեք այդ պատերազմի արդյունքը, ես ասում եմ՝ մենք պատերազմում տանուլ չենք տվել, մենք ուղղակի չենք պատերազմել: Մարդ կա՝ ասում է՝ պարտություն ենք կրել: Բոլոր պարագայում փոփոխությունը պարտադիր է: Այստեղ խնդիրն այն է, որ ավելի որակյալ ու ավելի գիտակ մարդու դնեին պաշտպանության նախարար, եթե ուզում էին քիչ թե շատ բարելավել մեր անվտանգությունը»:

Հարցին՝ Դավիթ Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը, հիմա նորից պաշտոնանկություն, այս փոփոխությունները ՊՆ-ում ինչքանո՞վ են տեղին՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ինչքան մոտ է պետականության, պետության վախճանը, այնքան տարօրինակ են նրանց կատարած քայլերը, օրենքները, անմիտ են: Այդ վիճակն է հասունացել ՀՀ-ում»:

Այս լարված միջավայրում մենք ո՛չ ՊՆ նախարար ունենք, ո՛չ ԱԳ նախարար, իսկ պաշտպանության փոխնախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, որը ապրիլյան քառօրյա պատերազմից հետ պաշտոնանկ էր արվել՝ հետախուզության ոլորտում թերացումների համար: Նույն մարդուն նորից պաշտոններով պտտացնել ու ՊՆ բերելը ո՞նց եք գնահատում՝ հարցին ի պատասխան Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Եթե կարգի չեն բերում պետությունը, կարգի չեն բերում բանակը, նշանակում է՝ խոստացած բաներ կան, որ ստորագրել են այդ պայմանագրով՝ կապիտուլյացիա կամ ինչ կուզեք անվանեք: Երբ ստորագրվեց դա, ինչ-որ բաներ են խոսք տվել երեւի ու այս լարվածությունը ստեղծում են արհեստական դրա համար եւ ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի դրա դեմն առնեն: Տղաներն էին երեկ զանգում Արմաշից, Սուրենավանից, թե բա՝ ի՞նչ անենք, ոնց անենք, օգնենք սահմանին, ես ասում եմ՝ եղբա՛յր, եթե պետությունը դա չի անում, մենք գնանք հիմա ի՞նչ անենք: Իրենք ուզում են վախի մեջ պահեն հասարակությանը, ժողովրդին, երեւի բաներ են խոստացել այդ խայտառակ պայմանավորվածությունից հետո, անունն էլ եմ ամաչում տալ, մարդկանց պահում են վախի մեջ, որ դրանք հանձնելու ժամանակ ժողովուրդը դժգոհություն չառաջացնի, ասի՝ տես, պատերազմ է, 2 մլն մարդ հո թիրախի առաջ չէի՞ն կանգնեցնելու, ավելի լավ է այն հողերը անկլավները ավելի լավ է հանձնենք, որպեսզի պատերազմ չլինի ու դրանով ինքը «կփրկի» 2 մլն ժողովրդին: Մի խոսքով, անմիտ իրավիճակ է, ի՞նչ ասեմ, ասելու բան չունեմ ես»:

Մանվել Եղիազարյանը համոզված է, որ ՊՆ-ում այս փոփոխությունները ժամանակ շահելու համար են. «Ինչ-որ մի բանի ժամանակ են շահում, ժամանակ է պետք իրենց, ուղղակի ժամանակն են անցկացնում՝ առանց հաշվի առնելու, որ այդտեղ տուժում է մեր հայրենիքը, ա՛յն հայրենիքը, որը մեզ համար սրբատեղի է եղել: Կարող է ավարտվի մեր հայրենիքը ու մեր պետականության վախճանն էլ գա: Մարդիկ կարծես թե ինչ-որ նեղ անձնական շահերի պատճառով են այդպես վարվում: Այսպիսի խայտառակ վիճակ ստեղծելը….մենք հո վերջին հայե՞րը չենք, վաղը մեր սերունդները մեզ անիծելու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031