ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է հուլիսի 17-ի որոշումն ամբողջությամբ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ, որով հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ։ ՍԴ որոշման մեջ արձանագրված է, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ բարձր դատարանի իրավական դիրքորոշումը, որը ներկայացնում ենք հատվածաբար։
-Դիմողների պնդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարի կողմից նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ և ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը կիրառվել է վարչական ռեսուրս՝ այդպիսով ակնհայտ առավելություն ձեռք բերելով մյուս կուսակցությունների և դաշինքների նկատմամբ: Այդ առնչությամբ դիմողները ներկայացնում են համապատասխան տեսանյութեր, ինչպես նաև վկայակոչում են ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6999/05/21 գործով 26.06.2021թ. վճիռը, համաձայն որի՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.06.2021թ. թիվ 161-Ա որոշման 1-ին կետը մասնակի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին ՀՀ մարզպետարաններից մեկի աշխատակցի և երկու ուսումնական հաստատության աշխատակիցների մասնակցելը որպես Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում չարձանագրելու մասով, ճանաչվել է անվավեր:
-Թիվ ՎԴ/6999/05/21 վարչական գործի շրջանակներում հայցվորի դատավարական կարգավիճակով հանդես է եկել դիմող «Հայաստան» դաշինքը՝ ներկայացնելով վարչական ռեսուրսի առերևույթ կիրառման մի քանի դրսևորումներ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների, պետական պահպանության ծառայողների, վարչապետի աշխատակազմի աշխատակիցների, մարզպետարանների և դրանց հսկողության ներքո գտնվող կառույցների և այլ պետական մարմինների աշխատակիցների ներգրավում նախընտրական քարոզչությանը: Վարչական դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով չի հաստատվել որևէ փաստ այն մասին, որ ոստիկանության ծառայողները ներգրավվել են երրորդ անձի օգտին քվե ստանալու նպատակով: Ավելին, վարչական դատարանը փաստել է, որ հիմք չունի պնդելու, որ երրորդ անձը պետական պահպանության մարմնի միջոցներն օգտագործել է ի շահ իր քաղաքական նպատակների, իսկ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վերաբերող դրվագով հնարավոր չէ հաստատել, որ նա ներգրավված է նախընտրական քարոզչությանը՝ այդ պահին հանդես գալով ի պաշտոնե և իր դիրքն օգտագործելով ի շահ երրորդ անձի: Նույնիսկ առկա չէ տվյալ այն մասին, որ այդ դրվագն աշխատանքային օր ու ժամին է վերաբերում:
Բացի դրանից, վարչական դատարանն արձանագրել է, որ Սյունիքի մարզպետի ինքնությունը տվյալ դրվագում անվիճելի է, այնուամենայնիվ, միայն այդ դրվագով հնարավոր չէ հաստատել, որ վերջինս օգտագործում է իր վարչական ռեսուրսը երրորդ անձի նախընտրական քարոզարշավի օգտին: Սյունիքի մարզպետի մասնակցությամբ դրվագում ընդհանրապես հնարավոր չէ հստակեցնել՝ կոնկրետ ի՞նչ գործառույթներ է վերջինս այդ պահին իրականացնում: Երևացող իրավիճակում անհնար է մատնանշել մի դեպք, երբ Սյունիքի մարզպետը ի պաշտոնե գործելիս ներգրավված է նախընտրական քարոզչությանը:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ վարչական դատարանն արձանագրել է, որ ՀՀ մարզպետարաններից մեկի աշխատակիցը, ակնհայտորեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում երրորդ անձի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելիս լրագրողին հարցազրույց տալիս ներկայանալով որպես «կրթության ոլորտը համակարգող», ընդունում է, որ աշխատանքային ժամին գտնվում է հավաքի վայրում, ավելին՝ բացահայտ խրախուսում է նաև մանկավարժների ներկայությունը՝ իր խոսքով՝ «վարչապետի հանդիպմանը»: Համանման իրավիճակ արձանագրվել է նաև հարցազրույց տվող մանկավարժների դրվագում: Նշված փաստերը վարչական դատարանի կողմից որակվել են իբրև Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում՝ դիտարկվելով որպես վարչական ռեսուրսի չարաշահում:
-Հաշվի առնելով վկայակոչված դատական ակտով դիմողի մատնանշած առանձին փաստարկներին վարչական դատարանի կողմից տրված իրավական գնահատականները և նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանում դատական ակտի իրավաչափությունը քննության առարկա չի կարող հանդիսանալ, Սահմանադրական դատարանն այս մասով դիմողի կողմից վկայակոչված փաստարկներին չի անդրադառնում:
-Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վարչական ռեսուրսի կիրառման այլ դրսևորումների, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ հավաքների անցկացման, Կառավարության կողմից համապատասխան գումարների բաշխման վերաբերյալ սույն գործով դատավարության այլ մասնակիցների կողմից համապատասխան դատական վարույթներ չեն հարուցվել: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված առանձին փաստարկներ, ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային բնույթ: Ավելին, սույն գործով չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով և ունեցել զանգվածային բնույթ, ուստի՝ դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ