Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի՝ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»․ ՍԴ իրավական դիրքորոշումը

Հուլիս 21,2021 15:09

ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է հուլիսի 17-ի որոշումն ամբողջությամբ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ, որով հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ։ ՍԴ որոշման մեջ արձանագրված են այդ թվում ՍԴ իրավական դիրքորոշումները, որոնցից մեկն էլ վերաբերում է վարչապետի՝ հրաժարական տալուց հետո պաշտոնավարման հարցին։

Հիշեցնենք՝ ՍԴ դիմած քաղաքական ուժերը պնդում էին, որ հրաժարական տալուց հետո Նիկոլ Փաշինյանն ապօրինի է իրեն «կարգել» որպես վարչապետի պաշտոնակատար։ ՍԴ որոշման մեջ բարձր դատարանն այս առիթով հետեւյալ իրավական դիրքորոշումն է հայտնել, որը ներկայացնում ենք հատվածաբար․

-Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներում և դատաքննության ընթացքում իրենց բացատրություններում «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի և «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները վարչապետի պաշտոնակատարի պաշտոնավարման կարգավորումներին վերաբերող սահմանադրական դրույթների մեկնաբանության հիմքում դրել են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթները։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման և դրանց մեկնաբանման նպատակով օրենսդրի կամքը չի դիտարկվել որպես ուղենիշ։ Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ժողովրդաիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների առանցքային կարևորության առումով Հանրապետության վարչապետի ինչպես պաշտոնում նշանակման, այնպես էլ այդ պաշտոնում պաշտոնավարման շարունակականության և դադարեցման հարցերը ենթակա են քննարկման ժողովրդավարության պաշտպանության սահմանադրական կարգավորումների և դրանց հիմքում ընկած սկզբունքների և նպատակների համատեքստում։

-Սահմանադրի կողմից հստակորեն նկարագրված՝ վարչապետի պաշտոնում նշանակման և պաշտոնի ստանձնման կարգի հետ մեկտեղ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարման դադարեցումը նույնպես հստակորեն նկարագրված է սահմանադրական կարգավորումներով՝ որպես ժողովրդավարական գործընթացի արդյունքում կայացված որոշմանը միջամտություն կամ նման միջամտության բացառման երաշխիք։

-Սահմանադիրը Սահմանադրության 158-րդ հոդվածում ուղղակիորեն նախատեսել է Կառավարության անդամների պաշտոններում նշանակված անձանց պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելու շարունակականության կանոնը, ինչը բխում է Կառավարության գործառույթների իրականացման անընդհատության անհրաժեշտությունից։ Միաժամանակ, հաշվի առնելով վարչապետի նշանակմամբ գործադիր իշխանության բարձրագույն մարմնին՝ Կառավարությանը ժողովրդավարական լեգիտիմությամբ ապահովելու գործող սահմանադրական ընթացակարգերը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության հրաժարականից հետո մինչև նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը Կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի Կառավարության մյուս անդամներին, այլ Կառավարության բոլոր անդամներին, ներառյալ՝ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը։

-Վարչապետի պարագայում Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչապետին փոխարինելու հնարավորություն՝ բացառապես նրա բացակայության ժամանակ՝ վերջինիս սահմանած կարգով: Ըստ այդմ, փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում վարչապետի բացակայությունը չի կարող նույնացվել վերջինիս հրաժարականի դեպքի հետ։ Վերը նշվածի հաշվառմամբ պետք է նկատի ունենալ, որ վարչապետի՝ հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում պաշտոնավարման շարունակականությունը երաշխավորված է բացառապես վարչապետին առաջադրվող՝ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների բավարարման պայմանով:

-Հրաժարական տված վարչապետի պաշտոնավարման շարունակականության կանոնը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ վարչապետ նշանակված անձը չի բավարարում վարչապետի պաշտոնի համար Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված պահանջները։ Վարչապետի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարումը դադարում է պատգամավորին ներկայացվող պահանջների խախտման, անհամատեղելիության, ինչպես նաև վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը դադարելու օրենքով նախատեսված հիմքեր ի հայտ գալու դեպքերում, ինչպիսիք դիմողների կողմից սույն գործով չեն վկայակոչվել։ Հետևաբար՝ սույն գործով դիմողների և երրորդ անձի ներկայացրած փաստակազմի շրջանակում 2021 թվականի ապրիլի 25-ին վարչապետ Ն. Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031