Բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը «Հայելի» ակումբում նախ ներկայացրեց հերոս որդու` Վաչագան Մանուկյանի մասին նորատիպ գիրքը, որը նրա ձեւակերպմամբ վերակենդանացրել է իր անմահացած զավակին, ապա խոսեց հայ զինվորին նվիրված ցուցահանդեսից, որ բացվել էր նկարիչների միությունում, ու իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա չէր:
«Ես նախապես հարցրի` իշխանություններից կա՞ որեւէ մեկը: Ասացին` ոչ: Ես ասացի` նրանք կմասնակցեն միայն թուրք զինվորներին նվիրված միջոցառումներին, որովհետեւ այդ թրքամետությունն այնքան ակնհայտ է, որ չգիտեմ, թե էլ ինչ միջոցներ պիտի փնտրեն այսօրվա իշխանավորները, որպեսզի կարողանան հաճոյանալ իրենց եղբայր թուրքերին:
Սեպը խրվում է բոլոր անկյուններից, տեսնում ենք, թե ինչպես են մշակութային օջախներ փակվում, ազգին ինչ-որ չափով նեցուկ եղածներին փորձում են անպայմանորեն զսպել, որովհետեւ նրանք խոչընդոտ են դառնում իրենց համար, որպեսզի ջնջեն մեր միջից հիշողությունը, կարողանան մեզ պոկել մեր արմատներից, դարձնել ոչ մի բան…Իսկ եթե չկա հիշողություն, չկա անցյալ, բնականաբար չես կարող ունենալ նաեւ ներկա»,-ասում է Խաչիկ Մանուկյանը:
Նա անդրադարձավ նաեւ, իր բառերով, հեշտությամբ ինքնաոչնչացման գնացողներին, որոնք տեսնում են, որ սահմանին կրակում են, իրենց զավակները զոհվում են, գիտեն, որ դա վատ է, բայց ուրախ են, որ իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանը մի տպավորիչ դրվագ հիշեց մանկությունից ու պատկերավոր համեմատություն արեց. «Երեխա ժամանակ տեսել եմ, թե ինչպես էին հզոր ցուլերին տանում սպանդանոց կամ տեղում մորթում…Մաժմժում էին կոտոշների արանքը եւ տանում մորթելու, ցուլն էլ խելոք գնում էր…Հիմա էլ մաժմժելով տանում են սպանդանոց եւ ցլերի պես մարդիկ խելոք գնում են…Ու ինչքան էլ մեկը գա ասի` կանգնեք, ախր գնում եք ոչնչացման, մարդը չի ընկալի, իրեն հաճելի է…
Իսկ Վաչագանի նման երիտասարդները զգացին, թե ինչ է կատարվում, պատրաստ եղան իրենց կյանքը նվիրելու հայրենիքին ծառայելուն: Ցավոք նրանցից շատերն այլեւս մեր կողքին չեն…Ես գնալով փորձում եմ հասկանալ իրենց սխրանքի ճանապարհը…Նայում եմ Վաչագանի գրառումները, որոնք ինքը սկսել էր պատերազմից առաջ, դեռեւս Լավրովի ելույթից հետո…Իր ընկերներից մեկին ասել էր` պատերազմ է լինելու, իսկ ինչ ես կարծում` մենք պատրա՞ստ ենք այս պատերազմին…Ամառվանից այդ խմորումները կային նրա ներսում, եւ պատահական չէր, որ հենց առաջին օրը գնացել էր զինվորագրվելու»:
Խաչիկ Մանուկյանը շեշտում է. «Սրանք ասում են` պողպատ, բամբակ էլ չեն…Նրան (Նիկոլ Փաշինյանին-Գ.Հ.) սատարող գործարարներից մեկն ասում էր` զինվորը նաեւ պիտի զոհվի, բայց չի ասում` ամեն ինչ պետք է անենք, որ զինվորը չզոհվի, հայ զինվորի մազն անգամ թանկ է մեզ համար: Այս մտածողությունը չունեն… Եթե էդպես հայտարարում եք, ձեր տանը հեչ զինվոր չկա՞, բոլորդ միայն փող հաշվողներ ե՞ք»:
Նաեւ հավելում է. «Ցավում եմ, որ բանակի մասին խոսում են, թե գիտե՞ք արդեն կլուբնիկ է ուտում մեր զինվորը…Էդ զինվորը կլուբնիկ չի ուտում արդեն, ողորմելիներ, զինվորը զոհվել է..»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ