Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանի, Քոչարյանի, Ս. Սարգսյանի ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող»․ ՍԴ որոշման մեջ արձանագրված դատախազության դիրքորոշումը

Հուլիս 21,2021 14:15

ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է հուլիսի 17-ի որոշումն ամբողջությամբ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ, որով հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ։ ՍԴ որոշման մեջ արձանագրված է, այդ թվում հարակից պատասխանող հանդիսացող ՀՀ դատախազության դիրքորոշումը, որը հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ։

-ՀՀ դատախազությունը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո նրա՝ իբրև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնավարման ենթադրյալ ապօրինի լինելու հանգամանքին, նշում է, որ այդ առթիվ 28.04.2021թ. և 24.05.2021թ. գլխավոր դատախազություն հաղորդումներ են ներկայացվել հանցագործության մասին՝ խնդրելով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից 25.04.2021թ. հրաժարական ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացումը շարունակելու փաստով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանությունը յուրացնելը»): 29.04.2021թ. և 31.05.2021թ. դատախազների կողմից դիմողներին գրություններով պարզաբանվել է, որ դիմումներում նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրաիրավական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից:

-Թեկնածուների քարոզչական ելույթներում, քարոզչական հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման վերաբերյալ ՀՀ դատախազությունը հայտնում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել վիճահարույց դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են, և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: Իր պատասխանում ՀՀ դատախազությունը եզրահանգում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների և, մասնավորապես, քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների առաջնորդներ Ն. Փաշինյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և մյուսների ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող:

-Անդրադառնալով դիմողների կողմից բարձրացվող այն պնդումներին, թե 2021 թվականի մայիսի 10-ից սկսված հարյուրավոր շտաբների ներկայացուցիչների, ակտիվի ներկայացուցիչների պարբերաբար բերման են ենթարկել ոստիկանություն առանց որևէ պատշաճ հիմքի, ինչի արդյունքում խաթարվել է ազատ և հավասար ընտրական սկզբունքների տարրերը, ՀՀ դատախազությունը կրկին շեշտադրում է, որ ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում ընթացք է տրվել առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 861 հաղորդման, և որ այդ գործողությունները, այդ թվում՝ դաշինքների համակիրներին զանգվածային բերման ենթարկելու, նրանց բնակարաններում, դիմողների պնդմամբ ապօրինի խուզարկությունների վերաբերյալ գործողությունները, կատարվել են նշված հարյուրավոր հաղորդումների վերաբերյալ ձեռնարկված ստուգողական գործողությունների և նախապատրաստված նյութերի շրջանակներում՝ պահպանելով քրեադատավարական ընթացակարգերը:

-Անդրադառնալով քվեարկության օրը Երևանի բազմաթիվ փողոցներում թափված՝ «Հայաստան» դաշինքը և նրա ղեկավար Ռ. Քոչարյանին վարկաբեկող և զրպարտող բովանդակությամբ թռուցիկներ տարածելու դեպքին՝ դատախազությունն արձանագրում է, որ այդ փաստով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում հայտնաբերվել է վարչական իրավախախտում կատարած անձը, որի վերաբերյալ և վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս վարչական պատասխանատվության հարցը լուծելու:

-Նախընտրական քարոզչության ընթացքում և հենց ընտրության օրն ընդդիմադիր գործիչների և նրանց աջակիցների ցուցադրական ձերբակալությունների, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածուների ապօրինի ձերբակալությունների հարցի առնչությամբ դատախազությունը հայտնում է, որ դատախազության կողմից ներկայացված բացատրություններում նշված ընտրական իրավախախտումների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ այդ առերևույթ ընտրական իրավախախտումների մի զգալի մասը կատարվել է հենց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի աջակիցների կողմից, որոնցից 17 դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական գործեր:

-Անդրադառնալով դիմողների բարձրացրած այն հարցին, որ ընտրական գործընթացի ժամանակահատվածում, այդ թվում՝ հենց քվեարկության օրը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից մշտապես և համակարգված օգտագործվել է մեծածավալ վարչական ռեսուրս, ՀՀ դատախազությունը հայտնում է, որ արձանագրվել է ընտրական գործընթացի ընթացքում ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով քաղաքացու ընտրական իրավունքի առերևույթ խախտման 102 դեպք, և որ այդպիսի դեպքերի վերաբերյալ հաղորդումներից 53-ը վերաբերել է հենց դիմողներից մեկի՝ «Հայաստան» դաշինքի կողմնակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելուն, իսկ 49-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմնակիցների կողմից: Այնուամենայնիվ ՀՀ դատախազությունը հայտնում է, որ նշված 102 դեպքից 101-ով հաղորդումներում նշված հանգամանքները չեն հաստատվել, և որ դրանից ընդամենը մեկով է առկա հարուցված քրեական գործ՝ ավարտված նախաքննությամբ:

-Անդրադառնալով դատաքննության ընթացքում դիմողներից մեկի վկայակոչած քաղաքացի Ջ. Մարտիրոսյանի փոխարեն այլ անձի քվեարկության դեպքին՝ ՀՀ դատախազությունը հայտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվել, և որի արդյունքում Ջ. Մարտիրոսյանի թոռնուհու, հանձնաժողովի անդամ Ե. Մարուքյանի և ընտրող Գ. Շահգալդյանի բացատրություններով և վերջինիս անվամբ տեխնիկական սարքավորման միջոցով տպված կտրոնի և ընտրողների ցուցակի համապատասխան էջի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գ. Շահգալդյանը գրանցվելով ընտրողների ցուցակում, շփոթմամբ ստորագրել է Ջ. Մարտիրոսյանի անվան դիմաց, իսկ ցուցակում իր անվան դիմաց ստորագրությունը բացակայում է: Արդյունքում 06.06.2021թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

-ՀՀ դատախազությունը նշում է, որ իրենց հաջողվել է իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված ձևով ապահովել առերևույթ ընտրական իրավախախտումների կանխարգելումը, հայտնաբերումը, անհրաժեշտ դատավարական և այլ գործողությունների ձեռնարկումը և պատշաճ քրեաիրավական գնահատական տալը, որպիսի հանգամանքով էլ նաև, քրեաիրավական տեսանկյունից, ըստ ՀՀ դատախազության, ապահովվեց համապետական ընտրությունների օրինականությունը և ՀՀ քաղաքացու կամարտահայտության ազատ իրականացումը։

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031