ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է հուլիսի 17-ի որոշումն ամբողջությամբ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ, որով հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ։ ՍԴ որոշման մեջ արձանագրված է, այդ թվում պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ-ի դիրքորոշումը, որը հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ։
-Հանձնաժողովը նշում է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար պետք է պարզել՝ արդյո՞ք ընտրությունների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկության, արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել ԸՕ պահանջների խախտումներ, երկրորդ` այդ խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության արձանագրված արդյունքները, երրորդ` խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամաարտահայտության իրական արդյունքը:
-Արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ պատասխանողը հայտնում է, որ օրենսդիրը որոշակի կատեգորիայի հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին ոչ թե արգելում է ընդհանրապես քարոզչություն կատարելը, այլ այդ կապակցությամբ սահմանում է որոշակի կանոն: Մասնավորապես, նշված կատեգորիայի անձինք, այդ թվում՝ անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարները և ավագանու անդամները կարող են իրականացնել քարոզչություն, բացառությամբ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Այսինքն՝ նշված իրավանորմերից ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոն զբաղեցնողները՝ ԸՕ-ով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն։
-Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաև պետական և համայնքային ծառայողներին, ինչպես նաև որոշակի հստակ նշված աշխատակիցների արգելված չէ նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` օրենքով նախատեսված որոշակի և հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Օրենքը նշված գործունեությունը կամ գործողությունները տվյալ անձանց կողմից իրականացնելու սահմանափակում է նախատեսում հենց այդ իրավասություններն իրականացնելիս, այսինքն` օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ։
Կարդացեք նաև
-Անդրադառնալով ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում Սահմանադրության 2-րդ և 7-րդ հոդվածների՝ մասնավորապես ազատ ընտրության սկզբունքի խախտման վերաբերյալ փաստարկներին՝ պատասխանողը նշում է, որ նախ՝ պետք է հաստատվեն ԸՕ-ի խախտումները, դրանք պետք է ունենան այնպիսի բնույթ, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Դիմողների փաստարկներն ու հիմնավորումները վերաբերում են կոնկրետ հանգամանքների գնահատմամբ դրանք խախտում որակելուն, սակայն չի ներկայացվում պատճառահետևանքային կապը նշված խախտումների և ընտրությունների արդյունքների միջև:
-Վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ պատասխանողը հայտնում է, որ նշված իրավադրույթն արդեն իսկ հնարավոր է համարում առանց ընտրողի լուսանկարի քվեարկության կտրոնների առկայությունը, և նման կտրոնների տրամադրմամբ Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում առկա չէ: Դիմողի կողմից չի բերվում որևէ փաստարկ առ այն, որ որևէ քաղաքացու պարագայում լուսանկարի առկա չլինելը տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ, ավելին՝ դա էլ նպաստել է որևէ իրավախախտման: Պատասխանողը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է տեխնիկական սարքավորման խափանման հնարավորությունը և սահմանել համապատասխան իրավակարգավորում: Նշվածից ակնհայտ է, որ եթե անգամ չգործեին բոլոր տեխնիկական սարքավորումներն ու չտպագրվեին լուսանկարով կտրոններ, ապա դրանք չեն կարող համարվել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ, ուստիև՝ հանգեցնել անվավերության:
– Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործածվող ընտրողների ցուցակների կրկնվող էջերին, ապա պատասխանողի կարծիքով այդ կապակցությամբ դիմող «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացվել է ցուցակների էջերի կրկնություն, որը վերաբերել է 9 տեղամասի: Նշվածի բացատրությունը կարող է լինել հնարավոր տեխնիկական վրիպումը: Սակայն ներկայացված 9 տեղամասերից 6-ում ուղղակիորեն բացակայում է նույն անձին վերաբերող տողերում կրկնակի ստորագրման հանգամանքը, նույն անձի անունից երկու ստորագրության հանդիպում ենք 3 տեղամասի պարագայում, և խոսքը վերաբերում է 10 կրկնվող ստորագրության, այսինքն՝ լրացուցիչ 5 ստորագրության: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշված հանգամանքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն:
-Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում վերջիններիս ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկների առնչությամբ պատասխանողը հայտնում է, որ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ առկա չէ որևէ ապացույց, որ անձինք զրկվել են քվեարկությանը մասնակցելու իրավունքից մատչելիության բացակայության պատճառով:
-Քվեարկության կարգին վերաբերող հարցադրումներին անդրադառնալով՝ պատասխանողը նշում է, որ դիմողները թվարկում են քվեարկության օրն ընտրական տեղամասերում առկա կուտակումներ, որոնք անգամ լինելիության պայմաններում չէին կարող և չեն գործել որևէ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա:
-Ուղղորդված քվեարկության դեպքերի հետ կապված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից այդպիսին գնահատված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին, սակայն տեսախցիկների օգնությամբ հետևելով քվեարկության ընթացքին, էլեկտրոնային կայքերում առկա հրապարակումներին, ինչպես նաև ուսումնասիրելով տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները՝ պատասխանողը գտնում է, որ ուղղորդված քվեարկության դեպքերը չեն կրել կազմակերպված կամ համընդհանուր բնույթ, ուստիև չէին կարող ունենալ որևէ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա:
-Ընտրական տեղամասերում հոսանքազրկումների հետ կապված՝ պատասխանողը փաստում է, որ հոսանքազրկման դեպքեր առկա են եղել և՛ քվեարկության ընթացքում, և՛ դրա ավարտից հետո: Այդ կապակցությամբ ներկայացվել են պարզաբանումներ, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել վթարների արդյունքում, ձեռնարկվել են միջոցներ հնարավորինս կարճ ժամկետներում հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հնարավոր ամենակարճ ժամկետներում վթարի հետևանքները վերացվել են, և մատակարարումները վերականգնվել են: Քվեարկության ընթացքում տեղի ունեցած հոսանքազրկումները որևէ խնդիր չեն առաջացրել, քանի որ տեխնիկական սարքավորումներն աշխատում են նաև համապատասխան մարտկոցներով, և աշխատանքի խափանում չի արձանագրվել, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված իրավախախտման փաստեր չեն արձանագրվել:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ