ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Ոսկեհատի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել կրթօջախի բակում Արցախյան պատերազմներում զոհված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը, որին էլ հաջորդել է Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած ժամկետային զինծառայող Արամայիս Միքայելյանի ծննդյան 25-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումը:
Ողջունելով հանուն հայրենիքի պաշպանության նահատակված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասել է. «Ոսկեհատն Արմավիրի մարզի այն համայնքներից է, որը, ցավոք, զոհեր է ունեցել և´ Արցախյան 1-ին, և´ Քառօրյա, և´ 44-օրյա պատերազմներում: Այսօր մենք այստեղ ենք ոգեկոչելու մեր անմահ հերոսների հիշատակը և մեր խոնարհումն ու սերը փոխանցելու նրանց լուսավոր հոգիներին:
Մեր հերոսներն հանուն Հայրենիքի և մեր բոլորի պաշտպանության համար մղված կենացմահու պայքարում զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Եվ իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցել են հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը:
Մեր քաջերի անմնացորդ հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը մեզ՝ ապրողներիս, պարտավորեցնում է մեր ամենօրյա և հայրենաշեն աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:
Հերոսածին ծնողներ, սիրելի ուսուցիչներ, օգտվելով ընձեռված առիթից՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր անմահացած հերոսներին, Ձեր սիրասուն զավակներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, և նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար:
Կարդացեք նաև
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոս նահատակներին:
Աստված պահապան Հայոց ազգին ու ժողովրդին»:
🔺 Հուշ-ցերեկույթին օրվա խորհուրդը լրացնող կատարումներով հանդես են եկել կրթօջախի սաները և անհատ կատարողներ:
Արմավիրի մարզպետարան