Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնի են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» լուսանկարների մրցույթի հաղթողները

Հուլիս 21,2021 13:16

Հուլիսի 20-ին կայացավ  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից հայտարարված «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթին ներկայացվել էր շուրջ 80 լուսանկար:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարեւորել է մրցույթի անցկացումը, նշելով, որ վերջինիս առաքելությունը պատերազմական օրերին լուսանկարների միջոցով արձանագրված փաստերը հավաքագրելն ու պատմական արդարության վերականգնման նպատակով դրանք սերունդներին փոխանցելն էր:

Ստորև ներկայացնում ենք ըստ անվանակարգերի հաղթող ճանաչված լուսանկարները եւ դրանց հեղինակներին:

«Վայրագություններ մարդկության դեմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Ղահրամանյանի «Փրկարարներ և մահացած տատիկ» լուսանկարը: Այն արվել է նոյեմբերի 6-ին՝ Ստեփանակերտում: Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված  ավիառումբի հետևանքով այս նույն ավերված տան մեջ զոհվել էին երկու երիտասարդներ և նրանց տատիկը:

«Հերոսապատումներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվոր» լուսանկարը։ Պատերազմի ժամանակ մարդն ավելի է մոտենում հողին, քնում – արթնանում է հողե խրամատում, ռմբակոծվում  ու թաղվում է այն հողի մեջ, որի համար պայքարում է։ Հայկական լեռնաշխարհի ողնաշարին ձուլված քնած զինվորի թիկունքը, իր բնապատկերի օրգանական մասն է կազմում: Խրամատն իր տունն է դառնում. տուն՝ առանց տանիքի ու պատերի։

«Միասնական թիկունք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վահե Մելքոնյանի «Կուռ թիկունք, հզոր երիտասարդություն» լուսանկարը։ Հյուրանոցի նկուղային հարկում գտնվող գիշերային ակումբը երիտասարդ սեփականատերերի կողմից (Արսենի ղեկավարությամբ)  վեր էր ածվել էվակուացիոն կայանի: Այստեղ ընդունում էին պատերազմական գոտուց եկած տարեցների, կանանց ու երեխաների՝ ապահովելով նրանց և՛ սնունդը, և՛ գիշերակացը, և՛ տեղափոխումը դեպի Հայաստան:

Նշենք, որ լուսանկարների գնահատման գործընթացին ներգրավված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Ժյուրիի կազմում էին Ռուբինա Մարգոսյանը (EVN Report), ֆոտոլրագրողներ Արեգ Բալայանը, Նազիկ Արմենակյանը, Էրիկ Գրիգորյանը, Քեն Մարտինը, Ջեքի Աբրամյանը (Forbes), ինչպես նաեւ Աննա Նաղդալյանը:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

 «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031