Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմեն Չարչյանի տրամադրությունն ընտիր է. այն առաջին օրվանից էլ եղել է ընտիր ու պահպանվում էր». Էրիկ Ալեքսանյան

Հուլիս 21,2021 13:08

«Ցավոք, արդարադատությունն այդքան երկար տևեց, քանի որ պրոֆեսորն իրականում երբեք պիտի կալանավորված չլիներ: Սա մեծ անարդարություն էր, որը տեսանք, և տևեց մեկ ամիս, բայց ի վերջո արդարադատությունը միշտ հաղթում է»,- պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Արամ Վարդեւանյան

Անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանքի հետ կապված՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմանը՝ Արամ Վարդևանյանն ասաց. «Տիկին Մելիքսեթյանը դատավորներից առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջով բավարարեց: Նրա վերաբերյալ եկեք գնահատական չտամ. ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի հարցրեք՝ ինչ կարծիք ունեն նրա արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, որ կալանքն ամեն կերպ փորձեց պահպանել, Լուսինե Աբգարյանն էր: Հարցրեք՝ քանի՞ ծանր հանցագործության գործով է նա կարողացել դատավորին հարիր արդարադատություն իրականացնել: Հետո նաև հարցրեք պարոն Միսակյանի արդարադատության իրականացման մակարդակի մասին ու այս բանաձևում ամեն պատասխանը կտեսնեք:

Արամ Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը վերցնելու է իր պատգամավորական մանդատը:

Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչ Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց. «Արդարադատությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում: Մենք ականատես եղանք այդ երևույթին»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արմեն Չարչյանի տրամադրությունն ինչպե՞ս է, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ընտիր: Իր տրամադրությունն առաջին օրվանից եղել է ընտիր ու պահպանվում էր այդ տրամադրությունը»:

Հարցին՝ արդյոք դատարանի նման որոշում սպասո՞ւմ էր պարոն Չարչյանը, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Նման արտահայտություն, գնահատական տալը ճիշտ չէ: Սպասելիքը մի քիչ իրավաբանության մեջ սխալ է: Առհասարակ դատավորը դատական նիստի ընթացքում պիտի ցուցաբերի այնպիսի վարքագիծ, որ որևէ մեկը չկարողանա սպասելիք ունենալ: Հենց դրանով է պայմանավորված անկախ արբիտրի վարքագիծը: Ականատես եղանք, որ այս դատավորը դատավարության ողջ ընթացքում ցուցաբերել է այնպիսի վարքագիծ, երբ ոչ մի փաստաբան, ոչ մի այլ կողմ չէր կարող սպասելիքի վերաբերյալ գնահատական տալ: Եվ միշտ պիտի այսպես լինի, այլ ոչ թե դատավորը դատական նիստի ընթացքում քննիչ է վիրավորում, դատախազ է վիրավորում, ասում՝ ինչո՞ւ սա արված չէ, նա արված չէ, բայց հետագայում գալիս, այլ որոշում են կայացնում: Նման վարքագիծ դատավորը չպետք է ցուցաբերի: Պիտի ցուցաբերի այնպիսի վարքագիծ, որը ցուցաբերեց Վահե Միսակյանը՝ անկախ արբիտրի վարքագիծ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031