Գիշերը՝ ժամը 4․45-ին Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժնում հաղորդում է ստացվել, որ Պարոնյան փողոցի տներից մեկում կրակոց է հնչել։
Այս մասին ահազանգել է տանտիրուհին։
Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ:
Տանտիրուհին հաղորդում է տվել, որ անհայտ անձը դիմակավորված՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացելով ննջասենյակի պատուհանը, մուտք է գործել տուն ու զենքի գործադրմամբ ամուսնուց պահանջել, ստացել է գումար, որից հետո արձակել է մեկ կրակոց ամուսնու աջ ոտքին, դիմել է փախուստի։
Կարդացեք նաև
Ամուսինը հրազենային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա ասաց, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, քննչական վարչությունում կատարվում է քննություն։
Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot-ին տեղեկացրեց, որ 1951 թվականին ծնված տղամարդը Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել ժամը 5․20-ին։ Նա ստացել է աջ սրունքի հրազենային կոտորակային վնասվածք, սրունքի զույգ ոսկրերի վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք, նրբոլոկային նյարդի վնասվածք, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ։ Վիճակը ծանր է, կայունանալուց հետո պետք է վիրահատվի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ