Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի, կարողացանք դրանք հաղթահարել: Այդ գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում, կառավարությունը, քաղաքական թիմը համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույնպես կարևորել է բանակում մեկնարկած բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծումը: «Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում: Հունիսի 20-ի ընտրություններից հետո մեր հանրությունը կոնկրետ ծրագրի կոնկրետ մանդատ է տվել: Կարծում եմ՝ միասին առաջիկա 5 տարիներին այդ մանդատը կիրացնենք նաև բանակում բարեփոխումներն իրականացնելիս»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար: «Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու»,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար և հանձնել հուշանվեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհավորել է Արշակ Կարապետյանին և մաղթել արդյունավետ գործունեություն:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ