Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մանուկյան. «Ես էլ որոշել եմ, որ պատգամավորը հենց ինձ նման պետք է լինի». «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2021 10:29

Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռեւս նաեւ պատգամավոր Արթուր Մանուկյանը, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից: Արվեստագետը որոշել է կրկին զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ:

– Մի անգամ դուք ասել եք, որ ուզում եք կոտրել այն ըմբռնումը, թե քաղաքական գործիչն այլմոլորակային է, մի ուրիշ տեսակի մարդ: Արդյոք կարողացա՞ք ինչ-որ չափով հասնել դրան, թե՞, այնուամենայնիվ, հասարակության մեջ ձևավորված կաղապարները դժվար են կոտրվում՝ հաշվի առնելով նաև տարբեր իշխանությունների օրոք տարբեր քաղաքական գործիչների դրսևորած վարքագիծը:

– Գիտեք, ես դրա համար առանձնապես ջանքեր չեմ թափել, այլ ինքս իմ մեջ ասել եմ, որ պետք է իմ օրինակով կոտրեմ այն ստերեոտիպը, որ քաղաքական գործիչը պետք է լինի ինչ-որ ֆորմայի մեջ և վերջ: Ես շատ հաճախ կարդացել եմ մեկնաբանություններում ինձ ուղղված մեղադրանքներ, գրում էին՝ սրա մազերին, մորուքին, հագուստին, շարժուձևին, խոսելու ձևին նայեք: Ես ինչո՞ւ պիտի նմանվեմ իրենց: Այդ ո՞վ է որոշել, որ պատգամավորն իրենց նման պետք է լինի: Ես էլ որոշել եմ, որ պատգամավորը հենց ինձ նման պետք է լինի:

Նախկինում, երբ պատգամավոր էր մտնում որևէ խանութ, բոլորը խառնվում էին իրար, զգաստանում. օ՜, պատգամավոր է մտել: Իսկ ես ասում եմ՝ այդ պատգամավորը պետք է խառնվի, որ մտել է ինչ-որ մեկի տարածք, որովհետև իրեն հարցեր են տալու, պահանջներ ներկայացնեն: Ու ինքը պետք է այդ բոլոր հարցերին պատասխանի:

Բայց խոստովանեմ, որ ինձ մի հարցում կարողացել են կոտրել. երկար ժամանակ համոզում էին, որ գոնե լիագումար նիստերին փողկապ կապեմ: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ նորից չեմ կապում, ազատվել եմ փողկապից: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կոստյո՞ւմն է, որ պետք է քեզ գեղեցկացնի:

– Պարոն Մանուկյան, Ձեզ մի օր կրկին կտեսնե՞նք որևէ պետական կառույցում որպես պաշտոնյա գործունեություն ծավալելիս, թե՞ ակտիվ քաղաքականությամբ այլևս չեք զբաղվի:

– Ես երբեք քաղաքականությունից դուրս չեմ եղել: Նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքականության մեջ չէի: Երբ ոտքս դրել եմ թատրոն, ես զբաղվել եմ քաղաքականությամբ: Որովհետև այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ցանկացած պիեսում, դրանք քաղաքական խնդիրներ են ինձ համար: Ինչ վերաբերում է որևէ պետական կառույցում լինելուն, սպասենք՝ մինչև ձևավորվի Կառավարությունը: Եթե կհամարեն, որ իմ գիտելիքի, իմ ներուժի կարիքը կա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, իսկ հանրության մեծ մասը վստահել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ես՝ որպես կուսակցության հիմնադիր անդամ, ունեմ քաղաքական պատասխանատվություն:

– Իսկ ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:

– Ես մասնագիտությամբ դերասան եմ, ռեժիսոր և երաժիշտ, նաև երաժշտություն եմ գրում: Շատ տարբեր բաներ կարող եմ անել և կզբաղվեմ դրանցից մեկով: Ասեմ նաև, որ Դրամատիկական թատրոնից էլ առաջարկ ունեմ, որը սիրով ընդունել եմ և մտքով արդեն այնտեղ եմ:

Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031