Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի մանդատին» համապատասխան

Հուլիս 21,2021 10:00

Վերջին օրերին մեր սահմաններին՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Երասխում անհանգիստ է՝ թշնամին պարբերաբար դիմում է սադրանքների, որոնք, համենայնդեպս, քաղաքական, դիվանագիտական մակարդակում պատշաճ պատասխանի չեն արժանանում: Սա այն դեպքն է, երբ արտաքին քաղաքականությունը, ինչպես որ դա սովորաբար լինում է, կապված է ներքինի հետ: Մեր հասարակության մեջ չկա տագնապ՝ այդ իրավիճակի հետ կապված, եւ իշխանությունն էլ, քանի որ նրան ոչ մի պահանջ չի ներկայացվում, «արխային» է, հարկ չի համարում որեւէ լուրջ քայլ ձեռնարկելու:

Փոխարենը մեզ ուրախացնում են «եվրոպական առատաձեռնությամբ»: Ինքնին դա, անշուշտ, դրական երեւույթ է: Բայց նախ՝ 2.6 միլիարդ եվրոն, որքան էլ զարմանալի հնչի, այնքան էլ ֆանտաստիկ գումար չէ. իր տարածքները կորցրած Սաակաշվիլիին ԵՄ-ն տվել էր 7-8 անգամ ավելի շատ, բայց դա, ի վերջո, չօգնեց ո՛չ Սաակաշվիլիին, ո՛չ էլ առանձնապես Վրաստանին: Երկրորդ՝ ծրագրերը մանրամասնորեն մշակելու պարտականությունը մեր կառավարությանն է. եթե լուրջ աշխատանք չկատարվի, հենց այնպես այդ փողերը ոչ ոք չի տա: Եվ երրորդ՝ արդյոք հաշվարկա՞ծ է ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ բալանսը: Այն մարդիկ, որոնք դեռեւս աշխատում են ԱԳՆ-ում, կարո՞ղ են ազդել քաղաքականություն ձեւավորելու վրա:

Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշակ Հարությունյանը, որն իր բոլոր թերություններով հանդերձ, որոշակի կապեր ուներ ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականության շրջանակներում: Արդյո՞ք այդ համատեքստում ԱԳ նախարարի հաջող թեկնածու է Արմեն Գրիգորյանը: Ինձ թվում է, բոլոր հիմքերը կան պնդելու, որ պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո մեր պետությունը եւ առաջին հերթին՝ բանակն ու դիվանագիտությունը դեռեւս իրենց չեն վերագտել, եւ դա մեծ մասամբ պայմանավորված է ներկա իշխանության որակով: Այստեղ գործում է, այսպես կոչված. «Դանինգի-Կրյուգերի էֆեկտը». ամերիկացի սոցիոլոգների պնդմամբ՝ որքան բարձր է ոչ կոմպետենտության մակարդակը, այնքան մեծ է սեփական անսխալականության մեջ վստահությունը:

Բայց, կրկնեմ, իշխանության որակն ուղղակիորեն պայմանավորված է այն «ժողովրդով», որն այդ իշխանությունը ձեւավորել է ընտրություններին մասնակցող քաղաքացիների բացարձակ մեծամասնությամբ՝ ավելի քան 600 հազար հոգով: Հետեւաբար, Հայաստանում տեղի ունեցող եւ տեղի ունենալիք իրադարձությունների համար պատասխանատու է ոչ միայն Փաշինյանը, այլեւ անձնապե՛ս այդ 600 հազարից յուրաքանչյուրը: Իշխանությունն աշխատում է իրեն տրված մանդատին համապատասխան. ընտրարշավի ժամանակ ՔՊ-ն խոստացել է Հայաստանի ներսում մուրճով խփել բոլոր «վատ մարդկանց» գլխներին: 600 հազար հոգին հենց դրա համար էլ ձայն են տվել ՔՊ-ին: Ընտրված իշխանությունը, հավատարիմ մնալով այդ խոստմանը, հենց դրանով էլ զբաղված է, մասնավորապես, Սյունիքի մարզում: Փաշինյանը հունիսի 20-ից առաջ չի խոստացել պահպանել մարդկանց անվտանգությունը կամ մեր սահմանները, եւ նրա ընտրազանգվածը դա չի էլ պահանջում: Կատարյալ կոնսենսուս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    «Հասարակ» ժողովուրդը ընտրություն է կատարում քաղաքական դաշտում երևացող ֆիգուրներից, ընդ որում առանց անձնական շահի, որը բնորոշ չէ «էլիտային»: Իսկ թե ովքեր են ամայացրել ՀՀ-ի քաղաքական դաշտը, թողնում եմ ձեր հայեցողությանը(իմ կարծիքով հիմնական մեկնարկը՝ 99-ի հոկտեմբերի 27-ն էր):

  2. Ruben says:

    ԱՄՆ-ն և «միավորված ժողովուրդներ» («ազգեր») հասարակական կազմակերպության հպատակներից շատերը ունեն ժողովուրդ (ազգերին պատկանող մարդկանց հավաքածու), բայց ոչ ազգ՝ ազգային պետականության համար:
    Հայքը ունի «հայ» ժողովուրդ և Հայ ազգ: Դժբախտաբար Հայ ազգը սակավաթիվ է՝ ազգային պետականության համար:
    ժողովրդավարությունը (ժողովրդին վարելը և «ցանելը») աղետ է ազգային պետականության համար:

  3. Լավատես says:

    Սովետը պարտվեց եւ վերացավ, Սովետի հանրապետությունները կպարտվեն ու կվերանան, մեր փրկությունը Տեղական ինքնակառավարման կառույցներին նոր շունչ ու իմաստ հաղորդել է, պետական ծառայությունների միակ լեգիտիմ պատվիրատուն ինքնակառավարման կառույցներին են, որոնք էլ կպաշտպանեն իրենց ծառայող Պետությանը։

  4. Հայ մարդ says:

    Հետաքրքիրն այն է, որ խորհրդարան մտած քաղաքական ուժերի կազմը և այդ ուժերի համամասնությունը լիովին բավարարում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրող կողմերին: Խորհրդարան մտած բոլոր ուժերն էլ ընդունում են այդ համաձայնագիրը, Ռուսաստանի կարևոր դերը (և ոչ թե՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների) Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում և մտադիր չեն վերանայելու եռակողմ համաձայնագրի դրույթները: Առաջիկայում ԱԺ-ում կծավալվեն թատերական բանավեճեր, փոխադարձ ձևական գրոհներ միմյանց նկատմամբ (օրինակ այսպես՝ էդ դուք չէիք, որ էն ժամանակ ատկատներ էիք անում, մյուս կողմն էլ թե՝ դուք ձեր պարգևավճարներից խոսեք և նման այլ շոուներ կցուցադրեն): Բայց կառավարող թիմերի որակի և Արցախի հիմնախնդիրը լուծելու կարողությունների հարցում խորհրդարան մտած երեք ուժերը միմյանցից գրեթե չեն տարբերվում, քանի որ երեքի արած-չարածն էլ արդեն տեսել ենք:
    Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխությունների ծրագրեր և կարողություններ ունեցող քաղաքական ուժեր, որոնք ձեռնամուխ կլինեն փոխելու այս միապետական սահմանադրությունը, կարգի բերեն մեր բանակը, տնտեսությունը, կրթությունը, մեր արտաքին քաղաքականությունը կդարձնեն բազմաբևեռ: Փորձենք գտնել այդպիսի ծրագրերով քաղաքական ուժեր արտախորհրդարանական տիրույթում:

Պատասխանել