Օրերս Ազգային ժողովն ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այս նախագծով սահմանվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով:
Հայաստանում ոսկու, պղինձ-մոլիբդենի 66 հանքավայր կա։ Տարիներ շարունակ տնտեսագետները, բնապահպաններն ու այլ փորձագետները հայտարարում էին, որ մեր հանքերը թալանվում են, հանքարդյունաբերողները գերշահույթներ են ստանում, ի համեմատ դրա, պետբյուջե քիչ հարկ է մուծվում եւ այլն։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի եւ ոլորտի հետագա զարգացման համար։ Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից, համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 դոլար։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24,000 դոլարի չափով։ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 դոլարի պարագայում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր»։
Այս նախագծի վերաբերյալ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց՝ սա կարճաժամկետ լուծում է՝ որպես պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների կտրուկ աճի, խնդիրը երկարաժամկետ հեռանկարով, դեռեւս լուծված չէ, կոնսենսուս չկա։
Ընդհանրապես, հանքահումքային ոլորտի հարկահավաքումն, ինչպես պարոն Խուրշուդյանն ասաց, աշխարհում ամենաբարդ ոլորտներից է, եւ տարբեր երկրներում տարբեր է փորձը՝ ի՞նչ սկզբունքով հարկեն, շա՞տ, թե՞ քիչ հարկեն. «Որովհետեւ դա ազդում է երկու կարեւոր տարրի վրա, մեկը՝ ռիսկերի, այսինքն, ներդրողը կհամարձակվի՞ այդ ոլորտ մտնել, թե՝ ոչ, մյուսը՝ հարկերի մակարդակի վրա։ Ժամանակին Հայաստանում փոխեցին այդ ոլորտի հարկման բանաձեւը, ինտեգրալ բանաձեւ է դրած՝ կամ ռոյալթին են շատ վճարում կամ շահույթը։ Ենթադրվում էր, որ եթե գինը ցածր ցույց տա, այսինքն, օֆշորին վաճառի եւ այլն, շահութահարկը քիչ տա, այդ դեպքում ընկերությունը ռոյալթին է շատ վճարում եւ հակառակը»։
Աշոտ Խուրշուդյանի խոսքով՝ օրենքի փոփոխությամբ ենթադրվում է, որ այս մոտեցումից պիտի հրաժարվեն երբ պղնձի կամ մոլիբդենի միջազգային գները բարձր են. «Բայց երբ գները բարձր են, սկզբունք կա՝ ոչ թե գանձում ես փաստացի ինչ գնով է վաճառել, այլ՝ միջազգային շուկաներում ինչ գին է ձեւավորվել, ըստ դրա է ռոյալթին գանձվում։ Ենթադրվում էր, որ այդ տրամաբանությունը ինչ-որ չափով դրել էին, բայց փաստորեն, դա այսօր չի բավարարում կամ չի աշխատում եւ տուրքի չափը մեծացրել են։ Ես սա կարող եմ միայն ենթադրել, որովհետեւ օրենքի հեղինակները հստակ պետք է ասեին՝ գործող համակարգն ինչո՞ւ չէր աշխատում եւ ինչո՞ւ է այս փոփոխությունն անհրաժեշտ։ Որովհետեւ, եթե միջազգային գները բարձրացել են եւ ճիշտ գնով է վաճառվում, ոչ թե միջանկյալ օֆշորային գնով է վաճառվում հումքը, ապա շահույթը պետք է շատ մեծ լիներ այդ գործարանների, եւ բնականաբար, մեծ շահութահարկ կտային»։
Կարդացեք նաև
Տնտեսագետը հիշեցրեց՝ այսօրվա կառավարությունը իջեցրել է շահութահարկը, դարձրել 18%, պրոգրեսիվություն չկա, եւ մենք ունենք ոլորտներ, որոնք կարող են գերշահույթներ ստանան, եւ երբ պրոգրեսիվություն չկա, այսպիսի խնդիրների առաջ են կանգնում։
«Ամեն դեպքում, սա միջանկյալ լուծում է, որպեսզի այս ոլորտը հասկանանք, դրա ապագան հասկանանք։ Այսինքն, նախ՝ ուզո՞ւմ ենք այդ ոլորտում ներդրումներ, թե՞ ոչ, եւ հետո՝ եթե չենք ուզում ունենալ, ապա ինչպե՞ս ենք եղածը գանձում։ Որովհետեւ հանքահումքային ոլորտում ներդրումների մեծ մասը հիմնականում նախագծա-երկրաբանահետախուզական աշխատանքներում է ծախսվում եւ ներդրողը պետք է շահագրգռված լինի։ Այսինքն այս ոլորտում հստակ քաղաքականություն պետք է լինի, ինչն այսօր չկա»,-ասաց պարոն Խուրշուդյանը։
Ի վերջո, այս ոլորտում, ըստ տնտեսագետի, խնդիրներին հեռանկարային լուծում է պետք, եւ շահագրգիռ կողմերի միջեւ կոնսենսուս պետք է լինի, որովհետեւ կան ներդրողի շահեր, պետական շահեր, բնակիչների շահեր, ազդակիր համայնքների շահեր, բնապահպանական շահեր եւ այլն։
Նախագծի հեղինակները նշել են՝ սա ժամանակավոր լուծում է` մինչեւ ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական եւ խորքային վերանայումը։ Երկարաժամկետ իմաստով, կառավարությունը նախատեսում է վերանայել այս ոլորտի հարկային քաղաքականությունը, եւ ինչպես հիմնավորման մեջ է գրված՝ երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկմումը ապահովելու համար ստեղծել «Սուվերեն Հարստության Ֆոնդ» ներդրումային հիմնադրամ, որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը:
Աշոտ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի եկամուտները 1990 ականներից սկսած միշտ ծառայել են որպես հավելյալ երկրորդ բյուջե քաղաքական իշխանությունների համար՝ որպես բարեգործական նպատակով ռազմավարական որոշ ուղղություններում. «Դա նշանակում է՝ միշտ լրացուցիչ շահույթ է եղել, որոնք ազատ գումարներ են եղել եւ լավ նպատակներով, բայց ոչ պարտադրված օգտագործել են, կամ գուցեեւ հենց պարտադրված։ Հարցն այն է, որ մենք այսօր պետության միջոցով ենք դրանք տուրքի տեսքով անելու, ոչ թե թողնելու ենք բարեգործական գերշահույթներն օգտագործեն այլ նպատակներով։ Աշխարհում քիչ չեն մասնավոր հիմնադրամները կամ այն կորպորացիաները, որոնք շատ շահույթ են ստանում եւ շահույթի մի մասը վերաուղղում են այլ նպատակներով՝ պետության համար օգտակար։ Սա շատ երկրներում արվում է, երբ հանքարդյունաբերողը պետական է, ոչ թե մասնավորը։ Հայաստանում մասնավորն ու պետությունը դեռեւս չեն եկել ինչ-որ պայմանագրային կետի, որի հիման վրա ճիշտ հարաբերվեն։ Հարաբերությունն էլ երեւի դեռ ձեւավորված չէ, որովհետեւ դեռ քաղաքական դաշտն է խմորման մեջ, տնտեսական հարաբերությունները նույնպես»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.07.2021