Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալի գործով վերաքննիչ դատարանը մերժել է դատախազ Մուրադյանի բողոքը

Հուլիս 21,2021 14:30

2004 թվականի սեպտեմբերի 21-ին զորամասերից մեկում ծառայող Արթուր Մեսրոպյանի դին հայտնաբերելուց հետո Արթուր Քոչարյանին տեղափոխել են Ստեփանակերտի ռազմական մեկուսարան, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները փայտով եւ ռետինե մահակով ծեծել են՝ պահանջելով ցուցմունքներ տալ Ա. Մեսրոպյանի սպանության վերաբերյալ քրեական գործով: Ապա նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, որտեղ նրա նկատմամբ կրկին բռնություն է գործադրվել` քննիչի թելադրանքով ցուցմունք գրելու պահանջով, որից Ա. Քոչարյանը հրաժարվել է։ Այնուհետեւ՝ 2004 թվականի նոյեմբերի 3-ին Ա. Քոչարյանը եւ մի քանի զինծառայողներ ձերբակալվել են, իսկ նոյեմբերի 5-ին կալանավորվել՝ Ա. Մեսրոպյանի սպանության գործում ներգրավվելով որպես մեղադրյալներ։

Նախաքննության փուլում Արթուր Քոչարյանը, զինծառայողները նշել են, որ իրենց բռնության են ենթարկել, այդ հանգամանքը բավարար ուշադրության չի արժանացել։ 2018 թվականի նոյեմբերի 5-ին հարուցվել էր քրեական գործ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին. Ա. Քոչարյանը այդ գործով ճանաչվել էր տուժող։

Վերաքննիչ դատարանը օրեր առաջ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Մուրադյանի վերաքննիչ բողոքը՝ դատական ստուգման ենթարկելու Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արթուր Քոչարյանի իրավունքների խախտումները վերացնելու մասին որոշումը։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 19-ին էր դատախազ Ա. Մուրադյանը վերաքննիչ բողոք ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Ցմահ դատապարտյալի պաշտպանությունը ստանձնել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը եւ Արայիկ Զալյանը:

2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կայացրել էր «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը, համաձայն որի՝ ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Բնականաբար, որոշումը բողոքարկվել է վերահսկող դատախազին, ով իր որոշմամբ նույնպես մերժել է:

2020 թվականի օգոստոսի 28-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Անի Չատինյանի եւ Արայիկ Զալյանի բողոքը՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա. Քոչարյանի իրավունքների արձանագրված խախտումները։

Հետեւել էր դատախազ Ա. Մուրադյանի վերաքննիչ բողոքն այդ որոշման դեմ։

Վերաքննիչ դատարանն արձանագրել էր մի քանի փաստ. նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ քննությունը պետք է բազմակողմանի իրականացվի. տվյալ դեպքում քննություն իրականացնող մարմինը լրիվ քննություն չէր իրականացրել, հաշվի չէր առել Արթուր Քոչարյանի` խոշտանգման մասին ցուցմունքները, ինչի արդյունքում խախտվել էին նրա իրավունքները։ Դատարանը կարեւորել է նաեւ հոգեբանական փորձաքննության անցկացումը, ինչը բաց է թողնվել գործի քննության ընթացքում։ Պաշտպանական կողմը ընդհանուր իրավասության դատարանում կարեւորել էր այդ հանգամանքը: Դեռ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը փաստել էր. «Իր տրամադրության տակ ունենալով քրեական գործով տուժողների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ցուցմունքներ՝ քննիչը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել՝ վատ վերաբերմունքի եւ անազատության մեջ պահվելու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, արդյունավետ քննություն անցկացնելու եւ միջադեպի ողջ մանրամասները պարզելու ուղղությամբ»:

Իրավապաշտպան գրասենյակի փաստաբաններն անդրադարձել էին գործով վկաների ցուցմունքներին: Ըստ նրանց էլ, գործի նյութերի ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող մարմինը նրանց չի հարցաքննել. «Պարզապես կազմվել են միմյանց կրկնող արձանագրություններ՝ նույն տպագիր բլանկի վրա… նույնաոճ, անփույթ, նույն բառերով ու նախադասություններով շարադրանքը վկայում է ձեւական բնույթի քննության իրականացման մասին»:

Քննիչը մերժել էր գործով անցնող ամբաստանյալներից մեկին հարցաքննելու բազմաթիվ միջնորդությունները: Մինչդեռ ըստ պաշտպանական կողմի՝ այն կարող էր էապես փոխել գործի ելքը: Ըստ էության, իրավական գնահատական չէր տրվել Ա. Քոչարյանի եւ մյուսների գործով անցնող բոլոր դատավորների եւ մեղադրանքը պաշտպանող դատախազների անգործությանը, ովքեր, դատարանում տեղեկանալով բռնության, ծեծի եւ ստիպողաբար ցուցմունքներ կորզելու մասին հայտարարություններին, համարժեք քայլեր չեն ձեռնարկել:

Դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ դատարանի, պարունակում էր ավելի շատ գնահատողական մոտեցումներ, քան փաստական հիմքեր, հետեւաբար մերժվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
նկարը՝ ՀՔԱՎ-ի

«Առավոտ» օրաթերթ
20.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031