Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժ, սադրանքներ ու պայթյունավտանգ իրավիճակ

Հուլիս 21,2021 12:00

Դեռ որքան է ՀՀ իշխանությունը մնալու Ադրբեջանի լարած պրիմիտիվ ծուղակում

Անցյալ շաբաթվանից սրվեց իրադրությունը Նախիջեւանի՝ Երասխի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժի հետ ծավալված փոխհրաձգության հետեւանքով Հայաստանի զինուժի զինծառայող զոհվեց: Կորուստներ էր կրել նաեւ ադրբեջանական կողմը: Երասխի ուղղությամբ հայ զինծառայողի զոհվելու օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե «ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ»։

Իրավիճակն ակնհայտորեն գնում է դեպի լարվածության նոր փուլ: Երասխի ուղղությամբ հայկական զինուժի զոհը երկրորդն է 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանցիների կրակոցից մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի մոտ զոհվել էր եւս մեկ զինծառայող։ Ադրբեջանը Հայաստանի սահմանին, այսպես ասած՝ նոր իրավիճակ է ձեւավորում:

Մայիսի կեսերից ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՀՀ տարածքում հայտնվելը հանդուրժելը, հիմա ունենում է կոնկրետ հետեւանքներ. Բաքուն իրեն զգում է անպատժելի իրավիճակում: Ու թեեւ արդեն զարմանալի չէ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պահվածքը, այնուամենայնիվ, արձանագրենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների փաստը բերվում էր որպես արդարացում այդ գործողություններում չխառնվելու հարցում, ապա հիմա ինչպե՞ս անվանել Մոսկվայի լռությունը, երբ հայկական կողմից արդեն 2 զոհեր կան:

Ալիեւն անցյալ շաբաթ Բաքվում ընդունեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հետ ընդգրկված է աշխատանքային խմբում, որը համակարգում է 44-օրյա պատերազմից հետո Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերը: Հիշեցնենք, որ երեք փոխվարչապետներն արդեն մի քանի անգամ հանդիպել են:

Մինչ Ալիեւն ակնհայտորեն գնում է դեպի իրադրության սրացում, Բաքվում զրույցից առաջ Օվերչուկն Ալիեւին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Պուտինի ողջույնը, ապա Օվերչուկն ու Ալիեւը քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Օվերչուկն ու Ալիեւը գոհունակությամբ նշել են առեւտրաշրջանառության եւ, մասնավորապես, Ադրբեջանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աճը:

Այսպես, Ադրբեջանի իշխանությունները կիրառում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Մինչդեռ, հայկական կողմը հետեւողականորեն նշում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ միջանցքի մասին խոսք չի եղել, կողմերը պայմանավորվել են վերականգնել տրանսպորտային ուղիները:

Պաշտոնական Երեւանի դիրքորոշումն անցյալ շաբաթ նախ կրկնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծելով, որ «միջանցքային տրամաբանությամբ» ոչ մի հարց ադրբեջանական կողմի հետ չի քննարկում: Նրա փոխանցմամբ, ապաշրջափակումը կտա այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Հայաստանի տարածքով անցնող ուղիներով ապրանքներ փոխադրելու հնարավորություն, բայց այդ ուղիների նկատմամբ հսկողության սահմանում պարզապես բացառվում է: Բացի այդ, ըստ Գրիգորյանի, տրանսպորտային ուղիների վերաբացումը պետք է փոխադարձ գործընթաց լինի:

Նկատենք, որ «Հրապարակին» տված Մհեր Գրիգորյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլից ի վեր հանդիպում չի ունեցել, որ հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ, եւ անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Խոսելով «միջանցքային տրամաբանության» մասին, նա հստակեցրել էր. «Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին»։ Ապա, Գրիգորյանը հավելել էր. «Եվ ոչ թե հսկողության կամ ոչ միայն հսկողության, այլ նաեւ որեւիցե մի արտոնյալ կամ որեւիցե մի հատուկ կարգավիճակ»։

Հարցին, այսինքն՝ ճանապարհ կարող է տրվել, բայց բացառապես երկու կողմից հավասար օգտվելու իրավունքո՞վ, Մհեր Գրիգորյանը նշել էր. «Եվ նաեւ մնացած այլ հարեւան երկրների»։ Նա եւս մեկ անգամ ընդգծել էր, որ ապաշրջափակման հարց, այո, ՀՀ-ն քննարկում է, եւ դա նորմալ է, եւ նման նպատակ ունի ՀՀ-ն։ Իսկ հարցին՝ ո՞ր տարածքով, Սյունիքո՞վ եւ Սյունիքի հատկապես ո՞ր մասով, Մեղրիի՞ հատվածով, Մհեր Գրիգորյանը պատասխանել էր. «Դա արդեն կախված կլինի ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորություններից եւ արդյունավետությունից»: Ի դեպ, հարցին, Տավուշի մարզի մասո՞վ էլ կա տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ քննարկում, Մհեր Գրիգորյանը նկատել էր. «Էնտեղ պոտենցիալ երկաթգծային եւ ավտոմոբիլային կապի հնարավորություն կա, ըստ այդմ՝ այո, օրակարգում կա, բայց ավելի մանրամասն հիմա որեւէ բան չեմ կարող ասել»։

Ահա, պաշտոնական Երեւանից այսպիսի պարզաբանումների ֆոնին Բաքուն, այսպես ասած, բացեց «խաղաքարտերը», ցույց տալով, որ դժգոհ է Հայաստանի դիրքորոշումից: Երասխի հատվածում փոխհրաձգությունից բացի, նաեւ հրաձգություն արձանագրվեց Շուշիի մոտակայքում:

Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին նաեւ պաշտոնական Երեւանն այսպես արձագանքեց։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց ադրբեջանական կողմի գործողությունները՝ դրանք սադրանք որակելով։ Ըստ արտգործնախարարության` պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը: «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները», – ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հուլիսի 14-ին, երբ հայկական կողմը հայտնեց զոհի մասին տեղեկությունը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ բանակցությունների սեղանի շուրջ առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զինուժի հեռացումն է Հայաստանի տարածքից։ «Վաղ թե ուշ, ինչ-որ մի օր անպայմանորեն սահմանագծում եւ սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարեւանների հետ, բայց այսպես ասած` շատ կոպիտ խախտելով մեր սահմանը եւ տեղակայվելով մեր սահմանի ներսում եւ այսպես ասած` նույնիսկ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների, անարդյունավետ ճանապարհ է, դա որեւէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը եւ մեթոդը շանտաժի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության տարածքից»,- նշել էր նա:

Ավինյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Պարզ է, որ թե ռուսական կողմը, թե Հայաստանի մյուս գործընկեր պետությունները կփորձեն այս փուլում Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորվածությունների գալ:
Սակայն Հայաստանի իշխանությունները պետք է հանրությանը լուսավորեն, ի՞նչ է նշանակում Ադրբեջանի նախագահի հետեւյալ հայտարարությունը, թե՝ «ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվության համաձայն` Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»։

Այստեղ հարցի պատասխանը չպետք է լինի պարզապես Ադրբեջանի նախագահին հերքելը, թե ոչ՝ Հայաստանը մշտապես կողմ է խաղաղության հաստատմանը եւ այլն… Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչու է Ալիեւը ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՀՀ տարածք ներխուժման, հայ ռազմագերիների՝ Բաքվում պահելու պայմաններում պաշտոնական Երեւանից ակնկալում խաղաղության համաձայնագրի ստորագրում: Թե՞ այս դեպքում էլ նախկիններն են մեղավոր, որ Ալիեւը չի կատարում եռակողմ համաձայնագրի պահանջները ու գումարած դրան՝ նրան հաջողվում է պաշտոնական Երեւանին ներկայացնել որպես «ապակառուցողական» կողմ:

Կամ՝ ինչո՞ւ պաշտոնական Երեւանին չի հաջողվում գործընկեր պետությունների կողմից Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը դատապարտող հայտարարություններ ստանալ: Դեռ որքան է աշխարհը տեսնելու, որ Հայաստանում իշխանավարում է մի քաղաքական ուժ, որին Ադրբեջանը, որը իրեն համարում է պատերազմում միանշանակ հաղթած կողմ՝ շարունակում է հանդուգն ու սանձարձակ շանտաժը ու սպառնալիքները ՀՀ-ի նկատմամբ:

Պաշտոնական Երեւանը, ի դեմս փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանի, հայտարարում է. «Առաջնահերթությունների շարքում է Արցախի կարգավիճակի հարցը, եւ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, կարծում եմ` ընդհանուր այլ լուծումների մասին եւ այլ մոտեցումների մասին դժվար կլինի խոսել: Մենք շատ կարեւորում ենք բանակցային գործընթացը, ինչպես նաեւ կարեւորում ենք այն որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայցեւայնպես վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը եւ պայմանագրերը, դելիմիտացիան եւ դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում, եւ առաջին ամենակարեւոր խնդիրը Արցախի եւ Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»:

Շատ լավ, իսկ Հայաստանի իշխանությանը հաջողվո՞ւմ է գործընկեր պետությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների հետ առանձին քննարկումներում հասնել մի փուլի, որում Հայաստանը միայնակ չմնա իր այս դիրքորոշմամբ, եւ մենք լսենք ոչ միայն ստանդարտ հայտարարություններ այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ անելիք ունի, այլ ավելի կոնկրետ հայտարարվի՝ բանակցային գործընթացը երբ եւ ինչ հարցերի շուրջ պետք է շարունակվի, եւ որ ամենակարեւորն է՝ ինչո՞ւ Բաքվին չի հաջողվում բերել բանակցությունների շուրջ:

Հիմա Ալիեւը բռնել է իր հին, ավանդական գիծը՝ պաշտոնական Երեւանին ներկայացնում է որպես ապակառուցողական կողմ, իսկ զուգահեռ հող է նախապատրաստում ռազմական գործողությունների վերսկսման համար: Դեռ որքան է Հայաստանի իշխանությունը ենթարկվելու Ալիեւի այս լկտի շանտաժներին, դեռ որքան է Հայաստանը մնալու Ադրբեջանի լարած այս պրիմիտիվ ծուղակում: Իսկ Ալիեւը, արձանագրենք, որ բավական վտանգավոր հայտարարություններով է հանդես գալիս, ու դրանք անտեսելը ծանր հարված կարող է հասցնել Հայաստանին:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031