Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ձեր այոն այո լինի եւ ոչը՝ ոչ»

Հուլիս 21,2021 14:00

Իսկական լիդերն իշխանություն ունի եւ ոչ թե պաշտոն։ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերը մի առիթով ասել է. «Լինել իշխանությունում դա համարյա նույնն է, ինչ լինել տիկին։ Եթե դուք մարդկանց պետք է ասեք այդ մասին, ուրեմն դա այդպես չէ»։ Արդյոք դուք կարողանո՞ւմ եք տարբերակել, թե ով է ժողով վարում եւ ով է կառավարում մարդկանց։

Դա երեւում է աչքերով։ Ամերիկացի ֆինանսիստ եւ «E.F. Hutton &Co» ընկերության համահիմնադիր Էդվարդ Ֆրենսիս Հատոնն ասել է, որ դուք կարող եք տարբերակել իրական լիդերին, եթե դուք անծանոթ խմբին հետեւեք հինգ րոպե եւ տեսնեք, թե օրինակ, երբ մեկը հարց է տալիս, իսկ մնացածը նայում են մեկ մարդու։ Հենց այդ մեկն էլ իրական լիդերն է։ Դուք կարող եք դա փորձել, երբ լինեք որեւէ ժողովի, հավաքույթի։

Դուք կարող եք տարբերել իրական լիդերին, ի պաշտոնե լիդերից։ Ինչ է անում ի պաշտոնե լիդերը՝ առաջինն է խոսում, կարիք ունի իրական լիդերի հավանության, ազդեցության, որպեսզի կարեւոր գործերը կատարվեն, ազդեցություն ունեն միայն ի պաշտոնե մյուս լիդերների վրա։

Իսկ ինչ է անում իրական լիդերը՝ ուշ է խոսում, կարիք ունի միայն իր իսկ ազդեցության, որպեսզի կարեւոր գործերը կատարվեն, ազդեցություն ունի սրահում գտնվող բոլոր մարդկանց վրա։ Եթե տարբերություն կա, թե ով է ժողովը վարում եւ ով է մարդկանց ուղղորդում, ուրեմն իրական լիդերը ժողովը վարողը չէ։ Առաջնորդության իրական փորձությունն այն չէ, թե ինչով ես սկսում, այլ այն, թե ինչով ես ավարտում։

Առաջնորդության փաստն ապացուցում են հետեւորդները։ Մարդիկ իրական լիդեր կարճ ժամանակում չեն դառնում, այլ ժամանակի ընթացքում եւ հետեւյալ բնորոշ գծերի առկայության դեպքում՝ բնավորությունը, կապերն ու հարաբերությունները, թե ում են նրանք ճանաչում, գիտելիքը, թե ինչ գիտի։ Տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի լիդերի համար։ Գիտելիքն ինքնին մարդուն լիդեր չի դարձնում, բայց առանց դրա հնարավոր չէ գրավել առաջատար դիրք։

Շատ կարեւոր է ինտուիցիան, թե ինչ են նրանք զգում։ Լիդերությունը շատ ավելին է պահանջում, քան հավաքել եւ վերլուծել տեղեկատվությունը։ Միեւնույն ժամանակ գործ ունենք բազմաթիվ ոչ նյութական գործոնների հետ։

Կարեւոր է նաեւ լիդերի փորձը, փորձառությունը, թե որտեղ է նա աշխատել եւ ինչ անցյալ ունի։ Փորձը ձեզ չի երաշխավորում, որ կունենաք վստահություն, առավել եւս վաստակած վստահություն, բայց այն միջոց է, որ մարդիկ ձեզ հնարավորություն տան ցույց տալ, ապացուցել, թե ինչի եք ունակ։ Առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է նաեւ անցյալի հաջողությունները, թե ինչ է արել անցյալում։ Ամեն անգամ, երբ փորձեք ռիսկի դիմել եւ հաջողության հասնել, ձեր հետեւորդները ձեզ ավելի շատ կվստահեն եւ կհավատան։

Եվ վերջապես՝ շատ կարեւոր է այն ունակությունը, թե ինչ կարող է լիդերը անել։ Վերջին հաշվով, հենց դրա համար մարդիկ ձեզ կլսեն եւ կընդունեն որպես լիդեր։ Հենց նրանք դադարեն հավատալ, որ դուք իրոք կարող եք շատ բաների հասնել, նրանք կդադարեն ձեզ լսել։ Վստահությունը առաջնորդության հիմքն է։ Վստահություն ձեռք բերելու համար առաջնորդը պետք է ունենա հետեւյալ բնորոշ գծերը՝ բանիմացություն, այլ անձանց հետ հաղորդակցություն հաստատելու եւ պահպանելու ունակություն եւ իհարկե՝ բնավորություն։ Մարդիկ կներեն փոքր սխալները, բայց նրանք չեն ների բնավորության վատ գծերը։ Բնավորությունը հնարավոր է դարձնում վստահությունը։ Իսկ վստահությունը հնարավոր է դարձնում առաջնորդությունը։ Սա ամուր հիմքի օրենքն է։

Վստահելով ձեզ, ձեր բնավորությանը՝ մարդիկ գալիս են ձեզ հետ «ճանապարհորդելու», իսկ եթե ձեր բնավորության մեջ կան բացեր, ապա մարդկանց համար դա տանջանք է։ Ամերիկացի բասկետբոլիստ Ջերի Ալան Ուեստը նշել է. «Կյանքից շատ բան չեք կարող սպասել, եթե դուք աշխատում եք միայն այն օրերին, երբ ձեզ լավ եք զգում»։ Աստվածաշնչում գրված է. «Թող ձեր այոն այո լինի, եւ ոչը` ոչ. եւ սրանից ավելին` երդումը, սատանայից է»: Միայն խոստացեք, եւ աշխատեք պահել խոստումը։

Բնավորությունը ազդարարում է նաեւ մարդու ներուժը, թե ինչի է նա ունակ։ Անգլիացի վարչական գործիչ, թերթի խմբագիր, Նոբելյան մրցանակակիր Ջոն Մորլին ասել է. «Ոչ ոք չի կարող դուրս գալ իր բնավորության կողմից պարտադրված սահմանափակումներից»։

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել