Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միայն ճանաչված երգիչ, լավ պարող կամ բարձրարվեստ դերասան լինելը երաշխիք չէ գեղարվեստական ղեկավար դառնալու համար»

Հուլիս 21,2021 13:00

Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրիի «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն» ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ

– Տիկին Պետրոսյան, քառորդ դար է՝ դուք գործունեություն եք ծավալում մշակութային ոլորտի կառավարման համակարգում: Հանդիսացել եք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգա-հյուրախաղային բաժնի ղեկավար, Օպերային թատրոնի հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի բաժնում՝ բալետի ծրագրերի ղեկավար: Որպես մշակույթի փոխնախարարի օգնական, մասնակցել եք տարբեր իրավական ակտերի մշակման աշխատանքներին եւ, եթե չենք սխալվում, մինչ օրս խնդրահարույց ՊՈԱԿ-ների մասին օրենքին: Վերջերս «Առավոտի» հետ զրույցում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն նշեց. «Այսօր նվագախմբերի ճնշող մեծամասնությունը՝ ներառյալ լավագույնները, ղեկավարվում են ոչ թե իրենց գլխավոր դիրիժորների, այլ տնօրենների կողմից։ Նման նվագախմբերից շատերը գործում են ոչ թե արեւմտյան զարգացած երկրներում, այլ պետություններում, որոնք վերջին 30 տարիների ընթացքում են իմացել՝ ինչ բան է ժողովրդավարությունը կամ զգացել դրա համը, կամ էլ ընդհանրապես հեռու են դրանից»։

– Գործունեությանս ճանապարհի սկզբին երիտասարդ էի, անփորձ, բայց շատ ամբիցիոզ, ինչը եւ այն ուժն էր, որը մղում էր առաջ՝ ձեւավորելու հմտություններ եւ ձեռք բերելու գիտելիքներ: Պետք է ցավով նշեմ, որ նույնիսկ հիմա, ոչ մի մասնագիտացված կրթական ծրագիր չկա, ինչը հիմք կհանդիսանա արվեստի կառավարման ոլորտում թե այժմեական գիտելիքներ, թե գործնական հնտություններ ձեռք բերելու համար:

Մանավանդ հիմա, երբ ոլորտը ձեւափոխվում է եւ ավելի է դժարացել մշակութային կազմակերպությունների կայուն զարգացման ապահովումը: Անշուշտ, այս հարցում մեծ է դերը յուրաքանչյուր կազմակերպության գեղարվեստական ղեկավարի տեսլականը եւ ծրագիրը, ինչը ցանկացած մշակութային կազմակերպության հիմքն է եւ շարժիչ ուժը: Ինչ վերաբերում է ոլորտի փոփոխմանը, ընդհանրացված ասեմ, որ հիմնական խնդիրները նույնն են, բայց կառավարման մոդելը եւ իրականացման գործիքները՝ այլ: Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ների մասին ձեր որակմամբ՝ խնդրահարույց օրենքին՝ իրավացի եք. պետական կազմակերպության կառավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ տնօրենը: Բայց տնօրենը կառավարումը իրականացնում է կազմակերպության հիմնադիր փաստաթղթի՝ կանոնադրության հիման վրա, որը ներառում է կազմակերպության գործունեության առարկան ու նպատակները: Այսպիսով, գեղարվեստական ղեկավարության խնդիրն է մշակել այնպիսի ծրագիր եւ խաղացանկային քաղաքականություն, որ կազմակերպությունը կարողանա իրականացնի իր առաքելությունը: Գործադիր տնօրենի պարտականությունն է՝ կարողանալ ապահովել այս ծրագրի իրագործումը: Եթե նման տրամաբանությամբ շարժվենք, ապա գեղարվեստական ղեկավարությունն է որոշում զարգացման ուղղությունը, իսկ տնօրենը կազմակերպությանը տանում է այդ ուղղությամբ: Այս երկու պաշտոնները տարբեր գործառույթներ ունեն, պահանջում են տարբեր գիտելիքներ եւ հմտություններ եւ չի կարող հաջողել այն կազմակերպությունը, որտեղ երկու պաշտոնն էլ զբաղեցնում է նույն անձը:

– Դուք խոսեցիք գեղարվեստական ղեկավարության մասին, մինչդեռ արեւմտյան հեղինակավոր թատրոններում, մասնավորապես՝ օպերային, կա պաշտոնների, գործառույթների բաժանում ըստ գեղարվեստական ենթակառույցների…

– Տեսեք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում ամեն ինչ շատ պարզ է. կա նվագախումբ եւ գլխավոր դիրիժոր, ով նաեւ հանդիսանում է կազմակերպության գեղարվեստական ղեկավարը: Եվ կա տնօրեն, ով իրականացնում է Ֆիլհարմոնիկի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի կառավարումը: Թատերական կառույցները նույնպես այս մոդելն են կիրառում:

Իսկ օպերայի եւ բալետի թատրոնում շատ ավելի բարդ է: Եկեք նայենք աշխարհում ամենահայտնի թատրոնների կառավարման մոդելը, հիմնականում՝ եվրոպական եւ հետխորհրդային երկրներինը, կարող ենք նկատել օպերայի եւ բալետի ենթակառույցների առանձնացված գեղարվեստական կառավարում: Հիմնական բաժանումը կատարված է երաժշտական ղեկավար, երբեմն նաեւ՝ գլխավոր դիրիժոր-երաժշտական ղեկավար եւ բալետի գեղարվեստական ղեկավարների միջեւ: Հազվադեպ է հանդիպում «թատրոնի գեղարվեստական ղեկավար» ձեւակերպումը: Եվրոպական մեծ թատրոններից միայն «Լա Սկալա» թատրոնում կա գեղարվեստական ղեկավար, բայց դրա հետ մեկտեղ գործում են երաժշտական ղեկավարի եւ բալետի գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Մեր թատրոնի ծավալներին մոտ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը դեռ գոյություն ունի Էստոնիայի ազգային օպերային թատրոնում եւ Թբիլիսիի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Սակայն Թբիլիսիի թատրոնում բալետն ունի ոչ թե «բալետային խումբ» սահմանումը, այլ «Վրաստանի ազգային բալետ», որի գեղարվեստական ղեկավարն է հանրահայտ Նինա Անիանաշվիլին, ով ունի անկախ որոշումներ կայացնելու իրավունք:

«Գլխավոր բալետմայստեր» ձեւակերպումը իր գործառույթներով, որը կիրառվում է մեր թատրոնում, իսպառ բացակայում է որեւէ այլ երկրում:

– Եկեք վերադառնանք Հայաստան եւ ՊՈԱԿ-ի մասին մեր օրենքին: Ստացվում է, որ կազմակերպության գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը: Ինչով պետք է առաջնորդվի տնօրենն այս ընտրությունը կատարելիս:

– Առաջին հերթին թեկնածուն պետք է ներկայացնի առնվազն առաջին երեք տարիների գեղարվեստական ծրագիրը, որից պարզ է դառնալու, թե ուր է տանելու թատրոնը, ինչպես է ծրագիրը ծառայելու մշակույթի ոլորտի պետական քաղաքականության իրականացմանը, ինչպես է թատրոնի գործունեությունը նպատակաուղղվելու պետության եւ հասարակության հոգեւոր-մշակութային խնդիրների լուծմանը, ազգային նպատակի իրագործմանը, նոր սերնդի հոգեւոր-բարոյական կրթությանը, գեղագիտական ճաշակի ձեւավորմանը եւ դաստիարակությանը: Ինչպես անել, որ ստեղծենք այսօրվա մարտահրավերներին համապատասխանող եւ միջազգային հարթակներում մրցունակ խաղացանկ, որը կաջակցի արտիստների կատարողական հմտությունների բարելավմանը, ստեղծագործական անձնակազմի ներուժի բացահայտմանը, իրագործմանը եւ զարգացմանը, կհանդիսանա աշխարհին հայկական մշակութային ժառանգությունը, ժամանակակից ստեղծագործական միտքը եւ հայկականությունը ներկայացնելու լավագույն միջոց:

Պետք է համաձայնեք, որ Հայաստանը չի կարող դիրքավորվել աշխարհի քարտեզի վրա որպես հզոր տնտեսական կամ բարձր արդյունաբերական երկիր: Այո, կան համաշխարհային մակարդակի բարձր տեխնոլոգիաների հաջողված բրենդներ, բայց տեխնոլոգիան աշխարհում նույնն է. այն չի ներկայացնում Հայաստանը եւ հայկականը: Պատկերացրեք, որ հենց մշակութային կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարների, երաժշտական ղեկավարի եւ բալետի գեղարվեստական ղեկավարի ուսերին է ծանրացած մշակել ու իրագործել այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ մեր ուրույն տեղը կգրավենք աշխարհի քարտեզի վրա ու անփոխարինելի դերը կունենանք համամարդկային արժեհամակարգի զարգացման գործընթացում: Գեղարվեստական ղեկավարության ցանկացած ներկայացուցիչ պետք է ունենա մտածողի, ոչ թե կատարողի հատկանիշները: Միայն ճանաչված երգիչ, լավ պարող կամ բարձրարվեստ դերասան լինելը երաշխիք չէ գեղարվեստական ղեկավար դառնալու համար: Եթե այստեղ կրկին շփոթվենք, նորից հետ կմնանք աշխարհի զարգացումներից:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համաձայնվելով, հատկապես, ձեր վերջին մտքին, ավելացնեմ, որ ոլորտի զարգացման արդյունավետ քաղաքականություն համար գեղ. ղեկավարը պետք է ծանոթ լինի և հաշվի առնի ,նաև, տվյալ հասարակության հոգեբանությունը, ավանդույթները, մտածողությանը: Մեր օպերային թատրոնը, կարծեմ թե, աշխարհում միակն է, որ գործում է միատար հասարակության միջավայրում և այն ունի Ազգայինի կարգավիճակ, մինչդեռ, տարված լինելով եվրոպական դասականներով, հայկական ներկայացումներ համարիա թե չունենք: Այս հարցը, կարծում եմ, առաջնահերթ է և կարիք ունի արագ լուծման …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031