Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել ցեղասպանությունները կանխարգելու և մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն

Հուլիս 20,2021 23:57

«Ամերիկայի ձայն».   ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր երկրի գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին ու ամերիկահայ շրջանակներին դեսպան Ներսիսյանի՝ ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսիսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես ղարաբաղյան պատերազմի օրերին: Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ մասնակցել է դեսպան Ներսիսյանի դիվանագիտական առաքելության ավարտի առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում կոնգրեսական Սփիեռը շեշտել է՝ մեծ ջանքեր են գործադրվել ամերիկյան օժանդակության ապահովման ուղղությամբ: Հպարտ եմ ասել, որ ձեր օժանդակությամբ ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումն ականազերծման և մարդասիրական օգնության համար: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

«Վերջապես, ավելի քան մեկ դար անց Միացյալ Նահանգները՝ ի դեմս Կոնգրեսի և ԱՄՆ նախագահի, նպատակահարմար գտան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի ուղղությամբ հայությունը մեծ ջանքեր է գործադրել երկար ժամանակ»,- հայտարարեց կոնգրեսական Սփիեռը:

Ընդունելության բազմաթիվ հյուրերի շրջանում էին նաև ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի ներկայացուցիչները: Փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Արմստրոնգն իր խոսքում բարձր է գնահատել դեսպանի ու ՀՀ դիվանագիտական առաքելության գործունեությունն՝ առանձնահատուկ նշելով Ներսիսյանի աջակցությունն ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ: Մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա ցավալի է, շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով իր խոսքում նաև պետքարտուղարության անունից ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին անցած տարվա պատերազմի զոհերի կապակցությամբ:

«Մեր երկու երկրները համատեղ աշխատում են և կարող են աշխատել աշխարհում ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ասպարեզներում»,- հայտարարել է Ջոն Արմսթրոնգը:

1991 թ.-ին Հայաստանի անկախության վերածնունդից ի վեր, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները եղել են մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, իր խոսքում ասել է դեսպան Վարուժան Ներսիսյանը:

«Հարյուր տարի առաջ այստեղ՝ Վաշինգտոնում գործում էր Հայաստանի դեսպանությունը: Արմեն Գարոն, ում կիսանդրին դուք տեսաք այս շենք մտնելիս, Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին դեսպանն էր, ով նույնպես, ինչպես ես, առերեսվել է պատերազմի և արտաքին ագրեսիայի իրականությանը: Հարյուր տարվա վաղեմության իրադարձությունները գրեթե նույնությամբ կրկնվեցին 2020 թ-ին»,- նշեց դեսպան Ներսիսյանը:

Ըստ Ներսիսյանի՝ երկու ազգերը սերտորեն համագործակցել են բազում ոլորտներում՝ ներառյալ տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումն ու խաղաղապահ առաքելությունը: Նա ընդգծում է՝ ԱՄՆ-ի ու ՀՀ միջև առկա է առանձնահատուկ կապ՝ հիմնված ընդհանուր արժեքների, կայուն բարեկամության և հավատարիմ փոխվստահության վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031