jnews.ge. Վրաստանը «նարնջագույնից» անցավ կորոնավիրուսի տարածման, այսպես կոչված «կարմիր» գոտի: Գրադացիան հաստատել է Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանը, որը 2020 թվականից ի վեր միջազգային վիճակագրություն է հրապարակում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:
Այս մասին այսօր՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Երկրի գլխավոր համաճարակաբանը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել, քանի որ դա համաճարակային իրավիճակի վատթարացումից խուսափելու միակ միջոցն է:
Նա հիշեցրել է, որ Վրաստանն այս պահին ունի ավելի քան 1,5 միլիոն դեղաչափ չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերը, և ևս 43 հազար՝ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութը, որն օգտագործվում է նրանց համար, ովքեր պիտի պատվաստվեն այս պատվաստանյութի երկրորդ դեղաչափով:
Կարդացեք նաև
COVAX կառույցից ևս 1,3 միլիոն դեղաչափ պատվաստանյութ և լրացուցիչ մեկ միլիոն դեղաչափ Pfaizer-ի պատվաստանյութ է սպասվում, որոնք փուլ առ փուլ կմատակարարվեն հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Վրաստանը ևս կես միլիոն դեղաչափ կստանա նվեր մի քանի պետություններից:
Մեկ անգամ պատվաստված քաղաքացիների շրջանում վարակման դեպքերը, ըստ Գամկղրելիձեի՝ 0,8% են կազմում, իսկ երկու անգամ պատվաստվածների շրջանում` 0,3%:
Երկու դեղաչափով պատվաստվածներից հուլիսի 5-ի դրությամբ ոչ մի մահվան դեպք չի գրանցվել, իսկ պատվաստման սկզբից մեկ դեղաչափով պատվաստվածների շրջանում գրանցվել է 12 նման դեպք:
Մասնագետներն ուսումնասիրում են նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների երկու մահվան դեպքերը, որոնք պատվաստվել են չինական Sinopharm պատվաստանյութի երկու դեղաչափով:
Հուլիսի 20-ի դրությամբ, Վրաստանում պատվաստման ամբողջական կուրսն անցել է 113 895 մարդ (բնակչության մոտ 1%-ը):
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 2 616 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուս է ախտորոշվել 390 945 հազար մարդու մոտ: