Գորիսի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցը փոխվել է։ «Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։
Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը եւ հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, եւ գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Լուսինե Ավետյանը կալանավորվել էր հուլիսի 8-ին: Ըստ քրեական գործի նյութեր, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Բացի դրանից, Ավետյանը սոցիալական եւ առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով, 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին եւ նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին եւ կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Կարդացեք նաև
Ի դեպ, Լուսինե Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ, որից հետո որոշում կայացվեց կալանավորել Առուշանյանին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ